«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴԸ ՎԱՂ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ. Ռաֆիկ Նահապետյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

05/08/2020

Բուզանդի «Պատմություն Հայոց»-ում (Երևան, 1987) արժեքավոր հիշատակություններ կան վաղ միջնադարյան Հայաստանում, մասնավորապես Արշակունիների թագավորության ժամանակաշրջանում պետական կառավարման համակարգի, բանակի սպառազինության, մարտական որակների և այլնի վերաբերյալ: Այս խնդիրների հետազոտումը թույլ կտա համակողմանի պատկերացում կազմել տվյալ ժամանակաշրջանում պետական կառավարման համակարգի կառուցվածքի, դրանք իրականացնող ստորաբաժանումների գործառույթների, երկրի անվտանգությունը և պաշտպանությունը կազմակերպելու եղանակների, տնտեսության կարգավորման ձևերին և կառավարմանն առնչվող բազմաթիվ այլ հարցերի մասին: Նախ ներկայացնենք հայոց բանակի մասին մեր վերլուծականը՝ ըստ պատմիչի տեղեկությունների:

1. ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ

Առավել հանգամանորեն է ներկայացված հայոց բանակը: Ընդարձակ նկարագրություն կա զորատեսակների և զինվածության մասին. «լավ սպառազինված զորք` ընտիր ռազմիկ մարդկանցից, արիասիրտ կռվողներ, որոնք զինված էին նիզակներով, սրերով, աղեղներով, վաղրերով, սակրերով, անսխալ խփող և ուժեղ նետաձիգներ, ախոյանների առաջ տեղի չտվող կռվողներ, ամբողջ հեծելազորքը պահպանակներով, զրահավորված սաղավարտներով պաշտպանված, իրենց դրոշներով, նշաններով և բազմաձայն պատերազմական փողերով» (IV դպր., գլ. Ի, էջ 205): Ինչպես նկատում ենք, պատմիչը մանրամասն ներկայացնում է հայոց բանակի մարտական զենքերի տարատեսակները: Դրանց շարքին են պատկանում սակրը, վաղրը և սրի մի այլ տեսակ` ճիկռը, որոնք պատերազմի ժամանակ գործածվել են իրենց սուր բերանով ծանր հարված հասցնելու համար: Տապարանման երկբերան սակրը մեր պատմիչները անվանել են «կտցավոր սակր»: Ըստ երևույթին` սակրը և վաղրը տարբեր զենքեր են եղել, քանզի Փավստոս Բուզանդը գրում է, որ հայկական բանակի առանձին զորագնդեր էին կազմել «սակրավորները» և «վաղրավորները»: Բուզանդը սաղավարտը անվանել է երկաթե գլխանոց: Իշխանական սաղավարտները տարբերվել են շարքային զինվորների սաղավարտներից` ունենալով տոհմական նշան: Օրինակ` Մանվել Մամիկոնյանի սաղավարտն ունեցել է արծվի տոհմական նշանը: Ասենք նաև, որ հայկական զորքի թե՛ հետևակը և թե՛ հեծյալը զինված էին վահաններով, միայն թե հեծյալների վահանները չափերով ավելի փոքր էին: Վահանով պաշտպանվում էին ոչ միայն անհատապես, այլև զինվորների առանձին խմբեր, անսպասելիորեն վահանների տակ շղթայով ամուր «բերդեր» էին պատրաստում թշնամու դեմ` նման պարսկական բանակի փղերի պատնեշին: Պատմիչը հայոց բանակի թվաքանակի մասին գրում է, թե այն Պապ արքայի օրոք 90000 էր` «90 հազար ընտիր մարտիկ էին` լավ զինված, նիզակները ձեռքերին, վահաններով, չհաշված ասպարակիրներին» (V դպր., գլ. Ե, էջ 307, 371): Նկարագրում է նաև հայոց բանակի ամրակուռ սպառազինությունը. «Ոտքից մինչև գլուխ երկաթապատ, ամրակուռ և անխոցելի զինվորություն, ուժեղ երիվար և երիվարի անդրդվելի սպառազինություն» (V դպր., գլ. ԼԷ, էջ 369): Այստեղ խոսքը Մանվել Մամիկոնյան սպարապետի սպառազինության մասին է: Ի հակադրություն գուգազի` անկազմակերպ, անկանոն զորքի` այդպիսի զինվածությամբ աչքի էր ընկնում Մատենիկ գունդը (տե՛ս III դպր., գլ. Ը, էջ 33): Բուզանդը հիացմունքով է խոսում Հայոց զորքի գործած սխրանքների մասին, որը մարտնչում էր հանուն իր երկրի թագավորի` Արշակ արքայի: Ներկայացնում է բյուզանդական զորական միավորները` լեգեոն անվամբ, որը տարբեր ժամանակներում ընդգրկում էր 3600-6000 կռվող զինվոր: Նրանց մեծ մասը ծանր սպառազինված էր լինում, փոքր մասը` թեթև (տե՛ս V դպր., գլ. Գ, էջ 309): Պատմիչը մի առիթով պարսից բանակն անվանում է Կարավան, որը հայերենում գործածվում է հիմնականում ճանապարհորդների խումբ նշանակությամբ` զինված պահապանների ուղեկցությամբ: Պատմիչը, լինելով արքայական կարգերի, թագավորի իշխանության ամրապնդման ջերմ ու համոզիչ կողմնակից, մեծ համակրանքով է խոսում այն սխրանքների մասին, որ անմիջականորեն կատարվում էին հանուն արքայի և երկրի. «… (Հայկական) նիզակավորների գնդերը մոլեգնաբար հարձակվելով` իրենց ձիերի վրայից հարվածելով` քաջությամբ գետին էին գլորում իրենց ախոյաններին Պարսից Շապուհ թագավորի դեմուդեմ: Երբ գետին էին գլորում` Հայոց բոլոր զորքերը քաջալերական ձայնով աղաղակում էին - «Քաջ Արշակի համար»: Ամեն անգամ որ այդ պատերազմում մի ախոյան էին սպանում` նրան էին նվիրում, իրենց նախկին թագավոր Արշակին, ասելով. «Մեր Արշակ թագավորին մատաղ եղիր»: Երբ Հայոց ազատների նիզակավոր ախոյանները խմբովին հարձակվում էին պարսից նիզակավորների վրա ու վեր էին գլորում, քաջալերությամբ ասում էին. «Քաջ Արշակի համար», իսկ երբ այս ախոյաններին մորթում, գլխատում էին` ասում էին. «Արշակ թագավորին մատաղ եղիր» (V դպր., գլ. Ե, էջ 309): Հայոց բանակի ռազմավարությունից և գործած քաջագործություններից ցնցված` գերի ընկնելուց մազապուրծ պարսից Շապուհ արքան իր զարմանքն է հայտնում. «Զարմացել եմ ես, ասում էր նա, իմ տեսածի վրա: Մանկությունից ի վեր միշտ կռվի ու պատերազմի մեջ եմ եղել, շատ տարի է, որ թագավոր եմ դարձել (Շապուհ II – 309-379), և տարի չեմ անց կացրել առանց կռվի, բայց ջերմ կռիվ այս էր (խոսքը 371 թ. Ձիրավի ճակատամարտի մասին է,- Ռ. Ն.), որին այս անգամ պատահեցի: Որովհետև երբ Հայոց նիզակավորները առաջ էին գալիս` այնպես էին հարձակվում, ինչպես մի բարձր լեռ կամ ինչպես մի հաստ` հզոր և անշարժ աշտարակ: Մի ուրիշ բանի վրա էլ եմ զարմացած – Հայկական գնդի միասիրտ հավատարմության և տիրասիրության վրա. որովհետև այսքան տարի է, որ նրանց տերը, Արշակը, կորած է նրանց համար, բայց նրանք նրանով էին քաջալերվում պատերազմի ժամանակ: Երբ իրենց ախոյաններին գլորում էին` միշտ ասում էին. «Արշակի համար», իսկ նա նրանց մեջ չէր, բայց նրանք իրենց սիրուց և տիրասիրությունից, որ ունեին իրենց բնիկ տիրոջ նկատմամբ` ամեն մի ախոյանի, որին սպանում էին` նրան էին նվիրում» (V դպր., գլ. Ե, էջ 309-311): «Կամ Մուշեղի այն մոլեգնած գունդը. ինձ այնպես էր թվում, թե այդ գնդից բոց ու կրակ են թափվում, և նշաններն այնպես էին (փայլում) գնդի մեջ, կարծես հրդեհի բոց է անցնում եղեգների միջով: Այսքան ժամանակ է, որ նրանց տերը, Արշակը, կորած է նրանց համար, գտնվում է Անդմըշն բերդում, Խուժաստան երկրում, բայց նրանք իրենց սիրուց այնպես էին համարում, թե նա իրենց գլուխ է կանգնած իբրև թագավոր, կամ իրենց հետ գնդի մեջ է գտնվում, իբրև պատերազմին գլուխ կանգնած և իրենք նրա առաջ նրան են ծառայում: Այո՛, ասում էր նա, երանի՜ նրան, որ Հայոց գնդի տերն է, այնպիսի տիրասեր, միաբան և հավատարիմ զորքի»: Զինվորական մի սովորույթի մասին ևս: Հին ժամանակ սովորություն կար, որ պատերազմից դարձող զինվորները բերում էին իրենց սպանած թշնամիների գլուխները` իբրև ապացույց իրենց գործած քաջության: Որքան շատ լինեին գլուխները, այնքան մեծ էր լինում բերող զինվորականի պարծանքն ու պատիվը: Սրանից է մնացել մեր ժողովրդական լեզվի մեջ «գլուխ բերել» արտահայտությունը, որ նշանակում է. «Ի՞նչ ես պարծենում, հո թշնամու գլուխ չե՞ս բերել»: Ձիրավի ճակատամարտից մասին Բուզանդը գրում է. «Երբ Հայոց բոլոր զորքերը ետ դարձան` թիվ չկար ախոյանների այն գլուխներին, որ Հայոց Մուշեղ քաջ զորավարը բերել էր Հայոց Պապ թագավորի առաջ: Այնպես էլ բոլոր նախարարներն ու մեծամեծները և ամբողջ զորքը, ամեն մեկն իր չափի» (V դպր., գլ. Դ, էջ 305): Այսպիսով, ամբողջությամբ վերցրած, Բուզանդը V դարի այն պատմագիրներից է, որ հանգամանալի հիշատակություններ ունի ոչ միայն հայոց տնտեսական կենցաղի և նյութական մշակույթի, ընտանեկան-հասարակական կենցաղի, հայոց հոգևոր մշակույթի` ժողովրդական հավատալիքների, հնագույն պաշտամունքային երևույթների, այլև պետական կառավարման համակարգի ու բանակի վերաբերյալ: