«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հեքիաթներն ունեն տարբեր բանաձևեր. Հեքիաթասաց Հայկ Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից

02/03/2021

Հեքիաթներն ունեն տարբեր բանաձևեր: Դրանցից կարևորագույնը «Լինում է, չի լինում» բանաձևն է, որին հաջորդող պնդումը հաստատում է, որ «Լինում է»: «Լինում է, չի լինում մի Թագավոր է լինում». այս բանաձևը հուշում է, որ ինչ-որ խմբի համար Հեքիաթում պատմվողը «Լինում է», իսկ ինչ-որ խմբի համար՝ «Չի լինում»: Հենց Հեքիաթներն էլ հստակ հուշում են թե ինչով են տարբերվում այդ երկու լսարանները: Նա, ով հավատում է Հրաշքներին և Հեքիաթներին, նրա համար «Լինում է», իսկ ով չի հավատում, նրա համար չի լինում: Սա ընդամենը այդ կարևորագույն Հեքիաթային բանաձևի շերտերից մեկն է միայն: Սովորաբար շատ իմացությունը, տրամաբանությունը կամ ավելորդ գիտելիքների բեռը մարդուն մղում են դեպի «Չի լինում»-ի տիրույթ: Նա տասնյակ հիմնավոր պատճառներ գիտի թե ինչու այս կամ այն բանը հնարավոր չէ: Իսկ ահա Հեքիաթներում իսկական հերոսը դատարակ է՝ արևելյան իմաստունների սիրած դատարկ անոթի պես: Նա չգիտի թե ինչու այս կամ այն բանը հնարավոր չէ: Դրա համար նրան փորձում են հետ պահել որևէ անկարելի բանից կամ անգամ ծաղրում են: Նման իրողության տիպիկ օրինակ է Հայոց Մեծ Հեքիաթի Ծուռ հերոսը, ով անգամ չգիտի առյուծը «Հեռվա՞նց կ’ուտի,
Թե՝ մոտենաս, ու նոր կուտի»։ Եվ ահա նման իմացություն անգամ չունենալով նա հաղթում է առյուծին։ Ժողովրդական իմաստությունն ասում է. «Շատ իմանաս, շուտ կծերանաս»։ Քչերն են հասկանում թե որքան շուտ. իմացությունը վարկյանապես կարող է ծերացնել, թուլացնել մարդուն՝ նրանից խլել երիտասարդին բնորոշ խելառությունն ու համարձակությունը։ Բայց վերադառնանք «Լինում է, չի լինում է»-ին։ Լինում է, չի լինում մի խելառ է լինում, ով ամեն գիշեր երազում տեսնում է, որ դարձել է մի երկրի Թագավոր, որի բնակիչներն ապրում են Հեքիաթներին հավատալով և Հեքիաթային կյանքով։ Ամեն անգամ, երբ նա արթնանում է քնից հանդիպում է ևս մեկին, ով նույն երազն է տեսել և այդպես ամեն օր նրա երազը սկսում են տեսնել ավելի ու ավելի շատ մարդիկ: