«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դաժան է, բայց մենք այլևս ոչինչ չունենք զիջելու, մեր երկրից 50 հազար քմ է մնացել. Շիրինյան

20/10/2020

Մոսկվայում կայանալիք Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից ոչինչ էլ չի կարելի ակնկալել, Ադրբեջանն ուզում է ամեն ինչ և ամբողջը, իսկ հայկական կողմը ոչինչ չի կարող տալ։ Դրա համար էլ «փոխզիջում» ասվածը անիմաստ բառ է։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանն՝ ընդգծելով, որ բոլոր հարցերի պատասխանները պետք է տրվեն մարտի դաշտում։

«Բանակն իր գործը պետք է շարունակի, ռազմի դաշտում հաղթանակ է պետք։ Անգամ ժամանակավոր հրադադարի մասին չի կարելի խոսել, թուրքը ոչ մի սրբություն չունի, հայի գիտակցություն չունի։ Հետևաբար, բանակը պետք է ռազմի դաշտում բեկում մտցնի։ Մեր հազարավոր տարիների պատմությունը դա է ցույց տալիս, պատրանքներ չպետք է ունենալ։ Ժողովրդի ուշադրությունը պետք է լինի բացառապես ռազմական գործողություններում հաղթանակ տանելու վրա»։

Նա ընդգծեց, որ որևէ կարգի փոխզիջում չի կարող լինել։ «Ինչ փոխզիջում, եթե մեզ ասում են՝ մեռեք, ամեն ինչ կամ ոչինչ՝ նշանակում է բոլորդ պետք է այդ սահմանը թողնեք, Արցախում հայ չպետք է մնա, ռազմական գործողությունների թիկունքում երբևէ հա՞յ է մնացել, տեսել եք, որ որևէ տեղով թուրքը գա անցնի՝ այնտեղ հայ ողջ մնացած լինի, արդեն 800 տարի նույն պատմությունն է ու դեռ հարցե՞ր կան։ Բանակը պետք է լուծի հարցը»։

Նա ընդգծեց, որ անգամ հրադադարի պահպանման մասին պայմանավորվածություն չի կարելի ձեռք բերել։ «Ադրբեջանը հրադադարն օգտագործում է ռազմի դաշտում վերադասավորումներ և վերախմբավորումներ անելու համար, հետևաբար, միակ ակնկալիքը որ կարելի է ունենալ՝ բեկումն է ռազմի դաշտում»։

Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությանը՝ նա ընդգծեց, որ ՄԱԿ-ի հայտարարությունը անիմաստ բան է։ «Զրո արժեք ունի, քանի որ ՄԱԿ-ը մեռած կառույց է»։

Ինչ վերաբերում է ԱՄՆ -ում կայանալիք հանդիպումներին, Շիրինյանն ասաց, որ ԱՄՆ-ում շատ կարևոր բան է լինելու, ԱՄՆ-ում դիրքորոշում են ճշտում։ «Դրվանագիտության ոլորտում պետք են հաղթանակներ տանել, բայց հույս դրա վրա դնելն անիմաստ է։ Պետք է բոլոր ոլորտներում քրտնաջան աշխատել, սակայն էլի եմ ասում՝ հարցերը լուծվում են հենց այսօր՝ թնդանոթների կրակի տակ, ուրիշ ոչ մի տեղ։ Հայաստանը և Արցախը պետք է վերածվեն ռազմականացված ճամբարի։ Մեր ազգը խնդիր ունի խաղաղության հետ, որտեղ խաղաղություն ենք ասել՝ գլխներիս տվել են, հետո սկսել են մրմնջալ ու բողոքել։ Արդեն 100-ից ավելի պետություն ցեղասպանություն է ճանաչել, հիմա որևէ մեկը այդ բառն արտասանո՞ւմ է։ Միլիոնավոր դոլարներ են ծախսվել այդ գործի վրա, իրենց համար կերել-խմել են՝ հայությունն էլ գումար է ծախսել։ Ելքը մեկն է՝ Հայաստանը պետք է վերածել ռազմականացված ճամբարի ու պետք է լեքսիկոնից հանել «խաղաղություն» բառը։ Դաժան է, բայց մենք այլևս ոչինչ չունենք զիջելու, մեր երկրից 50 հազար քմ է մնացել, որքան խաղաղություն ենք տենչացել՝ այնքան մահ ենք ստացել ու դա շարունակվում է։ Հետևաբար, պետք է տենչալ պատերազմ, որպեսզի ունենանք այդ խաղաղությունը, այլ բանաձև չկա»,-ասաց Շիրինյանը։