«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍԿՍԵԼ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԷՐԴՈՂԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԻ ԹԵՄԱՆ․ ՀՐԱՊԱՐԱԿ

26/10/2021

Մենք գրել էինք, որ ռուսական կողմը հավաստի տեղեկություններ ունի այն մասին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը «մինչեւ մայիս չի ձգի»։ Վերջին օրերին նա անգամ սկսել է իրեն տարօրինակ պահել․ Մոլդովայի նախագահի հետ հանդիպման ժամանակ քնում էր, իսկ դրանից առաջ էլ տեսախցիկների առաջ քիթն էր փորում։ Նա ՄԱԿ-ի ԱԽ կազմի եւ G-10-ի անդամ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի եւ Շվեդիայի դեսպաններին պերսոնա նոն գրատա` անցանկալի անձ է հայտարարել` ընդդիմադիր Օսկար Կավանային ազատ արձակելու կոչի համար։

Դրանից առաջ Էրդողանը հաջողացրել էր հակաթուրքական հայտարարությունների ալիք բարձրացնել Ռուսաստանում՝ ասելով, որ աշխարհի ճակատագրերը չպետք է որոշեն Երկրորդ աշխարհամարտում «մի խումբ հաղթողներ»։ Էրդողանը ՄԱԿ-ի ԱԽ-ում վետոյի իրավունք է ուզում։ Հիշեցնենք, որ հիմա այն կիրառելու իրավունք ունեն միայն ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Չինաստանը։ 

Թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը մեզ հայտնեց, որ թուրքական մեդիայում վերլուծական շրջանակների կողմից (հասկանալի պատճառներով՝ երկրից դուրս եկած եւ Եվրոպայում բնակվող) արդեն իսկ սկսել է քննարկվել Էրդողանի իրավահաջորդության հարցը։ Եվ արդեն իսկ հնչում են որոշ անուններ։ Դրանցից մեկը Թուրքիայի պաշտպանության նախարար, մինչ այդ Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետ, պրոֆեսիոնալ զինվորական Հուլուսի Աքարն է։ «Նա այն սակավաթիվ զինվորականներից է, ով 2016 թվականի հուլիսյան հեղաշրջման փորձի ճնշումից հետո  կարողացավ խուսափել Էրդողանի կողմից պատժամիջոցներից»,-արձանագրում է թուրքագետը։ Նա, ըստ թուրքական մամուլի, թեեւ հրավիրված է եղել թուրքական ռազմաօդային բազայում գտնվող դավադիրների շտաբ՝ թեյ խմելու, սակայն վերջին պահին Էրդողանին զգուշացրել է հեղաշրջման մասին։ Հիշեցնենք, որ Հուլուսի Աքարը մշտապես հանդես է եկել հայատյաց հայտարարություններով, եւ դրանցից վերջինը 44-օրյա պատերազմից հետո նրա մեկնաբանությունն է, թե «թուրքական բռունցքն իջավ հայերի գլխին»։

Էրդողանի հեռացմամբ ի՞նչ կփոխվի Թուրքիայի քաղաքականության մեջ։ Այս հարցին ի պատասխան՝ Սաֆրաստյանն ասում է․ «Եթե նա Ժողովրդա-հանրապետական՝ քեմալական կուսակցության աջակցությունն ունենա, որեւէ բան չի փոխվի։ Կամ՝ եթե կարողանան ընդդիմադիրները միասնական թեկնածու ներկայացնել, նույնիսկ 23 թվի ընտրություններին, ոչ թե վաղաժամկետ, միեւնույն է՝ այդ երկրի քաղաքականության մեջ ոչ մի բան չի փոխվի.․․

Իսկ ընդդիմության ներկայացուցիչները դիտարկվում են որպես Էրդողանի նախկին դաշնակիցներ՝ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլա Գյուլը եւ նախկին արտգործնախարար ու նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, որն էլ առաջ է քաշել ընդդիմության միասնական թեկնածու ունենալու գաղափարը։ Ինչպես նաեւ՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը ներկայացնող, Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում համոզիչ հաղթանակ տարած Մուստաֆա Սարիգյուլը, որն Էրդողանի կողմից վիճարկված եւ նորից նշանակված ընտրություններում կրկին հաղթեց Էրդողանին։ Թուրքագետն ասում է, որ նա բավականին մեծ հեղինակություն ունի եւ երիտասարդ մարդ է։

Ինչ վերաբերում է թուրք գրող, նախկին իմամ եւ քարոզիչ, իսլամական հասարակական գործիչ, գրողների եւ լրագրողների ֆոնդի պատվավոր նախագահ եւ «Հիզմեթ» շարժման հիմնադիր, վաշինգտոնաբնակ Ֆեթուլահ Գյուլենին, ապա, Սաֆրաստյանի խոսքով, 2016-ի հեղաշրջման փորձից հետո վերջինիս տասնյակ հարյուրավոր կողմնակիցներ բանտերում, տասնյակ հազարավորներ էլ՝ դատական գործընթացների մեջ են։ Շատերն արտագաղթել են, շատերը պաշտոնանկ են արված եւ մեծ հարված են ստացել։

«Բայց Գյուլենն էլ, իհարկե, պահպանում է իր հնարավորությունները՝ որոշ չափով ազդելու քաղաքականության վրա, սակայն դա արդեն նախկինի պես ազդեցիկ չի լինի»,- ասաց թուրքագետը։

Նրա խոսքով, բոլոր այս ուժերի թվում, անգամ ընդդիմադիր շրջանակներում, որեւէ չափավոր ուժ չկա, «բոլորը շատ վատ ազգայնամոլ ռադիկալ են»։ Թերեւս մի շեղում․  Ժողովրդա-հանրապետական կուսակցության՝ իշխանության գալու դեպքում, Սաֆրաստյանի կարծիքով, չեղյալ կհայտարարվեն Էրդողանի կառավարության կողմից վերջին 20 տարիներին ընդունված օրենքները։ «Օրենքներ, որոնք առնչվում են Թուրքիայում իսլամի քաղաքականացման հետ։ Այսինքն՝ հետ կգնա Թուրքիան իսլամացման ճանապարհից, որովհետեւ քեմալականների համար շատ կարեւոր է, որ քաղաքականությունն ու իսլամն իրարից անջատ լինեն։ Բայց ինչ վերաբերում է ազգային փոքրամասնություններին, ազգային հարցին՝ հայերին, քրդերին, ապա ուղղակի լուրջ չէ ակնկալելը, որ որեւիցե դրական քայլ կլինի»,- կարծում է թուրքագետը։