
«Զանգեզուրի միջանցքի նախագիծն ամեն դեպքում կիրականացվի». թուրք նախարար
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն CNN TURK -ին տված հարցազրույցում խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։
«Միջին միջանցքը ամենաարագ և հուսալի տրանսպորտային միջանցքն է։ Մենք վերապրել ենք համաճարակներ և պատերազմներ, և չպետք է սահմանափակվենք մեկ այլընտրանքով»,- ասել է թուրք նախարարը։
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ նախարարն ասել է հետևյալը. «Իհարկե, այստեղ մենք առաջնահերթությունը տալիս ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության դադարեցմանը, խաղաղ բանակցություններին և, իհարկե, խաղաղության հասնելուն։ Մեզ համար արժեքավոր այս բանակցությունները շարունակվում են։ Իհարկե, պետք է հաշվի առնել երկրների ազգային անվտանգությունը։ Այս մասին խոսում են Ադրբեջանն ու Հայաստանը։ Կա նաև իրանական այլընտրանք, և այն նույնպես քննարկվում է։ Ամեն դեպքում, այս միջանցքի նախագիծը կիրականացվի, բայց մեր ադրբեջանցի եղբայրները ուշադիր ուսումնասիրում են՝ այն կանցնի Հայաստանո՞վ, թե՞ Իրանով։ Մենք նույնպես հետևում ենք գործընթացին», - ասել է թուրք նախարարը։