«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արմեն Մելիքյանն ու Կարեն Ասլանյանը օլիմպիական ուղեգիր վաստակեցին

08/05/2021

Սոֆիայում ընթացող ըմբշամարտի օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարում մայիսի 8-ին մրցագորգ դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հայաստանի հավաքականը օլիմպիական ուղեգրերի համար պայքարի մեջ մտավ չորս քաշային կարգերում։ Կիսաեզրափակիչ գոտեմարտերում հաղթելով իրենց մրցակիցներին Արմեն Մելիքյանն ու Կարեն Ասլանյանը ևս երկու ուղեգիր ապահովեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանիհավաքականի համար։

armeniasputnik.am-ը գրում է, որ 60 կգ քաշային կարգում Արմեն Մելիքյանը մեկնարկային գոտեմարտում 10։1 հաշվով առավելության հասավ մեքսիկացի Գուրիա Վիգուերասի նկատմամբ։ 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը նորից բացահայտ առավելությամբ՝ 9։0 հաշվով պարտության մատնեց Յուստաս Պետրավիչուսին։ Քառորդ եզրափակիչում Մելիքյանի մրցակիցը ռումինացի Ռազվան Առնաուտն էր։ Այստեղ էլ Արմենը գործեց վստահ ու հաղթանակի հասավ 3։1 հաշվով։ Հայ ըմբիշին մեկ հաղթանակ էր պակասում օլիմպիական ուղեգիր վաստակելու համար։ Կիսաեզրափակիչում մեր ըմբիշի մրցակիցը կորեացի Հանջաե Չունգն էր։ Արմենը ծանրագույն հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ` գոտեմարտի վերջում վաստակելով հաղթական միավորները՝ 5։2։ Այսպիսով, Արմեն Մելիքյանը 60կգ քաշային կարգում հանդես կգա Տոկիոյի օլիմպիական խաղերում։

67կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը նույնպես հաղթանակով սկսեց իր ելույթները։ 1/8 եզրափակիչում Ասլանյանը 8։0 հաշվով հաղթեց նորվեգացի Մորտեն Տոռեսենին։ Քառորդ եզրափակիչում Կարենն արդեն 10։5 հաշվով իր առավելությունը դրսևորեց կիրգիզ Ամանտուր Իսմաիլովի նկատմամբ։ Իսկ կիսաեզրափակիչում հայ ըմբիշը օլիմպիական ուղեգիրը վիճարկեց Ֆրանսիան ներկայացնող Մամադասա Սիլիասի հետ։ Գրագետ ու հստակ գոտեմարտ անցկացնելով` Ասլանյանը հաղթանակի հասավ 3։1 հաշվով իր տեղն ապահովելով Տոկիոյի օլիմպիական խաղերում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: