«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի Սահմանադրական դատարանը հեղաշրջման կազմակերպման համար մեղադրվող հայտնի լրագրողին ազատ արձակելու վճիռ է կայացրել

08/01/2021

Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ Zaman պարբերականի նախկին սյունակագիր Շահին Ալպայի նկատմամբ կիրառված տնային կալանքը խախտում է լրագրողի ազատության և անվտանգության իրավունքները: Այս մասին հայտնում է ahlavnews.com լրատվական գործակալությունը:

Համաձայն դատարանի որոշման՝ «իր բնակավայրը լքելու թույլտվության սահմանափակումը» տեղին չի եղել, քանի որ այդպիսով խախտվում է Սահմանադրության 19-րդ հոդվածով սահմանված՝ անձնական ազատության և անվտանգության իրավունքը:

Zaman թերթի նախկին լրագրողը բերման էր ենթարկվել 2016 թվականի հուլիսի 27-ին՝ նույն ամսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակից լինելու՝ «հեղաշրջում կազմակերպելու» և «ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու» մեղադրանքներով:

Համաձայն Սահմանադրական դատարանի որոշման՝ Շահին Ալպան և հայտնի լրագրող Մեհմեդ Ալթան պետք է ազատ արձակվեն: Այս որոշումը, սակայն, չի ընդունվել առաջին ատյանի դատարանների կողմից:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: