«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ եվրասիական և գլոբալ քաղաքականության հենասյուները. ՇՀԿ

17/09/2022

Արևմուտքի հետ ինտեգրվելու ելցինյան վարչակարգի քաղաքականությունը հետխորհրդային առաջին տարիներին, ըստ էության տապալվեց: Պուտինյան վարչակարգը սկսած 2001-2002 թթ. աստիճանաբար անցում կատարեց նախկին խորհրդային գերտերության կորսված դիրքերի վերականգնման և բազմաբևեռ աշխարհակարգի կառուցման քաղաքականությանը: Անցումն աստիճանաբար վերածվեց հավաքական Արևմուտքի հետ բացահայտ առճակատման, որի անմիջական արտահայտություններն են սուր բախումները Սիրիայում և Ուկրաինայում: Ռուսական նկրտումները զսպելու նպատակով արևմտյան ստրատեգները կիրառում են բազմաթիվ գործիքներ, սկսած տաք հակամարտությունների մեջ ներքաշելուց մինչև բազմակողմանի պատժամիջոցները: Կրեմլը բնականաբար փնտրում և կիրառում է հակազդեցության իր գործիքները, չխորշելով նույնիսկ լոկալ և լայնամասշտաբ ռազմական գործողություններից և նոր զինատեսակների ստեղծումից: 
Վերջին տաս, տասնհինգ տարվա ընթացքում, կապված հատկապես 2014 թ. Ղրիմի միացման և 2022 թ. ուկրաինական ճգնաժամի հետ  պատժամիջոցների խստացումը,  ռուսական իշխանությունների համար առաջնային խնդիր է դարձել օր օրի սեղմվող երկրի տնտեսական մեկուսացման օղակի ճեղքումը: Այս առումով վճռորոշ  է դարձել գլոբալ և եվրասիական միջազգային տնտեսական կառույցների ստեղծումը, որտեղ կենտրոնական դերակատարմամբ և հզոր գործընկերներ գտնելով ՌԴ-ն կկարողանա հաղթահարել մեկուսացումը և տնտեսական պատժամիջոցները: Այս ռազմավարության արդյունք են միջազգային երկու հզոր սյուների՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ)  և ԲՐԻԿՍ-ի ստեղծում՝ Չինաստանի հետ համագործակցությամբ: Հայաստանն ի դեպ որոշակի  կարգավիճակով արդեն  մասնակցում է ՇՀԿ-ին, որը կարևորվում է հատկապես հիմա  այս կառույցին Իրանի անդամագրմամբ:
Շանհայի համագործակցության կազմակերպությունն իր պատմությունը սկսել  է 1996 թվականից, երբ Շանհայում Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարների կողմից ստորագրվեց  սահմանային շրջաններում և ռազմական ոլորտում վստահության միջոցների մասին համաձայնագիրը: Այդ փաստաթղթի ստորագրումից հետո ծնվեց միջազգային համագործակցության նոր ձևաչափ, որն ստացավ Շանհայան ֆորում կամ "Շանհայի հնգյակ" անունը։ 1997 թվականին Մոսկվայում անդամ երկրների կողմից ստորագրվեց սահմանի շրջանում զինված ուժերի փոխադարձ կրճատման մասին համաձայնագիրը: Այս երկու փաստաթղթերը դրեցին փոխվստահության մեխանիզմ սահմանամերձ շրջանների ռազմական ոլորտում, նպաստեցին իսկապես գործընկերային հարաբերությունների հաստատմանը։ Աստիճանաբար հարցերի շրջանակն ընդլայնվեց մինչև արտաքին քաղաքականության, տնտեսության, շրջակա միջավայրի պահպանության ոլորտները, ներառյալ ջրային ռեսուրսների, մշակույթի օգտագործումը և այլն։ Կազմակերպությունում Ուզբեկստանի ընդգրկվելուց հետո 2001 թվականին  հնգյակը դարձավ վեցնյակ  և վերանվանվեց Շանհայի համագործակցության կազմակերպություն: 2002 թվականի հունիսին ՇՀԿ պետությունների ղեկավարների Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովում ստորագրվեց Շանհայի համագործակցության կազմակերպության կանոնադրությունը, որն ուժի մեջ  մտավ 2003 թվականի սեպտեմբերի 19-ին: Սա հիմնական կանոնադրական փաստաթուղթն է, որն արձանագրում է կազմակերպության նպատակներն ու սկզբունքները, կառուցվածքը և գործունեության հիմնական ուղղությունները: ՇՀԿ-ի գերակայությունը, որը գրանցվել է պաշտոնական հռչակագրում, տարածաշրջանային անվտանգության ապահովումն է, ահաբեկչության, ծայրահեղականության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը: Դրա հետ մեկտեղ, առաջին պլան են մղվել տնտեսական կոոպերացիայի խորացման ջանքերը, նախ և առաջ տրանսպորտային, առևտրային եւ ներդրումային ոլորտներում, ինչպես նաև հումանիտար շփումների ոլորտում: Միավորման իրավական բազայի ամրապնդման գործում կարևոր քայլ  դարձավ Բիշքեկում (Ղրղզստան) 2007 թվականի օգոստոսին երկարաժամկետ բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրումը (ուժի մեջ  մտավ 2012 թվականին): 2006 թվականին կազմակերպությունը հրապարակեց միջազգային թմրամաֆիայի՝ որպես աշխարհում ահաբեկչության ֆինանսական հենարան, դեմ պայքարի պլանները: Կազմակերպությունը 2008 թվականին ակտիվ մասնակցություն  ունեցավ  Աֆղանստանի իրադրության կարգավորման գործում:
Զուգահեռաբար ՇՀԿ-ի գործունեությունը ստացավ նաև տնտեսական լայն ուղղվածություն, որն առավել արժևորեց կազմակերպությունը: 2003 թվականի սեպտեմբերին ՇՀԿ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներն ընդունեցին բազմակողմ առևտրատնտեսական համագործակցության ծրագիր, որը նախատեսված է 20 տարվա համար: 2019 թվականի նոյեմբերին կողմերը ստորագրեցին ծրագրի նոր խմբագրությունը, որը նախատեսված է մինչև 2035 թվականը: Ծրագիրը սահմանում է առաջնահերթ խնդիրներ ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, բանկային և ֆինանսական համագործակցության, տրանսպորտի, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության, կրթության, նորարարության, տարածական զարգացման, միջտարածաշրջանային համագործակցության ոլորտներում: Ընդ որում, շեշտը նախատեսվում է դնել թվայնացման և բարձր տեխնոլոգիաների վրա։ ՇՀԿ-ում որոշումներ ընդունելու համար բարձրագույն մարմինը անդամ պետությունների ղեկավարների խորհուրդն է։ Այն սահմանում է կազմակերպության առաջնահերթությունները և մշակում է գործունեության հիմնական ուղղությունները, լուծում է նրա ներքին կառուցվածքի և գործունեության սկզբունքային հարցերը, այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցությունը, ինչպես նաև դիտարկում է առավել հրատապ միջազգային խնդիրները։ Խորհուրդը հերթական նիստերին հավաքվում է տարին մեկ անգամ։ Կազմակերպությունում նախագահում է պետությունների ղեկավարների խորհրդի  հերթական նիստի կազմակերպիչ պետության ղեկավարը: Խորհրդի հերթական նիստի անցկացման վայրը, որպես կանոն, որոշվում է ՇՀԿ անդամ պետությունների անվանումների ռուսական այբուբենի կարգով։ Կառավարությունների ղեկավարների խորհուրդն ընդունում է կազմակերպության բյուջեն, քննարկում և լուծում է կազմակերպության շրջանակներում փոխգործակցության զարգացման կոնկրետ, հատկապես տնտեսական ոլորտներին վերաբերող հիմնական հարցերը։ Խորհուրդը հերթական նիստերին հավաքվում է տարին մեկ անգամ։ Խորհրդի նիստում նախագահում է այն պետության կառավարության ղեկավարը (վարչապետը), որի տարածքում անցկացվում է նիստը։ Խորհրդի հերթական նիստի անցկացման վայրը որոշվում է անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների (վարչապետների) նախնական համաձայնությամբ:  
Բացի Պետությունների ղեկավարների  և Կառավարությունների ղեկավարների խորհուրդների նիստերից, հրավիրվում  են նաև խորհրդարանների ղեկավարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների, արտաքին գործերի, պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տնտեսության, տրանսպորտի, մշակույթի, կրթության, առողջապահության նախարարների, իրավապահ գերատեսչությունների ղեկավարների, գերագույն և արբիտրաժային դատարանների ղեկավարների, գլխավոր դատախազների մակարդակով հանդիպումների մեխանիզմը: ՇՀԿ շրջանակներում համակարգման մեխանիզմ է հանդիսանում ՇՀԿ անդամ պետությունների ազգային համակարգողների խորհուրդը։ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում գործում են նաև երկու ոչ կառավարական կառույցներ՝ ՇՀԿ Գործարար խորհուրդը և ՇՀԿ միջբանկային միավորումը: Երկրները կազմակերպությունում նախագահում են հերթականությամբ, տարեկան ցիկլով, լիազորությունների ժամկետն ավարտելով նախագահող պետության տարածքում կայացած գագաթնաժողովով։ ՇՀԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա։ Կազմակերպությունն ունի երկու մշտական գործող մարմին՝ Պեկինում (Չինաստան) քարտուղարությունը գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ և տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի գործադիր կոմիտեն Տաշքենդում (Ուզբեկստան): Գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղարը և տնօրենը նշանակվում են պետությունների ղեկավարների խորհրդի կողմից՝ երեք տարի ժամկետով։ ՇՀԿ պաշտոնական աշխատանքային լեզուներն են ռուսերենը և չինարենը։ 
2020 թվականի նոյեմբերին ՇՀԿ նախագահությունը ստանձնել էր Տաջիկստանը։ Այն համընկավ կազմակերպության ստեղծման 20-ամյակի հոբելյանական տարեդարձի հետ և անցավ  հանուն կայունության և բարգավաճման կարգախոսով: ՇՀԿ հոբելյանական գագաթաժողովը տեղի ունեցավ 2021 թվականի սեպտեմբերի 17-ին Դուշանբեում: Հանդիպման արդյունքներով ՇՀԿ-ի ղեկավարները 30 փաստաթղթերի փաթեթ են ստորագրել. ՇՀԿ 20-ամյակի Դուշանբեի հռչակագիրը, ահաբեկչությանը, անջատողականությանը և ծայրահեղականությանը հակազդելու համագործակցության 2022-2024 թվականների ծրագիրը, 2018-2023 թվականների հակաթմրամիջոցային ռազմավարության իրականացման ծրագիրը և այլն: 
Հիմնադրման տարուց ի վեր  ՇՀԿ-ի կազմն զգալիորեն ընդլայնվել է ,,ծանրքաշային,, երկրներով:  2017 թվականի հունիսի 9-ին ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարները որոշում են ստորագրել կազմակերպությանը Հնդկաստանին և Պակիստանին ընդունելու մասին: ՇՀԿ-ում դիտորդներ են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, գործընկեր երկրները՝ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան: Դուշանբեի գագաթնաժողովում ՇՀԿ-ի անդամ դառնալու և ՇՀԿ-ի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ տրվեց Եգիպտոսին և Սաուդյան Արաբիային: 2022 թվականի հուլիսին Բելառուսը պաշտոնապես հայտ է ներկայացրել ՇՀԿ-ին որպես լիիրավ անդամ միանալու համար։ Սամարղանդում Իրանը ստորագրեց կանոնադրությունը և դարձավ լիիրավ անդամ: 
2021թ. սեպտեմբերին ՇՀԿ նախագահությունը փոխանցվել էր Ուզբեկստանին։ Միջազգային գլխավոր իրադարձությունը սեպտեմբերի 15-16-ին Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովն էր Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։ Ցավոք սահմանային նոր ռազմական բախման և ներքաղաքական անկայունության պատճառով վարչապետ Փաշինյանը չմասնակցեց:  Մասնակիցների թվում էին 15 երկրների առաջնորդներ, սեղանին էին դրված տասնյակ փաստաթղթեր, որոնք պետք է ընդունվեին, բացի այդ ռեկորդային թվով նոր հայտեր են ներկայացվել ՇՀԿ-ին անդամակցելու համար: Այս բարձր մակարդակի հանդիպումն արդեն պատմական է։ Փորձագետները խոսում են նոր բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման գործում նրա հսկայական նշանակության մասին։ Սամարղանդում ծավալվել էր բանակցային մարաթոն, պետությունների ղեկավարները օրական հինգ-վեց երկկողմանի հանդիպումներ էին անցկացնում:  Իրական բանակցային մարաթոնով հատկապես ծանրաբեռնված էր ՌԴ նախագահ Պուտինը։ 
Կարծում եմ, որ Իրանի անդամակցության հետ կապված ՇՀԿ-ի նշանակությունը Հայսատանի համար ավելի է մեծանում, որովհետև մեր հարևանը համագործակցության է ձգտում նաև ԵԱՏՄ անդամ երկրների հետ:

Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի քաղաքական վերլուծաբան, ք․ գ․ դ․, պրոֆեսոր  Գարիկ Քեռյան  

Generalnews.am