«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԿԳՄՍ նախարար նշանակվելը կապ չունի, Դումանյանը կարող է մասնակցել ԵՊՀ ռեկտորի մրցույթին եւ հաղթել. Արմեն Ավետիսյան

24/11/2020

Ինչպես արդեն հայտնել ենք, Արայիկ Հարությունյանն երեկ ազատվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակվեց Վահրամ Դումանյանը։ Նշենք, որ Դումանյանը ԵՊՀ ռեկտորի թեկնածու էր՝ ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանը։

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ,ԵՊՀ գիտական խորհրդի անդամ Արմեն Ավետիսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ ԿԳՄՍ նախարար նշանակվելը կապ չունի՝ Դումանյանը կարող է մասնակցել ԵՊՀ ռեկտորի մրցույթին.«Եթե նա  չվերցնի դիմումը հետ, կարող է մասնակցել ռեկտորի մրցույթին, հաղթողի դեպքում էլ դառնա ԵՊՀ ռեկտոր, հրաժարական տալով ԿԳՄՍ նախարարի պաշտոնից»։ Հարցին՝ դիմումը Դումանյանը հետ վերցրե՞լ է, Ավետիսյանը նշեց, որ ոչ։

Հարցին՝ ԵՊՀ-ում կա՞յին խոսակցություններ, որ Դումանյանն է ԿԳՄՍ ապագա նախարարը, թե նշանակումն անակնկա՞լ էր, Արմեն Ավետիսյանը նշեց, որ այդպիսի տեղեկություններ ինքը չի ունեցել.«Որևէ մեկն այդ մասին չի իմացել։ Ընդամենը նշանակվելուց մեկ օր առաջ ես եմ տեղեկացել այդ մասին, և օրվա վերջում իմ տեղեկությունները հաստատվեցին, սակայն համալսարանում այդպիսի տեղեկություն ոչ ոք չի իմացել ոչ իրենից, ոչ էլ այլ որևէ տեղից»։

Հարցին՝ ինչպես է գնահատում նրան որպես նոր նախարար, Արմեն Ավետիսյանը նշեց, որ Վահրամ Դումանյանը լավ մարդ է, որպես գիտնական՝ նույնպես.«Բայց թե ինչպիսի նախարար կլինի, դա ցույց կտա ժամանակը։ Գնահատական տալ չեմ կարող։ Սակայն ԿԳՄՍ նախարարության ոլորտներում լավ փոփոխություններ չեն կարող տեղի ունենալ, ով ուզում է լինի նախարարը, եթե վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Հող հանձնողը, դավաճանը, կապիտուլյացիա ստորագրող վարչապետը պետք է հեռանա։ Այդ ընթացքում ում ուզում է նա նախարար նշանակի, դրանով փորձում է բուն թեմայից մեզ շեղել, որ ամեն ինչ լավ է լինելու։ Բայց միակ փոփոխությունը որ պետք է լինի, դա ինքն է»։

Դիտարկմանը, որ մենք տեղեկություններ ունենք՝ Արայիկ Հարությունյանը նշանակվելու է Դումանյանի գլխավոր խորհրդական, Ավետիսյանը նշեց, որ ցավում է Դումանյանի համար.«Եթե դա եղավ, ուրեմն նշանակում է ավերակը շարունակում է ավելի ավերակվել։ Այդ դեպքում ես խորը ցավակցում եմ պարոն Դումանյանին, որ պետք է ունենա նման խորհրդական»։