«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զանգեր, ուղերձներ. Ըստ քաղաքագետի՝ Լավրովն ու Պուտինը փորձում են կանխել ամերիկյան ակտիվությունը

03/08/2022

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, Արցախում ադրբեջանական երեկվա սադրանքից հետո այսօր տեղի է ունեցել Պուտին-Փաշինյան, Լավրով-Միրզոյան հեռախոսազրույց։ Ի՞նչ զարգացումներ են ընթանում Հայաստանի ու Արցախի շուրջ, ինչո՞վ են պայմանավորված այս հեռախոսազանգերը։

– Ես սա առաջին հերթին երեկվա սադրանքի հետ չեմ կապում, որովհետև, այնուամենայնիվ, երեկվա սադրանքը լոկալ բնույթ ուներ և կարծես թե, բարեբախտաբար, շարունակություն չունեցավ։ 

Սա ավելի շատ կապում եմ նախորդ մի քանի օրերին ամերիկյան ակտիվության հետ. եթե հիշում եք՝ տեղի է ունեցել առնվազն չորս հեռախոսազրույց․ պետքարտուղար Բլինքենը խոսել է Փաշինյանի ու Ալիևի, իսկ նրա տեղակալը երեկ խոսել է Միրզոյանի ու Բայրամովի հետ: 

Սա նշանակում է ամերիկյան էական ակտիվություն, որովհետև զանգերի նման ինտենսիվությունը, այն էլ այն պայմաններում, երբ աշխարհում շատ թեժ կետեր կան՝ Ուկրաինա, Թայվան, Կոսովո, չի կարող հենց այնպես լինել, մանավանդ որ Բլինքենը Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում Վաշինգտոնի պատրաստակամությունն էր հայտնել տեխնիկական աջակցություն ցույց տալ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում։ 

Իմ ենթադրությամբ՝ Բաքուն Վաշինգտոնից որոշակի առաջարկ է լսել, որը նրան թույլ է տալիս առևտրի ավելի մեծ դաշտ բացել Մոսկվայի ու Վաշինգտոնի հետ իր հարաբերություններում, ու, իմ կարծիքով, Մոսկվան ակտիվանում է, որպեսզի մի կողմից փորձի Բաքվի ինչ-որ ակնկալիքներ բավարարել, մյուս կողմից՝ Երևանին համոզել ինչ-որ լուծումների հարցում, և երրորդ՝ կանխել ամերիկյան ակտիվությունը։ Լավրովի ու Պուտինի այսօրվա զանգերն ավելի շատ կապում եմ Բլինքենի ու նրա տեղակալի ակտիվության հետ։

– Իսկ ադրբեջանական սադրանքն ինչի՞ հետ եք կապում։

– Մի քանի ենթադրություն կարելի է անել․ բացի այն ստանդարտ առավելապաշտական օրակարգից, որ ունի Բաքուն ու փորձում է սադրանքներով այն առաջ մղել, ակնհայտ է, որ ինչ-որ պատճառ պետք է լիներ, որ Բաքուն հերթական սադրանքին դիմեր: Եթե հիշում եք՝ վերջին նման դեպքը ձմռանն էր՝ Փառուխում։ 

Այս սադրանքը հաջորդեց Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցին, ի՞նչ կարող ենք ենթադրել․ կա՛մ Բլինքենը կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն խոստանալով՝ Ադրբեջանի համար բարենպաստ առաջարկ է արել, ինչից Ադրբեջանն առիթավորվել է ու փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որ հասնի այդ առաջարկի իրագործմանը, կա՛մ Ադրբեջանն անցանկալի առաջարկ է լսել Բլինքենից ու այս կրակոցներով իր անհամաձայնությունն է հայտնում։ 

Երրորդ տարբերակը, որ Բաքուն սադրանքի է դիմել Մոսկվայի հրահրմամբ՝ դարձյալ ամերիկյան առաջարկները խափանելու նպատակով։ 

– Խոսքի սկզբում ասացիք, որ Ռուսաստանն ակտիվացել է, որպեսզի ճնշի ամերիկյան ակտիվությունը, ըստ ձեզ՝ կհաջողի՞, պարո՛ն Սուրենյանց։

– Ես միշտ ռեալ պոլիտիկի ու քաղաքական ռեալիզմի կողմնակից եմ․ իհարկե, մյուս խաղացողներից յուրաքանչյուրը, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ունեն իրենց դերակատարությունը, այսինքն՝ այնպես չէ, որ նրանք ներկա չեն Հարավային Կովկասի գործընթացներում, բայց ես մնում եմ իմ այն կարծիքին, որ Հարավային Կովկասում ազդեցություն գործադրելու առարկայական ամենամեծ գործիքակազմն ունի Ռուսաստանը։ Այսինքն՝ նա մյուս երրորդ խաղացողների նախաձեռնություններին չի ընդդիմանում այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն հակադրվում նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթի տրամաբանությանը կամ չեն վտանգում Մոսկվայի ազդեցությունը։

– Ձեր նշած տարբերակներից ո՞րն է տեղի ունեցել, որ Մոսկվան, ինչպես ասում եք, ակտիվացել է։

– Կա՛մ Երևանից ինչ-որ հարցեր ճշտելու կարիք ունեն, որպեսզի հասկանան ամերիկյան ակտիվության մոտիվացիան, կա՛մ էլ որոշակի ռիսկ են տեսել, որ ամերիկյան նախաձեռնությունը կարող է վտանգել իրենց հիմնական դերակատարությունը տարածաշրջանում։

– Այս զարգացումներից ի՞նչ ակնկալիքներ ու վտանգներ կարելի է սպասել։

– Լայնամասշտաբ պատերազմի վտանգ չեմ տեսնում, որովհետև Ադրբեջանը կարող է դիմել լայնամասշտաբ պատերազմի, եթե ունի մեծ խաղացողների կամ դրանցից գոնե մեկի «թույլտվությունը»։ Այս պահին պատերազմը ձեռնտու չէ Ռուսաստանին, որովհետև տարածաշրջանում նրա հաստատած ստատուս քվոն է, ու դժվար է պատկերացնել, որ տարիներով ձգտած այս ստատուս քվոն հիմա իր ձեռքով կխարխլի, հետևաբար Ռուսաստանին լայնածավալ պատերազմ պետք չէ, եթե, իհարկե, Հայաստանը կամ Ադրբեջանը կարմիր գծեր չի անցել, ու մեկի ձեռքով մյուսին պատժելու խնդիր չկա։ 

Արևմուտքին ևս պատերազմ պետք չէ, որովհետև, ամեն դեպքում, դեպի Մերձավոր Արևելք կոմունիկացիաներն անցնում են նաև մեր տարածաշրջանով, իսկ նման բարդ իրավիճակում կոմունիկացիոն այս գծից Արևմուտքը չի ուզենա զրկվել։ Հետևաբար պատերազմի հավանականություն չեմ տեսնում, բայց ռիսկեր տեսնում եմ, օրինակ՝ Ադրբեջանը կարող է Վաշինգտոն-Մոսկվա ուղղություններով փորձել առևտուր անել՝ ի հաշիվ մեր շահերի։ 

Հայաստանի ղեկավարությունից ակնկալվում է, որ նա ակտիվ դիվանագիտության միջոցով կարողանա մի կողմից կառավարել հնարավոր ռիսկերը, մյուս կողմից՝ կառուցողական դիրքորոշում ունենա, այսինքն՝ ակտիվ շարունակի հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական երկխոսությունը, որովհետև միայն այդկերպ է հնարավոր նվազագույնի հասցնել պատերազմի ռիսկերը։

– Ձեր դիտարկմամբ՝ այս զարգացումները հիմնականում ինչի՞ն են միտված՝ կոմունիկացիաների բացմա՞նը, այսպես կոչված խաղաղության պայմանագրի կնքմա՞նը, ինչի՞ն։

– Դրանք բոլորը փոխկապակցված են․ գլոբալ իմաստով՝ բոլոր խնդիրները տանում են այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստեղծմանը, դրա տարբեր դրվագներ ուղղակի առանձնացված են և զուգահեռ են ընթանում, օրինակ՝ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը, ու, վերջապես, կան Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ու հումանիտար խնդիրներ։ Բայց, կարծում եմ, հիմնական հակասություններն այս պահին վերաբերում են կոմունիկացիաների ապաշրջափակման խնդրին՝ սկսած կոմունիկացիաների ռեժիմից, վերջացրած դրանց երթուղիներով։ 

Ենթադրում եմ, որ հակասություններ կան նաև Սյունիքով անցնող ճանապարհի ռեժիմի վերաբերյալ։ Այո՛, դա դասական միջանցք չի լինելու, բայց եթե ռուսներն են վերահսկելու, ի՞նչ չափանիշներով են դա անելու, վերահսկողության ինչպիսի՞ ծավալ են ունենալու: Այս հարցերի շուրջ, իմ տպավորությամբ, կողմերը չունեն համաձայնություն, իսկ ամերիկացիների առաջարկը տեխնիկական աջակցության մասին վերաբերում էր կոմունիկացիաների ապաշրջափակմանը, ինչը նշանակում է, որ այդ հարցում իրավիճակն ավելի է խճճվել։ 

– Պարո՛ն Սուրենյանց, Ադրբեջանի արտգործնախարարի վերջին հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ այդ մասի՞ն է վկայում։

– Հա՛, բայց հանուն անկեղծության ասեմ, որ Բայրամովի ամբողջ խոսքից պարզ է, որ միջանցք ասվածը չի վերաբերում դասական միջանցքին, որովհետև նա խոսում է տարածաշրջանային խաղաղության մասին, որը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, այսինքն՝ ակնհայտ է, որ խոսքը դասական իմաստով միջանցքի մասին չէ։ Եթե ադրբեջանցիներն անընդհատ խոսում են միջանցքի մասին, դա վկայություն է այն բանի, որ երթուղիների, այդ ճանապարհի ռեժիմի, ռուսական դերակատարության հարցերի շուրջ կան տարբեր մոտեցումներ, դա ակնհայտ է։ Այսինքն՝ հակասությունը դասական իմաստով միջանցքի լինել-չլինելու մասով չէ։

– Իսկ բացառո՞ւմ եք, որ Բայրամովը տարածքային ամբողջականություն ասելով՝ նկատի է ունեցել իրենց պատկերացրած տարածքային ամբողջականությունը, իսկ իրենց պատկերացրածով դրա մեջ ներառվում է նաև «Զանգեզուրի միջանցքը», որը, ըստ իրենց, Ադրբեջանինն է։

– Այս դեպքում բացառում եմ, որովհետև այն ձևով, ինչպես պաշտոնական Բաքուն սկզբում խոսում էր միջանցքի մասին, հիմա հռետորաբանությունը փոխված է։

– Կարո՞ղ ենք ասել, որ Մոսկվան այդ հարցում կարողացավ զսպել Ադրբեջանին։

– Այո՛, այդ հարցում թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը հասկացրին, որ ռազմավարական բալանսի փոփոխություն թույլ չեն տալու, այսինքն՝ Սյունիքը Փառուխ չէ, Սյունիքում տարածքային փոփոխությունը ենթադրում է ամբողջ տարածաշրջանում ռազմավարական բալանսի փոփոխություն, իսկ դա չի բխում վերոնշյալ երկրների շահերից: Անգամ Թուրքիան է նման պնդումներ շատ հազվադեպ անում, միայն Ադրբեջանն է դա պնդում, իսկ քանի որ դասական միջանցքի հարցը միջազգային կոնսենսուս չունի, Ադրբեջանի օրակարգն այս հարցում հազիվ թե սպասարկվի։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am