«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Կապանում հյուպատոսության բացումն ավելի է սերտացնելու Իրան-Հայաստան հարաբերությունները». Արմեն Վարդանյան

12/08/2022

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Արմեն Վարդանյանը

 Պարո՛ն Վարդանյան, ինչի՞ մասին է խոսում փաստը, որ Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Սյունիքի մարզի Կապան քաղաքում:

– Սա խոսում է այն մասին, որ Սյունիքի մարզն ու Հայաստանի Հանրապետությունն ընդհանրապես մեծ նշանակություն ունեն Իրանի համար: Իրանը փորձում է այստեղ ավելի ամրապնդել իր տնտեսական կապերը, ու այս առումով հյուպատոսության բացումն ավելի կարևոր քայլ էր: Իրանը փորձում է Հայաստանի միջոցով նաև դուրս գալ դեպի այլ երկրներ՝ դիտարկելով Հայաստանը որպես տարանցիկ երկիր:

 Այս քայլն ի՞նչ ազդեցություն է ունենալու Իրան-Հայաստան հարաբերությունների վրա:

– Հյուպատոսության բացումն ավելի է սերտացնելու կողմերի հարաբերությունները:

 Պարո՛ն Վարդանյան, Իրանի այս քայլը պայմանավորված է թուրք-ադրբեջանական տարածքային նկրտումներո՞վ, որոնք վերաբերում են ՀՀ տարածքին, մասնավորապեսՍյունիքին:

– Չեմ կարծում, որովհետև հյուպատոսության բացման մասին խոսակցությունները մի քանի տարի է՝ շրջանառվում էին՝ դեռ մինչև 2020 թվականը: Մեկը մյուսի հետ ուղղակիորեն ես չեմ կապում, որովհետև մի քանի տարի է՝ այդ բանակցությունները կային, Հայաստանը Թավրիզում կամ Սպահանում էր պատրաստվում հյուպատոսություն բացել, Իրանն էլ՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում:

 Եթե հայ-իրանական սահմանի խախտում լինի, Իրանը ակտիվ, ընդհուպ ռազմական միջամտություն կցուցաբերի՞:

– Բարդ է ասել, ես չեմ կարող միանշանակ պնդել, որովհետև աննախադեպ իրավիճակ է, բայց նաև մի քանի գործոններ պետք է նկատի ունենալ: Մի կողմից Իրանը շատ ջերմ հարաբերություններ ունի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, չնայած այս բոլոր մրցակցություններին ու ժամանակ առ ժամանակ առաջացող խնդիրներին: Մյուս կողմից էլ՝ տեսնում ենք, որ, օրինակ՝ անցյալ տարի, երբ Սյունիքի թեման շրջանառվեց, ու կար վտանգ, որ կարող է ադրբեջանական ներխուժում լինել Սյունիքի մարզում, տեղի ունեցավ աննախադեպ բան. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զորավարժություններ անցկացրեց Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, նույնիսկ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ դա աննախադեպ երևույթ էր:

Այսինքն՝ Իրանը նաև լավ հասկանում է, որ եթե հանկարծ ինչ-ինչ ձևով Թուրքիան ու Ադրբեջանը կարողանան Սյունիքի մարզը կտրել Հայաստանից, կամ տարածքային այլ փոփոխություններ լինեն, ապա Իրանի հյուսիսը լիակատար շրջափակման մեջ կհայտնվի, ու Իրանը կախվածություն կունենա Թուրքիայից ու Ադրբեջանից, ինչը, բնականաբար, չի բխում Իրանի շահերից: Բայց, էլի եմ ասում, չեմ կարող պնդել, որ այդ պարագայում Իրանը ռազմական միջամտություն կանի:

 Պարո՛ն Վարդանյան, կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում Իրանի հյուպատոսություն ունենալը հնարավորություն կտա Հայաստանին, որ հնարավոր մարտահրավերներին վերջինս կարողանա դիմակայել նաև Իրանի օգնությամբ:

– Անկախ նրանից՝ կբացվե՞ր հյուպատոսությունը, թե՞ չէ, Իրանը մեզ համար եղել ու մնում է չափազանց կարևոր երկիր, և անկախ իրադարձությունների զարգացումից, Իրանում վարչակարգերի փոփոխությունից, մենք պետք է Իրանի հետ ունենանք սերտ հարաբերություններ ու դրանք անընդհատ զարգացնենք:

Շատ հարցերում Իրանի ու Հայաստանի միջև հարաբերությունները ջերմ են, ու որևէ խնդիր չկա, բայց դրանք դեռևս հեռու են դաշնակցային լինելուց, դրանք ավելի շատ բարեկամական են, չնայած շատ դեպքերում մեր շահերը ռազմավարական առումով համընկնում են:

 Անհրաժեշտություն կա՞, որ Հայաստանը քայլեր ձեռնարկի Իրանի հետ դաշնակցային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:

– Իհարկե, անպայման պետք է այդ քայլերը ձեռնարկվեն, բայց ամեն ինչ այնքան հարթ չէ, ու դրան խոչընդոտող բազմաթիվ գործոններ կան: Նախ՝ Իրանի արտաքին քաղաքականությունն ավելի շատ ուղղված է դեպի արևելք՝ շիա աշխարհ, Սիրիա, Իրաք, «Հեզբոլլահ» և այլն: Նաև շատ դեպքերում Իրանի հետ հարաբերությունների զարգացումը խանդով է ընդունվում ԱՄՆ-ի, որոշ դեպքերում նաև՝ Ռուսաստանի կողմից, թեև այդ երկրները շատ լավ հասկանում են, որ Հայաստանը երկու կողմից շրջափակված է ու պետք է Իրանի հետ լավ հարաբերություններ ունենա:

Բացի դրանից, Իրանում ևս խոչընդոտողներ կան, Իրանի իշխանությունները մոնոլիտ չեն, այնտեղ կան տարբեր ուղղությունների ներկայացուցիչներ՝ կան մուսուլմանական ծայրահեղական գծի ներկայացուցիչներ, որոնք այնքան էլ չեն ուզում Հայաստանի հետ հարաբերությունները խորացնել, կան ադրբեջանական փոքրամասնությունների շահերը սպասարկող պաշտոնյաներ:

Այս ամենին գումարվում է նաև այն, որ Իրանը շատ ջերմ հարաբերություններ ունի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ու նրանք շատ դեպքերում փորձում են չեզոք մնալ ու չփչացնել հարաբերությունները այդ երկու պետության հետ:

 Այնուամենայնիվ, Իրանը հաստատակա՞մ է մնալու Հայաստանի հետ սահմանների անխախտելիության հարցում, պարո՛ն Վարդանյան:

– Միանշանակ, վստահ եմ դրանում, քաղաքական բազմաթիվ հայտարարություններ ենք լսել այդ մասով ամենաբարձր՝ Իրանի հոգևոր առաջնորդի մակարդակով: Բայց նորից կրկնեմ նախորդ միտքս, որ ես վստահ չեմ, որ Իրանը կարող է նաև ռազմական ճանապարհով փորձի հակազդել սահմանը փոխելու նախաձեռնություններին:

 Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am