«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արմեն Ջիգարխանյանի կենսագրությունը. ԿԳՄՍ

14/11/2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 85 տարեկանում նոյեմբերի 14-ին կյանքից հեռացել է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Բորիսի Ջիգարխանյանը։

Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևան քաղաքում։ Անվանի դերասանը սերում է թիֆլիսահայ հնագույն սերունդից:

Ջիգարխանյանը մեծացել է ռուսալեզու միջավայրում, սովորել է ռուսական դպրոցում և միևնույն տքնաջանությամբ տիրապետել է հայկական և ռուսական մշակույթի այբուբենին։

Դպրոցական տարիներին հրապուրվում է թատրոնով և կինոյով, իսկ դպրոցն ավարտելուց հետո (1952 թվական) ուղևորվում է Մոսկվա և փորձում ընդունվել ԳԻՏԻՍ (ռուս.՝ ГИТИС - государственный институт театрального искусства), սակայն անհաջող։ Վերադառնալով Երևան՝ Արմեն Ջիգարխանյանն աշխատանքի է ընդունվում «Հայֆիլմ» կինոընկերությունում՝ որպես օպերատորի օգնական։ 1953-1954 թվականներին Ջիգարխանյանն աշխատել է «Հայֆիլմ»-ում որպես օպերատորի օգնական։

1954 թվականին նա ընդունվում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ։

Առաջին անգամ դերասանը բեմ է դուրս գալիս 1955 թվականի հունվարին՝ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Վ. Գուսևի «Իվան Ռիբակով» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ։

1967 թվականին Անատոլի Էֆրոսը դերասանին հրավիրում է Մոսկվայի Լենինյան կոմսոմոլի անվան թատրոն, իսկ 1969 թվականին Ջիգարխանյանը սկսում է խաղալ Անդրեյ Գոնչարովի մոտ Մոսկվայի Վ. Մայակովսկու անվան թատրոնում։

Կինոյում դերասանը իր նորամուտը նշում է 1960 թվականին «Փլուզում» ֆիլմում Հակոբի դերակատարմամբ, իսկ հանրաճանաչություն Արմեն Ջիգարխանյանին բերեց նրա լավագույն դերակատարումներից մեկը՝ երիտասարդ գիտնական-ֆիզիկ Արտյոմ Մանվելյանի դերը Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմում:

Ջիգարխանյանը կերտել է այնպիսի դերեր, ինչպիսիք են դարբին վարպետ Մուկուչը «Եռանկյունի»-ում, Լևոն Պողոսյանը «Երբ գալիս է սեպտեմբերը» դրամայում, շտաբս կապիտան Օվեչկինը Էդմոնդ Քեոսայանի հանրահայտ «Անորսալիների նոր արկածները» ֆիլմում, չեկիստ Արտուզովը «Տրեստ օպերացիան» հեռուստատեսային ֆիլմում, էսսեր Պռոշյանը «Հուլիսի վեցը» պատմական ֆիլմում, Միխայիլ Ստիշնոյը «Փոքրիկ կռունկ» ֆիլմում։ Բացասական կերպարի դերակատարումներից հանդիսատեսի մոտ առավել հիշարժան է «Սև կատու» ավազակախմբի կուզիկ պարագլուխ Կարպի դերակատարումը «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմում։

Ընդհանուր առմամբ Ջիգարխանյանը խաղացել է մոտ երկու հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։ Նրա հաշվին են դասվում բազմաբովանդակ դերեր լավագույն ռուսական և խորհրդային ռեժիսորների ֆիլմերում, տարբեր ժանրերի ժապավեններում, կատակերգական և արկածային կինոնկարներում, դրամաներում և երաժշտական ֆիլմերում։

1991 թվականից մինչև 1996 թվականը, որպես պրոֆեսոր, դերասանական վարպետության դասեր է դասավանդել ՎԳԻԿ-ում (ռուս.՝ ВГИК - Всероссийский государственный институт кинематографии)։ 1996 թվականին իր կուրսի հիմքով ստեղծում է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոնը։

Խորհրդային մշակույթի զարգացման գործում մեծ ավանդի համար Արմեն Ջիգարխանյանը արժանացել է «ԽՍՀՄ Ժողովրդական դերասան»-ի պատվավոր կոչմանը և պարգևատրվել է կառավարական շքանշաններով։

Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան (ավելի քան 250 դերակատարում կինո և հեռուստաֆիլմերում)։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի արվեստագետի հարազատներին, ընկերներին, գործընկերներին, նրա արվեստի երկրպագուներին: