«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ իշխանությունները դժգոհ են ռուսական երաշխիքներից, սակայն պարզվեց՝ Արևմուտքը որևէ երաշխիք պատրաստ չէ տալ Երևանին ոչ մի հարցում․ Տարասով

23/05/2023

Մի քանի ժամ տևած հերթական մամուլի ասուլիսի ու հակասական մտքերի տարափի ընթացքում երեկ Նիկոլ Փաշինյանը շարունակեց հանրությանը «նախապատրաստել» սպասվող, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի պայմաններին՝ կրկին անվստահություն հայտնելով, որ խաղաղությունը կհաջողվի, սակայն ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը։

Սա, թերևս, առաջին անգամն էր, երբ Փաշինյանը հայտարարեց, որ իր կողմից ճանաչած Ադրբեջանի 86․600 քկմ տարածքի մեջ մտնում է նաև Արցախը, սակայն կրկին խոսեց ինչ-որ անհասկանալի Բաքու-Ստեփանակերտ անիրական երկխոսության և Արցախի ժողովրդի անվտանգության ու իրավունքների վերաբերյալ։ Չնայած սրան, զուգահեռ էլ խոստովանեց, որ Ադրբեջանն իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն։

Փաշինյանի անընդհատ միմյանց հակասող մտքերը, սակայն, դրանց վրա հիմնված որոշումները նոր տագնապալի զարգացումների կանխատեսումների առիթ են տալիս։ Երեկվա ասուլիսի ընթացքում նաև պարզ դարձավ, որ, այսպես կոչված, Հայաստան-Ադրբեջան «խաղաղության գործընթացն» անտեր է, չունի որևէ միջազգային երաշխավոր։

Փաշինյանը մասնավորապես ասաց, թե պետք է ուրախությամբ ընդգծի, որ այդ թեմայով էլ ըմբռնման որոշակի փոփոխություն կա. «Երաշխավորը, եկեք՝ պայմանական ասենք, որովհետև բանակցային գործընթացի ընթացքում ֆունկցիան նկարագրող այլ տերմիններ նույնպես առաջարկվել են, բայց եկեք՝ մեր ընկալումը շարունակենք պարզաբանել. Երաշխավոր լինելը այսպիսի բարդ տարածաշրջանում, նախ և առաջ, շատ մեծ պատասխանատվություն է, որը շղթայական և՛ հնարավորություններ կարող է առաջացնել երկրների համար, և՛ ռիսկեր, և՛ կարող է հեղինակությունը բարձրացնել, և՛ կարող է հեղինակությանը լրջորեն վնասել:
Այս առումով, այնպես չէ, որ բոլորը խանդավառված են և ուզում են իրար հերթ չտալով՝ այդ դերը ստանձնել: Բայց, միևնույն ժամանակ, եթե միջազգային հանրությունը արձանագրի, որ կողմերի միջև իսկապես անկեղծ ցանկություն կա՝ տևական խաղաղություն հաստատելու, ես կարծում եմ, որ կլինեն երկրներ և կազմակերպություններ, սկսած՝ առանձին երկրներից, ավարտած ՄԱԿ ԱԽ-ով, որ ոչ թե կցանկանան, այլ կհամաձայնեն ստանձնել այդ գործառույթը: Ես ընդամենը տպավորություն եմ կիսում ձեզ հետ՝ այս պահին իմ ունեցած քննարկումների հիման վրա»:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն անընդհատ զիջումների անում է, սակայն որևէ ուղղությամբ չունի վստահություն, որ լինելու է արդյունք։ Այդ մասին նա ուղիղ խոստովանում է, սակայն ընթանում է այդ օրակարգի ուղղությամբ։

Հարց է առաջանում, թե ինչո՞ւ երաշխավորը չի հայտնվում հենց սկզբում և պետք է հայտնվի գործընթացի ավարտից հետո, կամ՝ արդյո՞ք այդ ժամանակ հայտնվելիք, այսպես կոչված, երաշխավորի կարիքը կունենա Հայաստանի Հանրապետությունը և Արցախը։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը տարակուսանքով նշեց՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ չկան արևմտյան երաշխավորներ։

«Եթե մեկը դժգոհ է այն երաշխիքներից, որոնք տասնամյակներ շարունակ տրամադրել են Հայաստանին Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը, այսօր դժգոհ է այդ մեխանիզմից, խաղում է Արևմուտքում, սակայն այնտեղից նույնիսկ որևէ երաշխավորության խոստում չունի, սակայն բավարարվում և համակերպվում է այդ իրավիճակի հետ, ավելին՝ շարժվում այդ ուղղությամբ։ Այստեղ շատ հարցեր կան»,- ասաց նա։

Մյուս կողմից՝ ըստ Տարասովի, ակնհայտ էր, որ ԵՄ-ն դա չի անելու, ԱՄՆ-ը երկար ժամանակ չարձագանքեց ՀՀ հորդորներին, և Հայաստանի հույսն այն է, որ ինչ-որ փաստաթղթի ստորագրումից հետո Արևմուտքի հովանու ներքո՝ Արևմուտքը «տեր կկանգնի» դրան։

«Ի՞նչ մեխանիզմներով՝ ինձ համար անհասկանալի է, քանի որ այդ երաշխիքները վաղուց կարող էին լինել, սակայն չկան, դրանից խուսափում են, պատասխանատվությունից խուսափում են, սակայն շատ են ցանկանում, որ ռուսներն այդտեղից դուրս գան։ Իհարկե, պետք է խոստովանել, որ երաշխավորների բացակայությունն աշխարհում ներկայումս առկա խորը տուրբուլենտության հետևանք է, հենց այդ պատճառով նաև ՌԴ-ն այսօր այլ դիրքերում է, Արևմուտքը չի շտապում տալ խոստումներ, ազդեցության գոտիները վերջնական բաժանված չեն։ Զուգահեռաբար՝ Արևմուտքը չի ցանկանում մեծ ջանքեր թափել, նախընտրում է, որպեսզի կողմերն իրենք, ինչպես կարողանում են, լուծեն իրենց հարցերը, և գուցե հետո իսկապես Արևմուտքը որոշի տեր կանգնել այդ իրավիճակին՝ առանց այն անձամբ ձևավորելու»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի պնդումներին՝ Տարասովն ասաց, որ ՀԱՊԿ-ը դուրս չի գալիս Հայաստանից, այլ ամեն բան գնում, ուղղորդվում է այն ուղղությամբ, որ ՀՀ-ն դուրս գա ՀԱՊԿ-ից, այդ մասին եղավ արդեն ուղիղ ակնարկ։ «Կարծում եմ՝ ավելի ճիշտ է ձևակերպումները ճիշտ անել։ ՀԱՊԿ-ը որևէ տեղ չի եղել ու չի հեռանում, ՀԱՊԿ-ը մշտապես նույն կառույցն է եղել, այսօր ավելի մեծ խնդիրներով և այսօր հատկապես բազմաթիվ առաջարկներով դիմել է Երևանին ու մերժվել։ Բայց սա դանդաղ գործընթաց է, Երևանում կտրուկ քայլերի չեն գնա՝ վստահ չլինելով, որ աշխարհաքաղաքական իրավիճակը հարմար է, իսկ այս օրերին տեսնում եք ՌԴ ԶՈՒ հաղթանակներն Ուկրաինայում։ Այնպես որ՝ իրավիճակը շատ արագ կարող է արմատապես փոխվել, և ՌԴ-ն այդ իրավիճակում լիովին այլ կերպ կգործի»,- ասաց նա։