«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նյու Յորքում ժամացույցը հաշվում է ժամանակը մինչեւ կլիմայական համաղետ

25/09/2020

Նյու Յորքի կենտրոնում հայտնվել է վիթխարի ժամացույց, որը ցույց է տալիս, թե, հետազոտողների գնահատմամբ, մարդկությանը որքան ժամանակ է մնացել կանխելու մոլորակի վրա ջերմաստիճանի բարձրացման անշրջելի հետեւանքները։ Այս նախագծի հեղինակները ՏԱՍՍ-ին հայտնել են, որ փորձում են գրավել հանրության ուշադրությունը կլիմայի փոփոխությանը հակազդելու անհրաժեշտության վրա։ Նրանք հույս ունեն, որ այսպիսի ժամացույցներ կտեղադրեն նաեւ այլ քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում։

Ինստալյացիան, որը ստացել է «Կլիմայական ժամացույց» (Climate Clock) անվանումը, տեղադրված է Մանհեթենի հարավային մասում Յունիոն սքվեր հրապարակում։ Դրա հեղինակներն են ամերիկացի ակտիվիստներ Գան Գոլանը եւ Էնդրյու Բոյդը։ Նրանք սեպտեմբերի 19-27-ը փոխել են մեկ այլ ինստալյացիա, որ նույն տեղում ստեղծվել էր մոտ 20 տարի առաջ։ Այն կոչվում էր «Մեթրոնոմ» (Metronome) եւ իրենից ներկայացնում էր բազմահարկ շենքի պատին ժամանակը խորհրդանշող գեղարվեստական կոմպոզիցիա, որը ներառում էր վիթխարի էլեկտրոնային թվացույց։ Դրա վրա մինչեւ հիմա ցույց էր տրվում, թե որքան ժամանակ է մնացել մինչ օրվա ավարտը։

Հիմա էլեկտրոնային ժամացույցը հաշվում է տարիները, ամիսները, օրերը, ժամերը, րոպեները եւ վայրկյանները, որոնք, ենթադրաբար, մնացել են, որ թույլ չտրվի մոլորակի ջերմաստիճանի Ցելսիուսի ավելի քան 1,5 աստիճանից բարձրացում՝ մինչարդյունաբերական դարաշրջանի համեմատությամբ։ Եթե հավատանք «Կլիմայական ժամացույցին», ապա դրա համար դեռեւս կա մոտ 7 տարի եւ 3 ամիս։ Այս հաշվարկները հիմնված են Բեռլինում տեղակայված հետազոտական կենտրոնի հաշվարկների տվյալների վրա, որը ստեղծել է Պոտսդամի կլիմայական փոփոխությունների հետազոտման ինստիտուտը եւ ֆլամանդացի գիտնական Գերարդ Մարկատորի անվան հիմնադրամը։

Նյու Յորքի կենտրոնում Գոլանի եւ Բոյդի մտահղացած ինստալյացիայի հայտնվելը նվիրված է  ԱՄՆ ամենախոշոր մեգապոլիսում ընթացող «Կլիմայական շաբաթ» գիտաժողովին։ 2009 թվականից ի վեր այս միջոցառումն անցկացնում են ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի սկզբում։