«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մահացել է Սոսի Խանիկյանը

02/03/2021

Բաղրամյան պողոտայում երեկ վրաերթի էր ենթարկվել մի երիտասարդ աղջիկ։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է հիվանդանոցում։ Վրաերթի ենթարկած վարորդը վթարի վայրից չէր հեռացել, կանչել էր շտապօգնություն, սակայն աղջկան փրկել չհաջողվեց։ Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։

Մահացածը 35-ամյա Սոսի Խանիկյանն էր՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի բովանդակության և ստեղծագործական ծրագրերի պատասխանատուն։ Երկար տարիներ Սոսին աշխատել է նաև Հանրային հեռուստաընկերությունում, նրա հեղինակմամբ բազմաթիվ հեռուստաշարքեր են եթեր գնացել։
Սոսին նաև խոսքեր էր գրում երգերի համար։ 2011 թվականին Եվրատեսիլում Էմիի ներկայացրած «Boom-boom» երգի բառերի հեղինակն էր։ Ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի անգլերեն լեզու-գրականություն բաժինը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան, ապա վերապատրաստում է անցել Լոնդոնի Մերիդյան քոլեջում:
Միշտ երազել է դերասանուհի դառնալ ու երևի դա էր պատճառը, որ ԵՊՀ-ի Մշակույթի կենտրոնի ամենավառ ու ամենաակտիվ անդամներից մեկն էր։ Սոսիին ընկերները ճանաչում են որպես չափազանց լավատես, բարի, լուսավոր, ազնիվ ու կենսուրախ մարդ։ 35 տարեկանում ընդհատվեց բազմաթիվ երազանքներ, նպատակներ ու ծրագրեր ունեցող գեղեցիկ մի աղջկա՝ Սոսիի կյանքը։