«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մինսկի խմբի վիճակը – դե ֆակտո

14/09/2022

Հայաստանի համար աղետալի  նոր ռազմական բախումը կրկին ուղեկցվեց դիրքային  կորուստներով և բազմաթիվ զոհերով: Այն հետևանք է կոնկրետ  իրողությունների, որոնց լուծման ուղղությամբ հետպատերազմյան երկու տարիների ընթացքում հակամարտության կողմերը ոչ մի սանտիմետր առաջ չեն գնացել: Միաժամանակ, ներկա ռազմական էսկալացիան հետևանք է նաև հակամարտության կարգավորման միջազգային միջնորդական առաքելության անհասկանալի և անարդյունավետ գոյության:
Մինսկի խումբը և նրա համանախագահությունը, որպես միջազգային միջնորդ առաքելություն, դե յուրե լուծարված չէ, դե ֆակտո մերժման վկայագիր է ստացել Մոսկվայից և Բաքվից, բուժման և վերակենդանացման  կուրսեր է անցնում Բրյուսելում և Վաշինգտոնում:  1992թ.-ին ԵԱՀԿ շրջանակներում ստեղծված այս խումբը, ի սկզբանե, իմ կարծիքով, անտրամաբանական կազմ ուներ: Ինչ էր ակնկալվում, որ կգա մի պահ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը առաջարկվող ինչ որ մի փոխզիջումային տարբերակի շուրջ համաձայնության կգան և հակամարտությունը կկարգավորվի: Այդ տարբերակը այդպես էլ չգտնվեց: Իհարկե, այդ ուներ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Կարող ենք նույնիսկ առանձնացնել հայկական և ադրբեջանական կողմերի դիրքորոշումները, որոնք չնպաստեցին համաձայնության կայացմանը: Բայց իմ համոզմամբ, հակամարտության կարգավորման ֆիասկոն հետևանք էր նաև միջազգային միջնորդական առաքելության անդամ պետությունների  և համանախագահության կազմման աննպատակահարմար և անտրամաբանական ընտրության: Միջազգային միջնորդական առաքելությունների կազմման ժամանակ, կա մի պարզ և հասկանալի սկզբունք: Միջնորդները պետք է լինեն բացառապես չեզոք, բացառապես անկողմնակալ և հակամարտող կողմերից և ոչ մեկի հետ չպետք է ունենան ընդհանուր շահեր/տնտեսական, ռազմաքաղաքական և այլն: Հիմա ինչ է ստացվում, Մինսկի խմբի անդամ պետությունները հակամարտող կողմերի նկատմամբ ոչ չեզոք են, ոչ էլ անկողմնակալ և հարավկովկասյան տարածաշրջանում ունեն շատ ուժեղ և կայուն շահեր: 
Երեսուն տարվա ընթացքում լուծման տարբերակների մեջ հստակ երևում է ռուսական և արևմտյան շահերի ականջները: Եթե նույնիսկ ես սխալվում եմ, կամ ճիշտ չեմ գնահատում Մինսկի խմբի հնարավորությունները և տեսականորեն ընդունենք այն իրողությունը, որ ինչ որ պահի   ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ԵՄ-ի/հանձինս Ֆրանսիայի շահերը կարող էին մեկտեղվել և հակամարտության լուծումը  ընդունելի կլիներ Բաքվի և Երևանի/Ստեփանակերտի համար: Դրանից հետո պետք է գումարվեր Մինսկի կոնֆերանսը, որտեղ արդեն առաջարկվող լուծումը պետք է համընկներ նաև այնտեղ պաշտոնապես ընդգրկված ևս մի քանի պետությունների շահերին (այստեղ էին նաև Իրանը և Թուրքիան) և հակամարտությունը վերջնականորեն կարգավորվեր: Ինչպես տեսնում ենք նույնիսկ տեսականորեն այս գործընթացը պատկերացնելը միամտություն է, նույնիսկ ծիծաղելի: Հակամարտության միջազգայնացումը նման ձևաչափով կազմված միջնորդական առաքելությամբ, պարզ է որ հաջողվելու շանս չուներ, այն պարզապես հնարավոր չէր: Ես ավելի ընդունելի կհամարեի ասիական, լատինա-ամերիկյան կամ էլ նույնիսկ աֆրիկյան երեք պետության միջնորդական առաքելությունը, քան Մինսկի եռանախագահությունը, որի երկու անդամները ներկա պահին բացահայտ պատերազմի մեջ են մեկը մյուսի դեմ և ըստ էության երկրորդ աշխարհամարտից հետո միշտ գտնվել են բախվող աշխարհաքաղաքական բլոկներում: Ինչպես մեկ ու կես դար առաջ միջազգայնացրին հայկական հարցը և ,,լուծեցին,, ցեղասպանությամբ, այնպես էլ միջազգայնացրին ղարաբաղյան հակամարտությունը, որի աղետալի ,,լուծումները,, դեռ շարունակվում են: Իհարկե հեշտ է տարիների հեռվից քննադատել հայկական իշխանություններին, որոնք ընդունեցին այս միջազգային միջնորդությունը, դժվարանում եմ ասել, չհասկացան թե այլ ելք չունեին:
Մի քանի դիտարկումներ Մինսկի խմբի շուրջ վերջին զարգացումներից: 2022 ի  հունիս 24-ին Լավրովը Բաքվում Հարավային Կովկասին խաղաղության հույս տվեց: Քանի որ նա մինչ այդ եղել էր Թեհրանում, Անկարայում  և Երևանում, այս հույսը լուրջ ընդունվեց:   Նա ազդարարեց նաև Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու հայկական կողմի պատրաստակամությունը: Այդ ժամանակ արդեն իրավիճակը հայ — ադրբեջանական սահմանին  լրջորեն սրվել էր, կողմերը շարունակում են դոփել մեկ տեղում, լավատեսության հիմքերը որոնք էին, պարզ չդարձավ։  Ադրբեջանական իշխանությունները հայտարարեցին, որ հույս ունեն, որ Մոսկվան կկարողանա ակտիվ ջանքեր գործադրել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար։ Ինչ առաջարկներով էր Լավրովը ժամանել Բաքու, չհստակեցվեց: Երևանում նա հայտարարել էր, ինչ որ հատուկ ռեժիմով ճանապարհ բացելու մասին, բայց  մոտ ժամանակներս ինչ փոփոխություններ պետք է սպասել Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, չպարզաբանվեց: 
Առավել հստակ էր, որ Բաքվում Մինսկի խմբի ապալեգիտամացման շուրջ Ալիևի հետ համաձայնության են եկել: Լավրովը հայտարարեց, որ մենք, սկզբունքորեն, Մինսկի խումբը որպես այդպիսին չենք քննարկել, քանի որ այն դադարեցրել է իր գործունեությունը ամերիկացի և ֆրանսիացի մասնակիցների նախաձեռնությամբ։ Նշվեց, որ հետկոնֆլիկտային կարգավորման նոր գործընթացների հիմքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններն են։ Հիշեցնեմ, որ այս տարվա ապրիլին իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում ռուսական դիվանագիտության ղեկավարը հայտնեց, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան հրաժարվել են ոչ բարեկամ Ռուսաստանի հետ համագործակցել նման ձևաչափով: Հակառակ դրան, ամերիկացի և ֆրանսիացի ներկայացուցիչները պաշտոնական այցով ժամանում են Երևան և ընդգծում տարածաշրջանում խաղաղությանն աջակցելու պատրաստակամությունը: Նման իրավիճակը աններդաշնակություն է ստեղծում հասարակության մեջ և բազմաթիվ հարցեր է առաջացնում: Հավատալով նրանց, հայ հասարակության որոշ հատվածներ արտահայտեցին իրենց վրդովմունքը, պահանջելով վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափին: Նրանց խոսքով, Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունը և "եռյակի" ձևաչափով աշխատելու Մոսկվայի մերժումը վնասում են հակամարտության հետագա խաղաղ կարգավորմանը:
Ադրբեջանական կողմին Լավրովի  հայտարարություններն ավելի քան ձեռնտու են։ Բաքուն առաջին տարին չէ, որ առարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, և նույնիսկ դրա վերածննդի մասին լուրերը հակազդեցություն են առաջացնում ադրբեջանական իշխանությունների մոտ: Բաքվում ելույթ ունենալով IX գլոբալ համաժողովում ՝ Ալիևը հասցրել է նույնիսկ ընդմիշտ հրաժեշտ տալ "եռյակին"։ Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, նա ասաց, որ այդ ինստիտուտը կորցրել է իր նշանակությունը, ապացուցել է իր անարդյունավետությունը: Նույն հռետորաբանությամբ է խոսում Բայրամովը: Մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը, նա ընդգծել է, որ Ղարաբաղում երկրորդ պատերազմից հետո համանախագահներին հրավիրել են Բաքու, որպեսզի հետաքրքրվեն նրանց հետագա աշխատանքի տեսլականով, քանի որ նրանց գործունեության բոլոր տարրերը "գտել են իրենց լուծումը": Սակայն, ըստ ադրբեջանցի նախարարի, ոչ մի գործուն առաջարկ Բաքուն չի ստացել, իսկ "խաղաղ գործընթացը չի կարող լինել ձևաչափի պատանդը":
Փաստացիորեն Մինսկի խմբի հարցով հայկական դիվանագիտությունը հայտնվել է ռուս-ադրբեջանական միասնական դիրքորոշման դեմ միայնակ: Այստեղից էլ ծնվեց Ալիևի առավել կոշտ և համարձակ դիվանագիտական-քաղաքական քայլերը, հարկադրելու Փաշինյանին գնալու զիջումների ճանապարհով:
Մինսկի խմբի ապալեգիտիմացման ռուս-ադրբեջանական դիրքորոշմանը Արևմուտքը փորձեց շրջանցել նոր ձևաչափին ընթացք տալով: Դա հիմա անվանում են Բրյուսելյան գործընթաց, որի նպատակը հակամարտության մոդերատորության խլումն է ռուսների ձեռքից:  Հարավային Կովկասում իր դերն ուժեղացնելու Բրյուսելի ջանքերի մասին խոսելով Բաքվում Լավրովը արտահայտեց իր զայրույթը։ Վերջին կես տարվա ընթացքում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ արդեն երեք հանդիպում է կայացել Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Հնարավոր է, հենց Բրյուսելի այդ միջամտությունն է ակտիվացրել ռուսական միջնորդությունը և պայքարը խաղաղ գործընթացում առանցքային դերի համար։
Ադրբեջանցիները  գոհունակությամբ էին նշում Բաքվում բանակցությունների արդյունքները։ Նրանք ուշադրություն են դարձրել նույնիսկ ռուս նախարարի կողմից օգտագործվող տերմինաբանությանը։ Լավրովը տարածքը համարում է Ղարաբաղ, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղ, ինչպես նախընտրում է հայկական կողմը։ Եվ դա հանգեցնում էր այն մտքին, որ մոտ ժամանակներս կարելի է ինչ-որ կոնկրետ լուծումներ ակնկալել առկա հարցերի խաղաղ լուծման ճանապարհին։
Եզրակացությունը մեկն է. Միջազգային միջնորդական առաքելության անգործունակությունը արձակել է Ալիևի ձեռքերը և հաստատ Էրդողանի հավանությամբ և քաջալերանքով:

Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի քաղաքական վերլուծաբան, ք․ գ․ դ․, պրոֆեսոր  Գարիկ Քեռյան  

Generalnews.am