«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կփոխվի վերաքննությունների և գնահատման կարգը․ ԿԳՄՍ

28/11/2025

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ԿԳՄՍ նախարարի հրամանում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով անդրադարձ է կատարվում նույն դասարանում մնացած, բացակայող, ինչպես նաև՝ գովասանագրի արժանի աշակերտներին։

Նախագծով սահմանվում է, որ եթե սովորողը որևէ առարկայից տարեկան ստանում է 1–3 միավոր, նա պետք է հանձնի վերաքննություն, իսկ այդ փուլը չհաղթահարելու և առնվազն երկու առարկայից նույն միավորները ստանալու դեպքում կրկնում է տվյալ դասարանի ուսուցումը։

Կրթական մակարդակի ավարտին անցկացվող քննությունների դեպքում, եթե վերաքննությունից հետո սովորողը առնվազն երկու առարկայից ստանում է 1–7 միավոր (20 միավոր սանդղակից), նա նույնպես մնում է նույն դասարանում։

Տարվա ընթացքում 200 ժամից ավելի բացակայած սովորողները պարտավորվում են հանձնել լրացուցիչ գրավոր քննություններ ուսումնական պլանի բոլոր առարկաներից։ Նրանց հետագա փոխադրման հարցը որոշվում է օգոստոսի 20–30-ի ընթացքում՝ լրացուցիչ քննությունների կամ վերաքննությունների արդյունքների հիման վրա։

Լրացուցիչ քննությունների արդյունքները միավորային գնահատմամբ դասարաններում ներառվում են կիսամյակային և տարեկան գնահատականներում։ Այն դասարաններում, որտեղ միավորային գնահատում չի կիրառվում, վերաքննությունների տվյալները ընդգրկվում են սովորողի կիսամյակային և տարեկան բնութագրերում։

Եթե սովորողը չի ներկայանում լրացուցիչ քննություններին կամ վերաքննություններին, կամ միավորային գնահատմամբ դասարաններում վերաքննությունից հետո առնվազն երկու առարկայից ստանում է 1–7 միավոր (20 միավոր սանդղակից), նա կրկնում է տվյալ տարվա դասընթացը։

Նախագիծը հստակեցնում է նաև ոչ միավորային գնահատմամբ դասարաններում գերազանցության չափորոշիչները։ Սահմանվում է, որ այդ դասարաններում ԿԳՄՍ նախարարության գովասանագրին արժանանում են սովորողները, որոնք բնութագրված են «A» մակարդակում նվազագույնը 70% և «B» մակարդակում առավելագույնը 30% չափով։