«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԻՍԼԱՄԻՍՏԱԿԱՆ «ՍՈՒԼԹԱՆ ՄՈՒՐԱԴ» ՋՈԿԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԵՐԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ․ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դոցենտ, Բ․Գ․Թ․, Ռուբեն Միրաքյան, մագիստրանտ՝ Հարություն Մաթևոսյան

07/09/2021

Ներածություն

Վերջին տարիներին Կովկասյան տարածաշրջանում նկատվում է սուննի իսլամական արմատական, մասնավորապես ծայրահեղ արմատական տրամադրությունների աճ: Իսլամում ծայրահեղականության վերաբերյալ որևէ հստակ բնորոշում կամ սահմանում չկա։ Սակայն, ընդհանուր եզրակացությունն այն է, որ արմատականությունը քաղաքական իշխանություն ձեռք բերելու, քաղաքական գործընթացների վրա ազդելու գործիքներից մեկն է։ Կովկասում իսլամական ծայրահեղ արմատականության (ֆունդամենտալիզմ) դրսևորման պատճառներից են՝ կրոնական համընդհանուր անհանդուրժողականությունը, միջքաղաքակրթական լարվածությունը, մուսուլմանական հանրույթի ներքին կյանքում և արտաքին հարաբերություններում այս կամ այն խնդիրների լուծման համար բռնի գործողությունները և այլն: Սրան գումարած մուսուլմանական երկրներում և աշխարհի մուսուլմանաբնակ հատվածներում աճող ճգնաժամերը, որոնք ուղեկցվում են այնպիսի իրողություններով, ինչպիսիք են՝ գործազրկությունը (հատկապես երիտասարդների շրջանում), ծնելիության բարձր մակարդակը, առողջապահական ծառայությունների ցածր մակարդակը, հանցագործության աճն ու չարաշահումները, պարարտ հող են ստեղծում իսլամական ծայրահեղ արմատական գաղափարների տարածման համար, որոնք փորձում են փոխել հասարակական-քաղաքական առկա կարգերը: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Կովկասում ձևավորված որոշ պետական միավորումների կողմից արմատականության աջակցությունը թե՜ ֆինանսապես և թե՜ գաղափարական առումով հանգեցրեց արմատական գաղափարների տարածմանը նաև Կովկասում։ Իսլամական ծայրահեղ արմատականության տարածմանը նպաստող գործոններից դարձավ նաև մուսուլմանական աշխարհում նկատվող ռազմական բախումները, էթնիկ-դավանական հողի վրա տարածաշրջանային հաճախադեպ հակամարտությունները, որոնց նույնպես մասնակից են իսլամական ծայրահեղ արմատական կառույցները: Ակնհայտ է, որ Կովկասյան տարածաշրջանում իսլամական արմատականությունը մուտք է գործում կենսագործունեության տարբեր միջավայրներ, և պարզ է դառնում, որ սրանում ավելի ակտիվ են այն մուսուլմանները, որոնք որոշակի լուծումները դիտարկում են կրոնական դոգմաների մեջ։ Ղուրանին և Սուննային տառացի հետևելու քարոզից զատ՝ իսլամական ծայրահեղ արմատական գաղափարախոսները ցուցաբերում են սուբյեկտիվ և իրենց շահերից բխող մոտեցումներ այս կամ այն դրույթները մեկնաբանելիս: Դա հնարավորություն է ընձեռում իսլամականներին խարխլել Կովկասում ազդեցիկ դիրքեր ունեցող այսպես կոչված «ավանդական» իսլամի ազդեցիկությունը, կամայականորեն մեկնաբանել սուրբ տեքստերում առկա դրույթները, «արդիականացնել» դրանք, «մաքրազերծել» միստիկական տարրերից և տեղական ավանդույթներից։ Սա իր հերթին բերում է նաև իսլամի տարբեր ճյուղերի (սուննիական կրոնա-իրավական դպրոցներ (մազհաբներ)) հետևորդների միջև հակասությունների։

 Տարածաշրջանային անկայունությունը (Չեչենական պատերազմներ, Ղարաբաղյան հակամարտություն և այլն) պարարտ հող է դարձել իսլամական արմատականության համար՝ զինյալների հավաքագրման և ջիհադական պայքար իրականացնելու առումով: Ջիհադական պայքարը ևս չունի որևէ հստակ ձևակերպում, ուստի, տարբեր կրոնաքաղաքական կենտրոններ փորձել են տարբեր կերպ մեկնաբանել ջիհադի գաղափարը, սակայն մենք կարող ենք առանձնացնել ջիհադական պայքարի երեք հիմնական մոտեցումներ՝

1. Ժամանակակից բոլոր իսլամական արմատական հոսանքներն ընդունում են «ջիհադի» ռազմական բնույթը, այսինքն` բռնի ուժով Աստծո ճանապարհին տարվող պայքարը:

2. Պայքարն ընթանում է անհավատների դեմ, ինչպես ոչ մուսուլմանների, այնպես էլ իսլամական արմատական գաղափարները չկիսող մուսուլմանների դեմ:

3. Պայքարի նպատակը մուսուլմանական ումմայի վերահաստատումն է:

Ահա այս երեք մոտեցումների հիմքով էլ սկիզբ դրվեց տարբեր ծայրահեղական  խմբավորումների ձևավորմանը, որոնք արդեն 21-րդ երկրորդ տասնամյակում սկսեցին լուրջ սպառնալիք հանդիսացան ողջ տարածաշրջանի համար։ Իսլամականները ներքաշված են ջիհադական ակտիվ պայքարի մեջ ինչպես Կովկասում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Մերձավոր Արևելքում կռվող օտարերկրացի իսլամականների զգալի հատվածը սերում է հենց Կովկասյան տարածաշրջանից: Ակնհայտ է, որ 21-րդ դարի սկզբից ջիհադական պայքարի մասնակիցները ամբողջովին հրաժարվել են գաղտնի գործունեությունից, ըստ էության, այս կազմակերպությունները շարունակում են իրենց հրապարակային գործունեությունը՝ վերածվելով ռազմական խոշոր ճամբարների։ Սրան մեծապես նպաստում էր նաև այն զինված հակամարտությունների ձևավորման, որոնց ականատեղ եղանք Մերձավոր և Միջին Արևելքում։

2010թ-ից Մերձավոր Արևելքում սկսված ցույցերը, որոնք որոշ երկրներում վերաճեցին զինված պայքարի, դարձան նոր տեղակայման վայր իսլամական ծայրահեղականների համար, որոնք, ստանալով որոշակի աշխարահաքաղաքական կենտրոնների աջակցությունը, սկսեցին ընդլայնել իրենց մարդկային և ռազմական պոտենցիալը, որով լրջագույն սպառնալիք հանդիսացան տարածաշրջանի համար։ Հայաստանը և Արցախը ևս զերծ չեն մնում այս տարածաշրջանային գործընթացներից։ Ըստ էության, այստեղ տեղի ունեցող հիմնական իրադարձությունները թե ուղղակի և թե անուղղակի կերպով ազդում են Հայաստանի Հանրապետության և իր քաղաքացիների վրա։ Հատկապես, Սիրիայում ձևավորված ծայարահեղական կազմակերպությունները սկսեցին ազդեցություն ունենալ հենց տեղի հայկական համայնքերի, իսկ հետագայում դերակատարություն ունեցան ղարաբաղյան երկրորդ պատերազմում։ Դեռևս 2014թ-ին թուրքական ռազմաքաղաքական ղեկավարության աջակցությունը ստանալով՝ տեղի ահաբեկչական ուժերը սկսեցին գրոհել Քեսաբի և հարակից հայկական գյուղերի վրա, որի հետևանքը դարձավ տեղահանված հայությունը, ինչպես նաև տեղի հայկական մշակույթի ոչնչացումը։ Սա մենք տեսնում ենք ոչ միայն Քեսաբի, այլ Հալեպի, Դամասկոսի և մի շարք այլ քաղաքներում վանդալիզմի ենթարկված հայկական մշակութային կոթողների գոյությամբ։ Ուստի, ակնհայտ էր, որ թուրքական ուժերը աջակցում են  ահաբեկչական ուժերին՝ նման գործողություններ իրականացնելու համար։ Ուստի, ահաբեկչական կազմակերպությունները իրենց գործունեությամբ ոչ միայն վտանգի էին ենթարկում Սիրիան և հարակից շրջանները, այլ նաև սպառնալիք են հանդիսացել ողջ տարածաշրջանի համար։

«Սուլթան Մուրադ»  ջոկատի գործունեությունը 2013թ-ից

2013թ-ից Սիրիայում իր ակտիվ գործունեությունն է ծավալում «Սուլթան Մուրադ»  կոչվող ջոկատը (դիվիզիան)։ Ըստ էության, ԻԼԻՊ-ի հռչակումը հիմք հանդիսացավ տեղում նորանոր ռազմական ճամբարների ստեղծմանը, ազդեցության գոտիների ձևավորմանը։ Ջոկատը իր անվանումը ստացել է օսմանյան սուլթան «Մուրադ 2-րդի» պատվին։ Պաշտոնական ձևավորումը տեղի է ունեցել դեռևս 2013թ-ին, սա այն ժամանակահատվածն էր, երբ Թուրքիան որոշեց հետ չմնալ աշխարհաքաղաքական գործընթացներից և ծրագրում էր ներխուժել Սիրիայի հյուսիսային շրջաններ, իհարկե, այդ գործողությունները տեղի ունեցան միայն մի քանի տարի անց, սակայն ակնհայտ էր, որ Թուրքիան դեռևս 2013-2014 թթ․-ին նախապատրաստվում էր անմիջականորեն մասնակցել ռազմական գործողություններին Սիրիայում։ Իհարկե, կային մի շարք գործոններ, որոնք խաթարեցին այս ծրագրի իրագործմանը, սակայն, Թուրքայի նպատակը ի վերջո ի կատար ածվեց։ «Սուլթան Մուրադ»  ջոկատը հիմնականում գործել  է Սիրիայի Հալեպի մարզում։

Մինչ 2016 թվականը, ըստ տարբեր տեղեկատվությունների, խումբը  ուներ մոտ 1300 մարտիկ։ 2017 թվականի կեսերից այն վերակազմավորվեց՝ ստեղծելով «Սուլթան Մուրադ բլոկը» Սիրիայի ազգային բանակի (ՍԱԲ) կազմում գտնվող այլ ստորաբաժանումների հետ միասին։ Ընդհանուր առմամբ, այս խումբը հիմնականում կազմավորված էր Սիրիայի թուրքմենական ինքնություն ունեցող զինյալներից, սակայն ըստ էության, այն ամբողջովին թուրքական պրոյեկտ էր, որի ձևավորման և զարգացման գործում մեծ դերակատարում ուներ հենց թուրքական ռազմական գործիչները։ Ջոկատի դրոշը ներկված է ամբողջովին կարմիր գույնով՝ մեջբերված  Շահադան` արտահայտելու քաղաքական հավատարմությունը քաղաքական իսլամին, իսկ կարմիրը խորհրդանշելու օսմանիզմը։

Հետաքրքրական է վերջին տարիներին այս խմբավորման կողմից իրականացված ռազմական գործողությունները Սիրիայում։ 2019թ հունիսի 4-ից 15-ը ընկած ժամանակահատվածում «Սուլթան Մուրադ» դիվիզիայի, «Ահրար ալ-Շամի» և նրա դաշնակիցների կողմից ալ-Բաբում և նրա մոտակայքում ծանր մարտեր են սկսվել։ Հունիսի 15-ից պատերազմական գործողությունների ընթացքում սպանվել է 33 մարդ, վիրավորվել՝ 55-ը։ Հունիսի 8-ին բախումների ընթացքում 60-ից 70 մարտիկներ, այդ թվում` «Սուլթան Մուրադ»  դիվիզիայի մի քանի հրամանատարներ, անցել են Սիրիայի բանակի և Սիրիայի դեմոկրատական ուժեր կողմը։  2019 թվականի նոյեմբերի սկզբին «Սուլթան Մուրադ» դիվիզիայի Հոմս ալ-Ադիա բրիգադը թուրքական կառավարության կողմից սիրիական բանակի մի քանի ռազմագերիների միակողմանի ազատ արձակումից հետո անցել է Ջեյշ ալ-Իզզի կողմը։

Իհարկե, այս բուն ռազմական գործողությունների իրականացումից հիշատակման են արժանի այն հանցագործությունները, որոնք կատարվել էին այս ջոկատի ստորաբաժանումների կողմից Սիրիայում։ Այսպես, օրինակ 2013թ հոկտեմբերին գնդակոծման է ենթարկվել Հալեպի հայկական Տեր Վարդան վանքը: Տեղի հայկական վանքը ենթարկվեց վանդալիզմի թուրքահպատակ ահաբեկչական կազմակերպությունների կողմից, նույնիսկ գնդակոծման կադրերը հայտնվեցին համացանցում։

2016 թվականի սեպտեմբերին ԻԼԻՊ-ից Ջարաբուլուս քաղաքը գրավելուց հետո, «Սուլթան Մուրադ»  դիվիզիայի մարտիկները հրապարակել են իրենց նկարները, որտեղ խոշտանգում էին ԺԻՋ (Ժողովրդական Ինքնապաշտպանության Ջոկատներ)-ի ռազմագերիների չորս անդամների, որոնք գերի էին ընկել ապստամբ խմբավորմանը, մինչդեռ, ըստ ԺԻՋ-ի պնդումների, նրանք փորձել են տարհանել խաղաղ բնակիչներին։ Ըստ ԺԻՋ-ի, «Սուլթան Մուրադ»  դիվիզիայի մարտիկներից երկուսը, ովքեր ներգրավված էին ռազմագերիների խոշտանգումների մեջ, հետագայում գերևարվել և հարցաքննվել են Հակաահաբեկչական ստորաբաժանումների կողմից։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ թուրքական իշխանությունների ձեռքում այս ջոկատը դարձել է գործիք՝ իրականացնելու այն վայրագությունները, ինչը Թուրքիան չէր կարող իրականացնել պաշտոնական կերպով։

«Սուլթան Մուրադ»  ջոկատի մասնակցությունը Արցախյան պատերազմին

2020թ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում տեղի ունեցան մարտեր, որտեղ Ադրբեջանը ունեցավ լրջագույն կորուստներ, ինչի արդյունքում, ադրբեջանական ուժերին չհաջողվեց սեփական ռազմական և մարդկային պոտենցիալի միջոցով հաջողություն ունենալ։ Արդեն 2020թ-ի օգոստոսին ընթացող գործընթացները ցույց էին տալիս, որ Ադրբեջանը պատերազմի նախապատրաստական վերջին փուլն է անցկացնում, ուստի մեծացավ Թուրքիայի ռազմական աջակցությունը թե՜ տեխնիկական և թե՜ մարդկային ռեսուրսներով։

2020թ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծվեց պատերազմ, որը ընթանում էր շփման գծի ողջ երկայնքով։ Ըստ էության, սա 90-ականներից հետո ամենախոշոր և լայնամասշտաբ ռազմական գործողություններն էին։ Այս իրադարձություններից անմասն չմնացին սիրիացի ահաբեկիչները, հատկապես Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված «Սուլթան Մուրադ»  ջոկատի մարտիկները։ Դեռևս 2020թ հուլիսին լրատվականները տարածեցին առաջին նորությունները կապված Թուրքիայի կողմից Ադրբեջան սիրիացի զինյալներ ուղարկելու վերաբերյալ։ Ըստ որոշ լրատվականների ՝ նախատեսվում էր տեղափոխումը իրականցնել հուլիսին, սակայն հուլիսյան մարտերի դադարեցումը ստիպեց Թուրքիային չդիմել այդ քայլին։ Առաջիններից մեկը, որը հայտարարեց նմանատիպ գործընթացի մեկնարկի մասին դա քրդական Firat գործակալությունն էր, որը իր հրապարակածը հոդվածում հայտնում էր, որ Թուրքիան պատրաստում է, այսպես կոչված, Սիրիական Ազատ Բանակի զինյալների տեղափոխումը Ադրբեջան։ Այդ նպատակով վարձկանների համար գրանցման կետեր են բացվել Ջենդերիսում, Ռաջուում և Աֆրինում: Firat-ի փոխանցմամբ ՝ 6-ամսյա պայմանագրով աշխատող զինյալները ամսական վճարվելու են 3,5 հազար դոլար: Մանրամասներ չեն ներկայացվում վարձկանների թվի և Ադրբեջան ուղարկման ժամկետների վերաբերյալ:

Հուլիսի 16-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հավաստիացրեց Ադրբեջանին, որ թուրքական բանակը պատրաստ է ռազմական օգնություն տրամադրել Բաքվին՝ Հայաստանի հետ սահմանի հակամարտության ժամանակ: Ըստ նրա, թուրքական զինված ուժերը «կանեն ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է Ադրբեջանի համար»: Ավելի վաղ, քրդական գործակալությունը հաղորդել էր Սիրիայից վարձկանների գործուղման մասին Լիբիայի ճակատներ, որտեղ նրանք պայքարում են Ֆայիզ Սարաջի ազգային համաձայնության կառավարությանը (GNA) աջակցող կազմավորումների դեմ:

Սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում «Սուլթան Մուրադ»  ջոկատի և այլ զինյալ խմբերի մասնակցությունը հայտնի էր պատերազմի հենց սկզբից, ինչին ականատես եղանք նաև մի քանի այլ կարևոր հայտարարություններով։ Հատկանշական է, Իրանական Mashregh լրատվամիջոցը, որը  տվյալներ է հրապարակել Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից Ադրբեջան տեղափոխված հարյուրավոր ահաբեկիչների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրատվամիջոցը նշել է այն ահաբեկչական խմբավորումների անունները, որոնց անդամ են Արցախի դեմ կռվելու համար Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչները: Mashregh-ն իր հոդվածում նշում է, որ ահաբեկիչները «Սուլթան Մուրադ», «Ջեյշ ալ-Աշրաղ» և այլ անվանումներով 51 խմբավորումներից են:

Իհարկե, այս կոնտեքստում բավական կարևոր էր ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի՝ Մինսկի խմբի անդամ երկրների տարբեր պաշտոնյաների հայտարարությունները առ այն, որ Արցախում կռվում են սիրիացի ահաբեկիչներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, հաստատել է, որ ճիշտ են այն տեղեկությունները, որ Թուրքիայի կողմից 100-ավոր սիրիացի վարձկաններ են տեղափոխվել Ադրբեջան: Հաջորդը Ֆրանսիայի նախագահի հայտարարությունն էր, ըստ այդմ,  Էմանուել Մակրոնը հայտնել է, որ փաստեր ունի, որ Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններին Թուրքիայից սիրիական իսլամիստներ են մասնակցում: Ամենաքննարկվածը եղավ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ ՍՆարիշկինի հայտարարությունը, ըստ որի՝ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը (ԱՀԾ) ստույգ տվյալներ է ստացել Սիրիայից Լեռնային Ղարաբաղի մարտերում զինյալների մասնակցության վերաբերյալ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի երկրների գործընկեր հետախուզական ծառայություններից: Կարևոր է հասկանալ նաև, թե ինչպես էին օգտագործվում զինյալները ադրբեջանական բանակի կողմից։ Ռազմական գործողությունների բնույթը ուսումնասիրելով՝ կարելի է ենթադրել, որ զինյալները հիմնականում օգտագործվում էին Արցախի հարավային հատվածում, որտեղ աշխարհագրական առումով դաշտային է և կլիման արևադարձայինին մոտ, այսինքն, սրանք այն պայմաններն էին, որտեղ կռվելու սովոր էին զինյալները։ Սա, իհարկե, չի բացառում այն փաստը, որ նրանք գործել են այլ հատվածներում ևս, ուստի կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը կարողանում էր ռացիոնալ կերպով օգտագործել զինյալներին՝ դարձնելով առաջնահերթ թիրախ հայկական զինված ուժերի համար։

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ պատերազմի սկզբից հայտնի է եղել ոչ միայն հայկական կողմին, այլ նաև միջազգային հանրության համար։ Սակայն հարցը այլ է, թե ինչու միջազգային հանրությունը չդատապարտեց և քայլեր չիրականացրեց նման գործընթացը դադարեցնելու համար։

Ռազմական գործողությունների բնույթը հասկանալով՝ կարելի է ենթադրել, որ զինյալները հիմնականում օգտագործվում էին Արցախի հարավային հատվածում, որտեղ աշխարհագրական առումով դաշտային է և կլիման արևադարձայինին մոտ, այսինքն սրանք այն պայմաններն էին, որտեղ կռվելու սովոր էին զինյալները։ Իսկ ինչ վերաբերում է նրանց վարձատրմանը, ապա, ըստ տարբեր աղբյուրների, Թուրքիան խոստացել է զինյալներին յուրաքանչյուրին 1500-2000 ամերիկյան դոլլար, ինչը աստղաբաշխական կարող ենք համարել զինյալների համար, քանզի Սիրիայում նրանց վարձատրությունը կազմում է մոտ մինչև 300 դոլլար։ Կան նաև որոշ աղբյուրներ, որոնք վկայում են մինչև 3500 դոլլար վարձատրության մասին։ Եթե թվի ճշգրտման վերաբերյալ ունենք խնդիրներ, ապա մի բան հստակ է, որ զինյալների մեծամասնությունը այդ գումարները չեն ստացել ուղղակի կամ անուղղակի ճանապարհներով։

Իրավիճակային կտրուկ փոփոխություններ ունեցանք պատերազմի երկրորդ հատվածում։ Նախ հոկտեմբերի վերջին սպանվեց  Սուլթան Մուրադ ջոկատի 95-րդ կորպուսի գլխավոր հրամանատար Մուրատ Օմարին։ Այս մասին առաջինը հրապարակեց infoteka24.ru կայքը: Ավելի վաղ Արցախում սպանվել էր նաեւ «Ֆիրկաթ ալ-Համզա» ահաբեկչական խմբավորման հրամանատար Ադել ալ-Շահիրը: Արցախի զինված ուժերին հաջողվել է «գլխատել» Թուրքիայի կողմից Սիրիայից ուղարկված երկու հիմնական ահաբեկչական խմբավորումներին:

Հոկտեմբերի վերջին սկսվեցին պարբերական հրապարակումներ ահաբեկիչների վերաբերյալ։ Twitter սոցցանցում Լինդսի Սնելը գրել է, որ հանդիպման առաջարկ է ստացել և ունեցել է նամակագրային կապ «Սուլթան Մուրադ» ջոկատի նախկին հրամանատարներից մեկի հետ։ Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող թուրքամետ «Սիրիական ազգային բանակի» մաս կազմող սիրիական խմբավորման հրամանատարը լրագրողին հրավիրել է հանդիպել Թուրքիայում, որպեսզի իրադարձությունների վերաբերյալ վերջինս իր ունեցած տեսակետը փոխի: Բայց առանց հանդիպմանը սպասելու, լրագրողի հետ նամակագրության մեջ հրամանատարը բացատրել է, թե ինչպես են սիրիացի զինյալները ընկալում «գործուղումները» դեպի Լիբիա եւ Ադրբեջան: Լինդսի Սնելը իր էջում գրել էր, որ նրանց խոսքով, սիրիացիներն իրականում կռվում են երկրորդ երկրի հետ Լիբիայում եւ Ադրբեջանում, ռուսների դեմ էլ ու քանի որ ռուսները դարձել են սիրիացիների ամենամեծ թշնամիները, զինյալները դեմ չեն դրան՝  նկատի ունենալով հրամանատարի մեկնաբանությունը եւ այն, որ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ կողմերից է: Լրագրողը երկար տարիներ լուսաբանել է Սիրիայում ընթացող պատերազմը և քաջատեղյակ է տարատեսակ խմբավորումների գործողությունների: Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակման մեկնարկից ի վեր Լինդսի Սնելը հաճախ էր լուրեր հայտնում այնտեղ մեկնած սիրիացի զինյալների մասին: Քանի որ նա ծանոթ է Սիրիայի սահմանամերձ շրջանների բազմաթիվ վարձկանների, ինչպես նաեւ բնակիչների հետ, նա տեղեկատվություն է ստանում առաջին ձեռքից:

Համաշխարհային քաղաքականության ամերիկյան կենտրոնի (CGP) վերլուծաբան Էլիզաբեթ Ցուրկովն էլ ուղղակիորեն շփումներ ուներ այդ զինյալների հետ: Հոկտեմբերի 25-ին, նա իր թվիթերում գրել է, որ իր հարցազրույցների սիրիացիներից մեկը հազիվ է մազապուրծ եղել Լեռնային Ղարաբաղում՝ փրկվելով մահից: 11 սիրիացիներ՝ նրա զորախմբի անդամներ, սպանվել են եւ մոտ 40-ը՝ վիրավորվել հայկական արկերի հարվածներից: Ժամանակակից վարձկանները հիմնականում թոշակառուներ են ռազմական էլիտար ստորաբաժանումներից: Մի մասը սիրիացիներ էլ չեն: Հենց նրանք են ծառայում որպես  վահան: The New York Review- ում վերլուծաբանը հոդված է հրապարակել Լիբիայում ու Ադրբեջանում սիրիացի վարձկանների մասին, եւ Աբդել Բազիտը (անունը փոխված է) նրան պատմել է, որ իր ընկերներից 4-ը մահացել են Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի դեռ առաջին երկու օրերի ընթացքում: Այս աղբյուրները ևս վկայում են Ադրբեջանում զինյալներին խոստանում են ամսական 1500-2000 դոլար վարձատրություն, գրեթե բոլոր աղբյուրներն էլ փաստում են՝ զինյալների գերակշիռ մասը գնում են այնտեղ փողի համար:

Համաձայն Մարդու իրավունքների սիրիական դիտորդական հասարակական կազմակերպության (SOHR) տվյալների՝ սեպտեմբերի վերջին առնվազն 2050 սիրիացի զինյալ է մեկնել Ադրբեջան: Հոկտեմբերի 20-ի դրությամբ, նրանցից 170-ը սպանվել են, իսկ 118 մարմին արդեն հասցվել է Սիրիա: Վարձկանների հավաքագրումը, ըստ կազմակերպության, մեծամասամբ ղեկավարում են «Սուլթան Մուրադ» եւ «Ալ-Համզա» դիվիզիաները:

Սիրիական դիտորդական հասարակական կազմակերպության նշում է, որ վստահելի աղբյուրները հայտնում են, որ վարձկանների նոր խմբեր պատրաստվում են մեկնել Ադրբեջան, քանի որ Թուրքիան շարունակում է նրանց նետել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ: Նաեւ ի հավելումն նշվում է՝  մարտերն այնքան կատաղի են, որ որոշ սիրիացիներ հրաժարվում են մասնակցել դրանց եւ պահանջում են վերադառնալ Սիրիա: Ի տարբերություն այլ վարձկանների խմբերի, որոնք պարզապես, ինչպես նշվեց, որպես վահան էին հանդիսանում ադրբեջանցի զինծառայողների համար։

 «Ալ-Համզան» և «Սուլթան Մուրադ» ջոկատները վարժական ճամբարներ  ունեն, որոնք համալրված են նորագույն տեխնիկայով։ Հրամանատարական կազմը սովորում է 2 ակադեմիաներում։ Նյութական ապահովումն էլ է բարձր մակարդակի վրա, նրանք անգամ սեփական մշակման զրահամեքենաներ են արտադրում։

Փաստերի հավաքագրման և ապացուցման համար շրջադարձային եղավ այն ժամանակ, երբ Արցախի Պաշտպանության Բանակի մարտիկների կողմից գերեվարվեցին ազգությամբ արաբ երկու զինյալներ։ Հոկտեմբերի 30-ին Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը հաղորդել է, որ ԱՀ ՊԲ ուժերը գերեվարել են սիրիացի զինյալի։ Առաջնագծում գերի ընկած իսլամիստ վարձկանի անունն է Մեհրեբ Մուհամմադ Ալշխեր, նա Համմա քաղաքից է։ Մեհրեդ Մուհամմադ Ալշխերն նաև ասել է, թե իրենց խոստացել են 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Նախքան ռազմաճակատ բերվելը նրանք մասնակցել են ճամբարային հավաքների, որտեղ իրենց հետ աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները:

Նոյեմբերի 1-ին գերեվարվեց երկրորդ զինյալը, ինչպես պարզվել է նախնական հարցաքննության ժամանակ, 1988թ. ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ  Ալա Աբեթ ալ-Հաջին է։ Ալ-Հաջիի հարցաքննության ժամանակ արդեն լիովին նկարագրվեց այն պատկերը, թե ինչպես են Սիրիայից հավաքրել զինյալներին, տեղափոխել Ադրբեջան՝ կռվելու Լեռնային Ղարաբաղում։ Ըստ հիշյալ անձի ցուցմունքի՝ 15 օր առաջ հարևան գյուղի բնակիչ, Իբրահիմ անունով իր ծանոթը, ում դիմում էին որպես Աբու Ահմադ, իր տուն է եկել և հայտնել, որ Ադրբեջանում եռամսյա զորավարժություններ են, կարող է մասնակցել, ինչի համար ամսական 2.000 դոլար կստանա։

Աբու Ահմադը Հաջիին պատմել է, որ ընտրում էին 20-40 տարեկան տղամարդկանց և որ իրենցից առաջ ևս 500 մարդու են տեղափոխել Ադրբեջան։ Հոկտեմբերի 18-ին նա և ևս 500 վարձկաններ հասել են Ադրբեջան, տեղավորել են կենտրոնական զորամասերից մեկում։ Ադրբեջանի օդանավակայում վարձկաններին դիմավորել են Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողները, ապա ուղեկցել զորամաս, որտեղ ևս թուրք զինվորականներ կային և իրենք թուրք զինվորականներին զանազանում էին իրենց համազգեստի վրայի դրոշներից։ հատկանշական է այն, որ ամեն քաֆֆիրի համար 100 դոլար գլխագին են խոստացել։

Ըստ էության, այս փաստերը դարձան կարևոր հիմք՝ ապացուցելու ծայրահեղ իսլամականների մասնակցությունը Արցախում։ Ադրբեջանի կողմից շարունակ հերքումները որպես այդպիսին սկսվեց լուրջ չընկալվել, քանզի օրեցօր մեծանում էր ապացույցների բազան, սրան գումարվում նաև միջազգային հանրության, հատկապես Մինսկի խմբի համանախագահ երկրների պաշտոնական ներկայացուցիչների հայտարությունները, տարբեր փորձագետների հայտարարությունները, հրապարակած հոդվածները, ձայնագրությունները, հարցազրույցները, ինպես նաև արցախյան կողմից գերեվարված երկու սիրիացիների փաստը։ Այս ամենը ամբողջացնելով՝ փաստական է դառնում սիրիացի ծայրահեղականների, հատկապես «Սուլթան Մուրադ» ջոկատի մասնակցությունը այս իրադարձություններին

Եզրակացություն

 Այսպիսով, կարելի է ենթադրել, որ Աբու Համշեն կոչվող խմբավորումը, որը մաս է հանդիսանում «Սուլթան Մուրադ»  դիվիզիային իրականացրել է մարտական գործողություններ Արցախի սահմանին, նույնը կարող ենք ասել Սուլեյման շահ խմբավորման մասին, որն էլ իր հերթին մաս է կազմում «Ալ-Համզա» ջոկատին։ Հատկանշական է , որ այս խմբավորումները ձևավորվել են Սիրիայի հյուսիսում թուրքական ուժերի կողմից և սիրիական հակամարտության պատմության մեջ ռազմական գործողություններին մասնակցել են կամ թուրքական զինված ուժերի համատեղ մասնակցությամբ կամ ուղղորդմամբ։ Սա փաստում են ոչ միայն տարծաշրջանային քաղաքական կամ ռազմական գործիչները այլ նաև միջազգային հանրությունը։ Այս զինյալների համար գաղափարական պայքար որպես այդպիսին գոյություն չուներ և առաջնահերթը դա գումարն էր, ինչի համար էլ այստեղ են զինյալները։  Ըստ էության, ակնհայտ է դառնում այն փաստը, որ Արցախի և ՀՀ ԶՈՒ-երի դեմ կռվում էր ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև ահաբեկիչները և նրանց աջակցող թուրքական հատուկ ստորաբաժանումները։ Իհարկե, սա չդատապարտվեց միջազգային հանրության կողմից գործնական քայլերով, որոշակի հայտրարաություններ հնչեցին, սակայն ակնհայտ է, որ այդ հայտարարությունները չէին կարող սահմանափակել Թուրքիայի և Ադրբեջանի սանձարցակ գործողությունները տարածաշրջանում:
Ֆ
ունդամենտալիզմ հասկացությունը ձեւավորվել է ԱՄՆ-ում քրիստոնեության բողոքական ուղղության մեջ: 1895 թ. Նիագարայում տեղի ունեցած Աստվածաշնչյան կոնֆերանսում հոգեւորականների մի խումբ առաջ քաշեց 5 հիմնական «ֆունդամենտալ» սկզբունք: Այդ սկզբունքները 1910 թ. հաստատեց Պրեսբիտերական գլխավոր ասամբլեան, որն ընդունեցին մի շարք այլ պահ-պանողական կրոնական կազմակերպություններ: 1909-1915 թթ. Կալիֆորնիայում Ռ. Թորրին եւ Լ. Դիկսոնը տպագրեցին 12 հատորից բաղկացած հոդվածների ժողովածու՝ «The Fundamentals» անվամբ, որտեղ մեկնաբանվում էին այդ թեզերը: 1919 թ. այդ սկզբունքները առավել ընկալելի եւ ըմբռնելի դարձ-նելու համար 12 հատորը հավաքեցին 4 հատորի մեջեւ հիմնականում անվճար շարունակեցին դրա տարածումն ամբողջ ԱՄՆ-ով եւ աշխարհով մեկ: Երկրորդ  համաշխարհային պատերազմից հետո ամերիկյան ֆունդամենտալիստները իրենք իրենց կոչեցին ավետարանչականներ,իսկ ֆունդա-մենտալիզմ տերմինը մնաց շրջանառության մեջեւ իր նեղ իմաստով մեկնաբանվում է որպես աստվածաբանական շարժում, որը նպատակաուղղված է պահպանելու այն ամենը,ինչն իրենից ներկայացնում է քրիստոնեության հիմք (ֆունդամենտ) (տե՛ս Филатов С. Б, «Фундаментализм». Возвращение к основам, Протестанский фундаментализм, М., 2003, стр. 109-126):

 2010 թվականի դեկտեմբերի 18-ին արաբական երկրներում ցույցերի և հանրահավաքների հեղափոխական ալիք բարձրացավ։ Այն սկսվեց Թունիսում, Եգիպտոսում և Եմենում տեղի ունեցած հեղափոխություններից ու շարունակվեց Լիբիայում ու Սիրիայում` քաղաքացիական պատերազմի տեսքով։ Վերջինս շարունակվում է մինչ այժմ, իսկ Լիբիայում ավարտվել է 2012 թվականին՝ իշխանափոխությամբ։
Վարդան վանքը կառուցվել է 1936 թվականին Հալեպում , քաղաքում կաթոլիկների համար: Մի թևում բացվեց հայ կաթոլիկ դպրոց, որը գործում էր որպես Անվար դպրոց մինչև 1967 թվականը, և կրկին ՝ 1973-1992 թվականներին: Վանքի մյուս մասը օգտագործվել բարեգործական և սոցիալական նախագծերի համար: Բացի եկեղեցուց, վանքն ուներ նաև դպրոցական թատրոն, երիտասարդական խաղահրապարակներ և այլն: 2003 թվականին ԱՄՆ Իրաք ներխուժումից հետո միլիոնավոր իրաքցի փախստականներ եկան Սիրիա, նրանցից շատերը քրիստոնյա էին: 2011 թվականից ավելացան ներքին տեղահանված անձինք, այնպես որ տարբեր դավանանքների և ծագման իրաքցի և սիրիացի փախստականները միավորվեցին այստեղ մեկ հարկի տակ: Քանի որ Հալեպում ռազմական գործողություններն ավելի ու ավելի սպառնացող էին դառնում, 2012-ի օգոստոսին անվտանգության նկատառումներից ելնելով փակեց դեզիրթյան կրթության և հանդիպումների կենտրոն Դեյր Վարդանը և շարունակեց իր աշխատանքը «մեկ այլ վայրում»: 2012-ի սեպտեմբերի վերջին շենքը պայքարում էին ապստամբների և կառավարական ուժերի կողմից և մեծ վնաս էր հասցվել ականանետի կրակից: Քանի որ այլևս փախստականներ և աշխատակիցներ չկային, նրանց կողմից ոչ ոք չէր տուժել: 2013-ի ապրիլի 10-ին Faisal-Strasse- ում (شارع فيصل) բացվեց վանքի առողջության կենտրոն `տարբեր բժշկական մասնագիտություններով` Հալեպի կենտրոնում: 2013թ-ից սկսած վանքն ավերված է մինչ օրս: