«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անհնար է մեկ օրում միանգամից կարգավորելը. Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա շփումներին

31/03/2022

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա շփումներին, տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը՝ նշելով, որ հիմա ընթացքը դրական է, սակայն անհնար է մեկ օրում ամեն ինչ միանգամից կարգավորելը: Նրա խոսքով՝ պետք է փոխադարձ քայլեր արվեն: «Ahaber» լրատվականին տված հարցազրույցում նախարար Չավուշօղլուն խոսել է նաև Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Անթալիա այցի մասին:

«Մենք ի՞նչ արեցինք՝ ընտրություններից հետո (Հայաստանի) դրական ուղերձներին գումարած հատուկ ներկայացուցիչներ նշանակեցինք: Նրանք երկու անգամ դեմ առ դեմ հանդիպել են, բայց նաև անընդհատ հեռախոսազրույց են ունենում, սակայն չենք սահմանափակվել հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ՝ վստահությունը բարձրացնող քայլեր ենք արել: Օրինակ՝ թռիչքներն են սկսել, մյուս կողմից՝ առևտրի հետ կապված որոշ քայլեր են արվում»,-ասել է Չավուշօղլուն:  

Նա ընդգծել է, որ առաջիկայում, երբ սահմանները բացվեն, հաղորդակցության՝ ավտոճանապարհների, երկաթուղու հետ կապված, երկու կողմում էլ տեսանելի աշխատանքներ կան, որոնք պետք է տարվեն: Չավուշօղլուն անդրադարձել է քաղաքական շփումներին, Արարատ Միրզոյանի այցին՝ նշելով, որ հանդիպումը դրական էր: Ըստ նրա՝ ցանկալի կլիներ Անթալիայում անցկացնել եռակողմ հանդիպում, ներկա լիներ նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, սակայն դա հնարավոր չեղավ:

Հերթական անգամ Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է այն մասին, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ Ադրբեջանի հետ խորհրդակցությունների մեջ են: Նա ընդգծել է, որ առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու հնարավոր չէ որևէ արմատական քայլ անել: «Արդեն պատերազմն ավարտվել է, դրանից պետք է դասեր քաղել, և պետք է քայլեր արվեն Հարավային Կովկասի, մեր տարածաշրջանի կայունության համար: Եթե Հայաստանն էլ նույն ընկալումն ունի, թե՛ մենք, թե՛ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորենք, սահմաններն էլ կբացվեն, առևտուր կսկսվի, մյուս կողմից էլ՝ տարածաշրջանի զարգացում, լոգիստիկ հարցեր և այլն»,-նշել է նա: