Հինգշաբթի, Հունվարի 21, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ

14/01/2021 28

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերություններում ունեցած անձնական ներդրման համար: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը՝ այս համատեքստում առանձնակի ընդգծելով դեսպանի ավանդը երկու խորհրդարանների միջև փոխգործակցության խորացմանն ուղղված ջանքերը:

Արարատ Միրզոյանը դեսպանին է ներկայացրել նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կնքումից հետո ստեղծված իրավիճակը և ընդգծել, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին զուգահեռ հայկական կողմի համար այս պահին առաջնահերթ է հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձման հարցը: ՀՀ ԱԺ նախագահի համոզմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի գործընկեր բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն գերիների վերադարձի խնդրի լուծման ուղղությամբ: 
  
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին արդյունավետ համագործակցության համար՝ վստահեցնելով, որ իր հետագա գործունեության ընթացքում ևս կփորձի նպաստել Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունների զարգացմանը: Թիմուր Ուրազաևը համոզմունք է հայտնել, որ Ղազախստանը շահագրգռված է խորացնելու Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցությունը՝ շնորհակալություն հայտնելով հայկական կողմին Ղազախստանում կայացած խորհրդարանի՝ Մաժիլիսի ընտրություններին միջազգային դիտորդական առաքելության շրջանակում մասնակցելու համար:

Դեսպանը, կարևորելով խաղաղությունը տարածաշրջանի երկրների միջև, նշել է, որ ղազախական կողմը մշտապես կոչ է արել առկա խնդիրները կարգավորել բանակցային սեղանի շուրջ: Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է զարգացման և նոր կապերի ընդլայնման հնարավորություններ ստեղծել: Թիմուր Ուրազաևը վստահեցրել է, որ Ղազախստանը ջանքեր կգործադրի հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ:

Քննարկելով երկկողմ համագործակցության օրակարգը` կողմերն անդրադարձել են առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, ապրանքաշրջանառության աճի տեմպերին, միջազգային խորհրդարանական հարթակներում փոխշահավետ համագործակցությանը, երկկողմ և բազմակողմ կապերի խթանմանը և այլ հարցերի: