Պետական սուբսիդավորման արդյունքում պաշտպանիչ դիմակները կվաճառվեն 100 դրամով. Տեղեկատվական շտաբ
<p>Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետությունում Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը։ «Ինչպես գիտեք, հունիսի 15-ից պարետի որոշմամբ դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում` բացառությամբ բնակելի տարածքից և հանրային սննդի օբյեկտներից (վերջին բացառությունը վերաբերում է միայն հաճախորդներին), թաղման միջոցառումների ժամանակ, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում: Հաշվի առնելով, որ կորոնավիրուսից պաշտպանվելու այս գլխավոր միջոցը ձեռքբերելը մեր շատ համերկրացիների շրջանում հնարավոր է՝ որոշ դժվարություններ առաջացնի, Արցախի Հանրապետության Պարետատունը, կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ գործողությունների շրջանակներում, նախաձեռնել է պաշտպանիչ դիմակների ձեռքբերման, պահեստավորման և այն մատչելի գնով քաղաքացիներին տրամադրելու գործընթաց: Մասնավորապես, ձեռքբերվող դիմակների գնի սուբսիդավորման արդյունքում՝ շուկայում վաճառվող մինչև 250 դրամ շուկայական միջին արժեք ունեցող դիմակը մեր համերկրացիներին առաջարկվում է 100 դրամով: Հավելենք, որ դիմակները բժշկական են և եռաշետ, բարձր որակի՝ հապատասխան բժշկական ստանդարտներին: Պաշտպանիչ դիմակները կարելի է ձեռքբերել փոստային կապի ազգային օպերատորի՝ «Արցախփոստ» ընկերության բաժանմունքներից, հենակետերից և շրջանային մասնաճյուղերից: Չարաշահումներ չթույլատրելու համար յուրաքանչյուր քաղաքացու միաժամանակ կվաճառվի ոչ ավել, քան 50 դիմակ (1 տուփ): Տեղեկացնենք նաև, որ այս պահին հանրապետությունում պահեստավորված է անհրաժեշտ քանակության դիմակ և ախտահանիչ նյութեր: Եղեք առողջ և իրազեկ Շնորհակալություն Պարետի որոշումներին և ցուցումների հետևելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:</p> <p> </p> <p> </p> <p>Նյութը` Artsakhpress</p>