«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ամենամեծ հանցագործությունն այն է, որ մեր զինվորներին սպանելով հողերը հանձնեցին». Վոլոդյա Ավետիսյան

29/11/2020

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը

– Պարո՛ն Ավետիսյան, դուք առաջին օրվանից մասնակցում էիք պատերազմական գործողություններին։ Ի վերջո, ո՞րն էր պարտության բուն պատճառը։

– Նախ պետք է հետևյալն արձանագրել. բանակը, զինվորները, սպայական կազմի մի մասը չեն պարտվել, նրանք պատերազմել են, հաղթել են և կանգնեցրել հակառակորդին՝ չթողնելով ներխուժել Հայաստանի Հանրապետություն և Արցախն էլ ամբողջովին վերցնել։ 

Իսկ պարտվել են իշխանությունները, եթե, իհարկե, իշխանության մեջ հայեր կան, նրանք են պարտվել։ Իսկ կան իշխանավորներ, որ հայ չեն, ծպտյալ այլազգի են։ Այ նրանք հաղթել են։

– Ըստ ձեզ՝ ի՞նչ պետք է աներ իշխանությունը, որ չարեց։

– Երեսուն տարի՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից՝ վերջացրած Նիկոլ Փաշինյանով, չեն պատրաստվել պատերազմին, ինչպես հարկն է՝ չեն գնահատել կամ գնահատել են՝ հասկանալով հակառակորդի ուժերը և իմիջիայլոց են վերաբերվել, քանի որ հողերը հանձնելու ծրագիր են ունեցել։ 

Իսկ մեզ՝ զինվորականներիս, պարզ էր ամեն ինչ, մենք անմիջապես պատերազմի դաշտում ենք եղել, հասկացել ենք, որ հակառակորդն ունի ամեն ինչ, իսկ մենք զենքի տեսանկյունից շատ քիչ բան ունենք։

Ավելին՝ հետախուզությունն աշխատել է և տեղյակ է եղել հակառակորդի նպատակներից, որ պետք է հարձակվեն, և որևէ գործողություն չեն ձեռնարկել։ 

Հենց ազերիների դիրքերում հարձակման նախապատրաստվելիս նրանց պետք է սատկացնեին, ինչ զենք ու զինամթերք՝ պետք է կիրառվեր հենց ելման դիրքում, հենց Ադրբեջանի դիրքերում, որը չի արվել։ Եվ ես հասկանում եմ, որ սա նպատակային և ծրագրված հողերը հանձնելու ծրագիր էր։ 

Բայց այստեղ ամենամեծ հանցագործությունն այն է, որ մեր զինվորներին սպանելով հողերը հանձնեցին։

Այսօրվա իշխանություններն ամենաքիչը 70 տոկոս ձայն էին ստացել ընտրություններին, իսկ 70 տոկոս ձայն ունեցող իշխանությունը, որին հանրության 70 տոկոսն ընտրել և ընդունում էր, եթե կանգներ հայտարարեր, որ՝ ժողովո՛ւրդ ջան, մենք մեկ ամսից ավելի չենք դիմանալու, համ զոհեր ենք տալու, համ տարածքներն ենք հանձնելու, առաջարկում ենք 20 տարով ժամանակավոր տարածքները հանձնենք, ուժեղանանք և հետ կվերցնենք։

Միևնույն է, մենք որքան ապրում ենք թուրքի հետ, սա հավերժ պատերազմ է, սա թող բոլորն իմանան։

– Ի՞նչ է ձեզ հայտնի Շուշիի հետ կապված։ Նշվում է, որ այն ոչ թե գրավել են, այլ մերոնք հանձնել են։

– Ես Մատաղիսում էի։ Քանի որ երեք օր Շուշիում թեժ մարտեր էին, մեզ մոտ հրետանային հարվածները բավականին քչացան, առաջարկեցի այս ուղղությունից գործողություններ իրականացնել։ 

Ասել են, որ մենք էլ ենք մտածում այդ ուղղությամբ, որպեսզի այնտեղ թուլացնենք, այս կողմից հարձակվեն, և դա մարտավարություն է։ 

Իրականում անձնակազմ չկար, ռեզերվ չունեինք։ Բայց Երևանում հազարավոր երիտասարդներ կային, որ կարող էին զենք վերցնել, կարող էին զորահավաքային միջոցով բերել, ինչը պատշաճ չի արվել, և ամեն ինչ արվել է իմիջիայլոց, քանի որ պլանավորված էր նախօրոք։

– Կարծիք կա, որ հայկական կողմը անկազմակերպ է եղել, հրամանատարներ են լքել դիրքերը։ Ի՞նչ եք դուք արձանագրել։

-Մեզ մոտ նման բան չկար։ Բացի ատոմային զենքից, մեր ուղղությամբ ադրբեջանական կողմն ինչ զենք ասես կիրառեց, բայց մեր տղաները, բանակը իրենց դիրքերը չեն լքել մեկ մետր անգամ։ 

Դիմացել են այդ ամենին և պաշտպանել են։ Չգիտեմ՝ հարավային կողմում իրավիճակն ինչպիսին է եղել, բայց ես մի բան գիտեմ, որ ամեն ինչ արեցին, որ մենք հողերը տանք պատերազմով, ինչը հանցագործություն է, դավաճանություն։

– Այս առումով ի՞նչ անելիքներ մենք ունենք։

– Ժողովուրդը պետք է սթափվի։ Քաղաքացին ունի իր մեղքի բաժինը։ Ես և շատերը բարձրաձայնել են, որ գնան Արցախի ինժեներական ծառայությունը ստուգեն, այդքան գումար է ծախսվել, բայց մատների արանքով են նայել։ 

Ես իմ ծառայության ընթացքում ականատես եմ եղել, որ ոչ մի բան չեն արել, բայց ծախսել են միլիարդներ։ Ես բազմիցս զգուշացրել եմ, ասել եմ՝ ժողովո՛ւրդ ջան, մեզ պատերազմ է սպասում, Ադրբեջանը այդքան զենք հենց այնպես չի գնում, գնում է, որ մեզ վրա հարձակվի, բայց ազգի կողմից զրո վերաբերմունք, միայն ասում էին՝ մեր Փաշինյանը

– Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ի՞նչ փոփոխություններ կարող էր իրականացնել բանակում այդ ժամանակահատվածում։

– Եթե դու ուզում ես պետություն սարքել, գողերը և ավազակները, թալանչիները պետք է հայտնվեն բանտերում, իսկ գողացածն էլ պետք է հետ բերեն։ Եվ եթե Փաշինյանն այս քայլը չի արել, նշանակում է՝ նրանցից մեկն էլ ինքն է։

– Գերիների հարցն ի՞նչ լուծում պետք է ստանա, և ինչո՞ւ բավարար քայլեր այս ուղղությամբ չեն իրականացվում։

– Այնպիսի քաոս են ստեղծել, քանի որ մենք պետական հայկական իշխանություններ չունենք, այսպես երկար ժամանակ գնալու է։ Եվ եթե ես հենց հիմա հնարավորություն ունենայի ազատագրելու այդ տարածքները, կազատագրեի, բայց ես տեսնում եմ, որ իմ ուժերից վեր է, ես իմ ծառայությունն առաջարկել եմ բանակին, այսօր էլ խոսել եմ ՊՆ-ի հետ, պատրաստ եմ վազել, գնալ ճակատ։

Սա ռուսական, թուրքական, ադրբեջանական ընդհանուր պայմանավորվածություն էր, Ռուսաստանը եկավ Արցախը վերցրեց, այլ հարց է, թե նա ինչ է պայմանավորվել ազերիների հետ։

Եվ հիմա հարց է, թե ազերիներն իրենց ինչպե՛ս պետք է պահեն: Եթե շատ վատ պահեն, մեզ համար լավ է, քանի որ ռուսները կմեծացնեն Արցախի տարածքը, եթե է՛լ ավելի վատ պահեն, ես անձամբ սպասում եմ մեծ ռուս-թուրքական-պարսկական պատերազմ։

Մանե Հարությունյան 

MediaLab.am