«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել միջոցներ ձեռնարկել՝ Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար. Բորել

31/01/2023

2022 թ. դեկտեմբերի սկզբից Եվրոպական Միությունն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և դրանց մարդասիրական հետևանքներին։ Այս մասին նշված է Եվրախորհրդարանի պատգամավոր Ասսիտա Կանկոյի պաշտոնական հարցմանը ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզոպ Բորելի պատասխանում:

«ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել իր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկել՝ միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորությունների»,- նշված է փաստաթղթում:

Նշվում է, որ Բորելը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը սերտ կապի մեջ է երկու կողմերի հետ։

Պատասխանում անդրադարձ է կատարվում 2022 թ. Հայաստանում երկու ամսով ԵՄ առաքելության տեղակայմանը և այժմ ԵՄ քաղաքացիական նոր առաքելության տեղակայմանը երկու տարով՝ Հայաստանի դիմումի համաձայն:

«Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և պայմաններ ապահովել, որոնք կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնց աջակցում է ԵՄ-ն»,- ասված է փաստաթղթում:

Անդրադառնալով հարցման մեջ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառման վերաբերյալ հարցին՝ նշվել է. «Պատժամիջոցները ԵՄ-ի ընդամենը մեկ գործիք են ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության նպատակների առաջմղման համար և այս դեպքում չեն դիտարկվում»։