«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ․Ք․Գ․Դ․, ՊՐՈՖԵՍՈՐ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆ

27/06/2022

Ուկրաինական ճգնաժամի՝ հետսառըպատերազմյան ամենախոշոր զինված կոնֆլիկտի կապակցությամբ, արևմտյան աշխարհի ողջ քարոզչամեքենան անարգանքի սյունին է գամում Ռուսաստանին, որպես անվտանգության և խաղաղության հիմնական սպառնալիքի: Նրա ղեկավարության գործողությունները բնութագրվում են որպես հակահումանիստական և հակաիրավական միջազգային իրավունքի տեսակետից: Բոլորովին էլ նպատակադրված չենք կանխակալ դիրքորոշմամբ արդարացնել կամ գովաբանել Կրեմլի արտաքին քաղաքականությունն ու պատերազմական գործողությունների ծավալումը հարևան սլավոնական երկրում,: Բայց այստեղ կա մի ,,բայց,,: Ռուսաստանին ներկայացնում են, որպես միջազգային իրավունքի, միջազգային համակարգի փլուզող և ոչնչացնող, անտեսելով այն հանգամանքը, որ դրանում առկա է նաև Արևմուտքի մեղքը: Արդյոք արդարացի՞ են ռուսական կողմի հանդեպ հնչեցվող մեղադրանքները: 
Մեր կարծիքով հակառուսական մեկնաբանությունները, որոնք ձևակերպվում ու տարածվում են  արևմտյան քաղաքագիտական և ռազմավարական հետազոտությունների և ուղեղային կենտրոնների կողմից, հիմնարար պարզաբանման կարիք են զգում: Դա անհրաժեշտ է պատմական արդարության և օբյեկտիվության համար, նաև նրա համար, որ խոսքը վերաբերվում է Հայաստանի թիվ մեկ ռազմաքաղաքական դաշնակցին, որը փաստացի թուրք-ադրբեջանական ագրեսիայի վտանգի առկայության պայմաններում Հայաստանի և Արցախի անվտանգության միակ երաշխավորն է: Մեր հանրությանը պետք է հասկանալ, թե արդյոք դաշնակցում ենք ,,ագրեսորի,, և զավթիչի հետ, թե ամեն դեպքում այստեղ պարզաբանումներ են պետք: Իհարկե երբեք էլ նպատակ չունենք տուրք տալու նաև հակաուկրաինական և հակաարևմտյան քարոզչությանը: 
Խորհրդային Միությունը, որի շարունակողը Ռուսաստանի Դաշնությունն է, հակահիտլերյան կոալիցիայի մյուս անդամների աջակցությամբ ջախջախեց նացիստական Գերմանիային և անգնահատելի ներդրում ունեցավ միլիտարիստական Ճապոնիայի նկատմամբ հաղթանակի գործում։ Ապագայում, նոր համաշխարհային պատերազմի  կրկնությունը կանխելու և մարդկությունը նոր աղետներից փրկելու համար, ԽՍՀՄ-ը մյուս հաղթող տերությունների հետ միասին ստեղծեց միջազգային հարաբերությունների Յալթա-Պոտսդամյան  նոր համակարգը, որը նաև ներկայիս աշխարհակարգի հիմքն է: Նրա առանձնահատկությունը ՄԱԿ-ի գերակայությունն է համաշխարհային հիերարխիայում, ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող գործողությունների և պայմանագրերի անթույլատրելիությունը, միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման հարցերով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը կատարելու պարտականությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին զինված ուժի կիրառման վերաբերյալ օրինական որոշումներ կայացնելու բացառիկ լիազորություններով օժտելը: Ամրագրվեց նաև ուժի չկիրառման, միջազգային վեճերի խաղաղ կարգավորման, պետությունների ինքնիշխան հավասարության, ներքին գործերին չմիջամտելու և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները իմպերատիվ նորմի վերածելը, որը բոլոր պետություններին և միջազգային շփման այլ անդամներին հրամցնում է վարքագծի պարտադիր նորմեր:
Հետագայում ևս,  Մոսկվայի ամենաակտիվ և նախաձեռնող մասնակցությամբ է կառուցվել միջազգային հարաբերությունների կարգավորման ունիվերսալ համակարգը և ժամանակակից միջազգային իրավունքի շենքը:  Այդ շենքը դիմացել է բոլոր փորձություններին՝ սառը պատերազմին, և երկբևեռ համակարգի փլուզմանը: Կնքվել է միջուկային զենքի չտարածման, մանրէաբանական (կենսաբանական),  և քիմիական զենքերիի մշակման, արտադրության, կուտակման և արգելման մասին պայմանագրերը, ինչպես նաև բազմաթիվ այլ համաձայնագրեր, որոնք ուղղված են պետությունների ինքնիշխանության ապահովմանը և միջազգային ահաբեկչության, նարկոթրաֆիկի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարին և մարդկության առջև ծառացած գլոբալ խնդիրների լուծմանը: Միջազգային հանրության շահերից է բխում պահպանել, պաշտպանել և բազմապատկել այդ հարուստ ժառանգությունը, և հակազդել գործող միջազգային իրավունքի և միջազգային կազմակերպությունների համակարգի, առաջին հերթին ՝ ՄԱԿ-ի, նրա կանոնադրության և անվտանգության խորհրդի վրա հարձակումներին:
Ցավոք, ժամանակակից միջազգային իրավունքի պաշտպանությունը դառնում է ավելի ու ավելի բարդ խնդիր։ Նկատվում է համաշխարհային ուժային կենտրոնների կողմից նոր  նպատակների որդեգրումը, որն հանգեցնում է միջազգային իրավունքի ոչնչացմանն ու միջազգային կազմակերպությունների վերակառուցմանը: Եվ դրանում մեղադրել միայն Ռուսաստանին, մեղմ ասած արդարացի չէ:  Այս առումով ավելի ակտիվ է Արևմուտքը ԱՄՆ-ի գլխավորությամբ, որը հօգուտ արևմտյան տերությունների ցանկանում է նոր՝ հետսառըպատերազմյան միաբևեռ աշխարհակարգ կառուցել: Այս քաղաքականությունը բախվում է մյուս երկու ուժային բևեռների՝ Ռուսաստանի և Չինաստանի հակազդեցությանը: 
Բախման արդյունքում միջազգային հարաբերություններում գոյություն ունեցող իրավակարգն է խարխլվում, տեղի են ունենում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի կոպիտ, աղաղակող և բացահայտ խախտումներ: Ներկա ուկրաինական պատերազմի համապատկերում շատ հեշտ ու հարմար է Ռուսաստանին մեղադրել միջազգային/անվտանգային համակարգի ոչնչացման մեջ: Սակայն պետք է հիշել դրանից առաջ Իրաքի, Լիբիայի, Սիրիայի և Աֆղանստանի դեմ իրականացված մեծ ռազմական գործողություններն ու պատերազմները:  Օրինակ, կանխամտածված և ոչ հավաստի պատրվակներով Իրաք ներխուժումը, իրականում Արևմտյան երկրների կողմից երկրի քաղաքական ռեժիմի և պետական կառուցվածքի բռնի փոփոխություն էր ԱՄՆ-ի գլխավորությամբ: Այն հանգեցրել է երկարատև քաղաքացիական-կրոնական պատերազմի, հարյուր հազարավոր զոհերի և սոցիալ-տնտեսական այնպիսի հետևանքների, որոնցից Մերձավոր Արևելքի առաջատար երկրներից  մեկն արդեն երկրորդ տասնամյակն է, որ ի վիճակի չէ ապաքինվել: Միայն իրաքյան և սիրիական տարածքներում ձևավորված իսլամական պետության կողմից իրականացված եզդիների, քրիստոնյաների, ասորիների և քրդերի նկատմաբ ցեղասպանական գործողությունները,  բավարար են իրաքյան ներխուժման հետևանքների բարոյական և քաղաքական գնահատականը տալու համար: Լիբիայի, Իրաքի և Սիրիայի նման կայուն և սոցիալական ապահովության բավարար մակարդակով պետությունները դարձել են քաղաքացիական-կրոնական պատերազմների թատերաբեմ, որն արևմտյան քարոզչամեքենան ներկայացնում է տոտալիտար ռեժիմների տապալման և ,,ժողովրդավարացման,, փաթեթավորմամբ: Աֆղանստանի ,,ժողովրդավարացումն,, էլ ավարտվեց փախուստով և Թալիբանի իշխանության վերականգնմամբ: 
Միջազգային իրավունքի փոշիացման և միջազգային անվտանգության համակարգի փլուզման պատճառ է նաև երկակի ստանդարտների քաղաքականությունն ու միջազգային իրավունքի նորմերի ընտրովի կիրառումը բոլոր մեծ տերությունների կողմից: Վառ օրինակը  միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից և նորմերից մեկի՝ ազգերի և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ընտրովի կիրառումն է: Կոսովոյի և Արևելյան Թիմորի ճանաչման դեպքում ընտրվեց ինքնորոշման իրավունքը, իսկ Արցախի, Հարավային Օսիայի, Աբխազիայի, Դոնեցկի և Լուգանսկի չճանաչման հիմքում տարածքային ամբողջականության սկզբունքը: 
Մեկ այլ ապակառուցողական գործունեության օրինակ․ ԱՄՆ-ը հետևողականորեն հրաժարվում է միջազգային բազմակողմ համաձայնագրերի պատշաճ կերպով ձևակերպված մասնակցությունից և նրանց մասնակիցների նկատմամբ ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելուց: Փորձագիտական վերլուծություններում նշվում են տասնյակ համաձայնագրեր և ՄԱԿ-ի կոնվենցիաներ: Միաժամանակ բազմակողմ միջազգային համաձայնագրերի և իրավական ռեժիմների գործողությունների տակից դուրս են բերվում ամերիկյան քաղաքացիներ, զինծառայողներ, ֆիզիկական և իրավաբանական անձինք: Փաստ է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր բանաձևերի կիրառումից խուսափումը: Այսպես, ԱՄՆ-ը 2018 թվականին միակողմանի կարգով դուրս է եկել Իրանի հետ միջուկային գործարքից, որը հավանության էր արժանացել 2231 բանաձևով։ Կամ, օրինակ, շարունակվում է անտեսվել Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի տապալման փաստը, որը ներկա պատերազմի հիմնական պատճառն է: 
Պասիվ հետևել տեղի ունեցածին ոչ մի կերպ չի կարելի։ Համաշխարհային հանրության շահերից է բխում գործող միջազգային իրավունքի նորմերը թաղելու բոլոր այդ ձևերին հակազդելու համապարփակ ռազմավարության մշակումը: Ամենաթողությունը արդի համաշխարհային քաղաքականության մեջ առաջին հերթին հարվածում է փոքր պետություններին, ով ով, բայց հայ ժողովուրդը նոր աշխարհակարգում դրա առաջին զոհերից է: Երեք տասնամյակ շարունակ երկակի ստանդարտներ կիրառելով աշխարհի հզորները առ այսօր չեն ճանաչել մի բուռ հայության ինքնորոշման և գոյատևման իրավունքը Արցախում:    
Բոլոր այն դեպքերում, երբ թույլ են տալիս հանգամանքները, հարկ է նախաձեռնել միջազգային իրավունքի այն նորմերի պարտադիր լինելը հաստատելու և ամրապնդելու նպատակ ունեցող նորմատիվային բանակցությունների մեկնարկը, որոնցում շահագրգռված են Ռուսաստանը և բոլոր նրանք, ովքեր դեմ են միջազգային գործերում կամայականություններին և միջազգային իրական համագործակցության օգտին: Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է և դրա համար էլ կարևոր է օգտագործել միջազգային կազմակերպությունների այն ձևաչափերը, որոնց ստեղծմանը Ռուսաստանն ու նրա մերձավոր երկրներն ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ն, ԱՊՀ-ն, BRICS-ը, ՇՀԿ-ն և ցանկացած պրոֆիլի այլ ունիվերսալ և տարածաշրջանային կազմակերպություններ:
Միջազգային հարաբերությունների այնպիսի կարգավորող համակարգի ձևավորման հոգատարությունն է, որը կապահովի պետությունների խաղաղ զարգացումը, միջազգային ասպարեզում նրանց գործունեության համակարգումը, միջազգային լայն համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում, որևէ համաշխարհային տերության գերիշխանության անթույլատրելիությունը մյուսների նկատմամբ։ Այդ մասին ոչ մի դեպքում չի կարելի մոռանալ։

Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի քաղաքական վերլուծաբան, ք․ գ․ դ․, պրոֆեսոր Գարիկ Քեռյան  

Generalnews.am