«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կայացավ Կոմիտասի 151-ամյակին նվիրված «Անուշ. անավարտ օպերա» ֆիլմի պրեմիերան

26/09/2020

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Վարդապետի  151-ամյակին նվիրված «Անուշ. անավարտ օպերա» ֆիլմի պրեմիերան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, դերակատարները՝ Խորեն Լևոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Վահե Բեգոյանը: Ֆիլմի երաժշտության հեղինակը  երգիչ, երգահան Հայկոն է (Հայկ Հակոբյան):

Քեշիշյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ֆիլմը պատմում է Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ստեղծագործական համատեղ աշխատանքի՝«Անուշ» օպերայի մասին:

«Նրանց նամակագրությունը ֆիլմի հիմքն է (նամակները պահվում են Հովհ. Թումանյանի տուն թանգարանում՝ Երևան- խմբ.): Այդ նամակներով ուղղորդվելով՝ կառուցվում է այն օրերի իրական պատկերը, երբ նրանք երկուսով մտածում էին «Անուշ» օպերայի մասին: Թումանյանն արդեն գրել էր «Անուշ» պոեմը, իսկ Կոմիտասը իշխանուհի Մարիամ Թումանյանի առաջարկով հանձն է առնում պոեմի հիման վրա օպերա ստեղծել: Նամակները բացահայտում են, որ թե՛ Կոմիտասը, թե՛ Թումանյանը, նուրբ հումորի տեր մարդիկ էին և կարող էին լրջագույն թեմաները դարձնել նոր հեքիաթի կամ երաժշտական խաղիկի նյութ: Միևնույն ժամանակ նրանք հայրենիքի և հայ ժողովրդի հոգսերով ապրող մտավորականներ էին»,- նշեց ռեժիսորը և հավելեց, որ սա փաստագրական-խաղարկային ֆիլմ է:

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆիլմում կատարում էր իշխանուհի Մարիամ Թումանյանի դերը:  

«Մի նկատառում եմ ցանկանում անել՝ մեր մեծ բանաստեղծներին, գրողներին մենք սկսել ենք դիտարկել որպես սովորական երևույթներ: Մենք սովորել ենք նրանց մեծությանը, բայց չենք պատկերացնում, թե յուրաքանչյուր նոտայի կամ գրած խոսքի հետևում որքան կյանք, սեր կամ կիսատ մնացած սեր ու դժվարություն է պարփակված: Կոմիտասը հավաքել է լավագույնը՝ ծաղիկների բույրից մինչև գոյություն ունեցող հայկական հնչեղության երգերը: Մենք ունեցել ենք նաև Թումանյան, ով կարողացել է ստեղծել գրական նորագույն ավանդույթներ և գյուղական իրավիճակից վերածել քաղաքային, արիստոկրատ Վերնատան հավաքների: Նա նաև ստեղծել է ահռելի գրական ժառանգություն: Ֆիլմը նայելիս հասկանում ես, որ մենք «մերկ ենք մեր պատմությամբ», որովհետև շատ հաճախ չենք ճանաչում: Հենց այդ պատմությունն է, որ հային դարձնում է կոնկրետ դիմագծով, մտածողությամբ ազգ»,- ասաց Նազենի Հովհաննիսյանը:

Կոմիտասի դերակատար Վահե Բեգոյանը, ով մասնագիտությամբ երաժիշտ է, լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս դերն իր համար շատ կարևոր էր, քանի որ ֆիլմն իր երաժշտական կյանքի  առանցքը կազմող կոմպոզիտորի մասին է:

«Շատ պարտավորեցնող ու վախեցնող էր ինձ համար այս դերը, մանավանդ, երբ խաղընկերներդ Նազենի Հովհաննիսյանն ու Խորեն Լևոնյանն էին: Ինձ համար այս ամենը շատ հարազատ էր, քանի որ ֆիլմը մի մարդու մասին էր, ում հետ ես ամեն օր եմ առնչվում իմ երաժշտական գործունեության ընթացքում»,- նշեց Բեգոյանը:

Նրա կարծիքով որևէ դեր կերտելը շատ դժվար է, առավելևս Կոմիտասինը: