«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գրականությո՞ւն, թե՞ մահ. Երեւանի գրախանութները ռուս ներգաղթյալի աչքերով

29/08/2022

Անձնական գրադարան: Մի բան, ինչի կարիքն ամենաշատն է զգում ներգաղթյալը, մնացածին կարելի է ինչ-որ կերպ համակերպվել։ Անձամբ ես մի քանի անգամ փորձել եմ հետադարձ տոմս գնել, վերադառնալ տուն, դարակից հանել Դովլաթովի՝ 90-ականների սկզբին գրքի շուկայում գնածս հազվագյուտ հրատարակությունը եւ «Գանձերի կղզին», որը կարդացել եմ մանուկ հասակում։ Գուցե հենց դրանց մեջ է Հայրենիքի զգացումը:

Մոսկվայից մեկնելիս երկու հազար գրքերիցս պատահականորեն մեկը դրեցի ուսապարկիս մեջ։ Ինքնաթիռում պարզվեց, որ «Գարնան տասնյոթ ակնթարթն» էր եւ Շտիրլիցի մասին այլ վիպակներ։ Իմաստուն ընտրություն. հերոս, որին բոլորը նացիստ են համարում, բայց իրականում նացիստ չէ, այլ ճիշտ հակառակը։ Ի դեպ, գրքում շատ իրատեսորեն են նկարագրված նացիստների իշխանության գալու մեխանիզմը եւ բնակչության զոմբիացումը։ Արդիական գիրք 2022 թվականի համար:

Առաջին իսկ տաքսու վարորդին հարցրի՝ Երեւանում գրախանութներ կա՞ն: Վիրավորվեց. «Բռատ ջան, Երեւանը մշակութային քաղաք է, ի՞նչ ես ասում»։ Նա ինձ տարավ Վարդանանց փողոց, Ռուսական գրքի տուն։

Արդեն շեմից, մուտքի մոտ փակցված եռագույնից (սպիտակ, կապույտ, կարմիր) ու միջանցքի պատից կախված պատրիարքի դիմանկարից պարզ դարձավ, որ սա տուն է ոչ այնքան ռուս գրականության սիրահարների, որքան ռուսական իշխանության սիրահարների համար։

Եվ նորից ինձ Շտիրլիցի դերում զգացի։

Իհարկե այնտեղ կան ե՛ւ Դյումա, ե՛ւ Ժյուլ Վեռն, բայց հիմնական տեսականին մոտավորապես այսպիսին է՝ «Լրտեսության վարպետներ», «Կայծակնային պատերազմի ձախողում», «Ռուսաստանի ռազմական էլիտան», «Խորհրդային ռազմական առաքելություններ եւ հետախուզություն», «Մահվան տանող ուղին», «Հատուցում արյամբ»…

Կարճ ասած՝ ռուս սամուրայների գրադարանը: Այնպիսի տպավորություն է, թե Ժյուլ Վեռնն ու Դյուման նույնպես հիմնականում մահվան տանող ուղու մասին են գրել: Պատերազմ, մահ եւ ուրիշ ոչինչ։

Միգուցե սա քարոզչական նախագիծ է, որի նպատակն է հայերի համար ստեղծել Ռուսաստանի գրավիչ կերպարը։ Չգիտեմ՝ կարող է այս ամենը գրավիչ լինել, կասկածում եմ։

Հրաշալի բանաստեղծ Լեւ Լոսեւն այսպիսի տող է գրել. «Լավ բան. միայն պատերազմ»: Լոսեւը չէր գովաբանում իր հայրենիքը, գրում էր նրա ողբերգության մասին: Զոհվել ու սպանել, սպանել ու զոհվել։ Ակամա ցանկանում ես հարցնել՝ ուրիշ ի՞նչ կարող եք անել։

Ժամանակին մամուլի համար գրախոսականներ էի գրում, ինչ-որ չափով հասկանում եմ այս գործից։ Գիրքը դարակից վերցնելով՝ անմիջապես բացեցի առաջին էջը՝ «Вече» հրատարակչությանն է։ Վերցրի երկրորդը, երրորդը, չորրորդը՝ նույն հրատարակչությունը։ Ծանոթ հրատարակչություն է:

1993 թվականին նույնիսկ պատահաբար հայտնվեցի նրանց պահեստում՝ մետրոյի «Կիեւսկայա» կայարանից ոչ հեռու, որտեղ ելույթ էին ունենում ինձ ծանոթ երաժիշտներ։ Նրանք կարծում էին, որ դա պարզապես մեծ սենյակ է, որտեղ կարելի է նվագել: Նվագեցին, խմեցին։ Շուրջբոլորը շարված էին՝ «17-րդ դարի կաֆտանը (ռուս ազնվականի հագուստի տեսակ)» եւ «Ռուս ազնվականի մտածելակերպը» ու նման վերնագրերով գրքեր։

Այն ժամանակ այս սլավոնաֆիլությունն ընկալվում էր որպես բացարձակ մարգինալություն, Հաթհա յոգայի կամ հնդկացի խաղալու նման մի բան: Նոր երկիր, նոր կյանք, ամեն ինչ նոր էր, մենք շնչակտուր առաջ էինք վազում մայրուղով, իսկ նրանք…

Անցել է մոտ երեսուն տարի, եւ «Вече»-ն մարգինալից վերածվել է մեյնսթրիմի։
2019 թվականին նրանք իրենց գրքերը ներկայացրին ԴԺՀ-ում (Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն)։ «100 մեծեր» շարքով հատոր թողարկեցին՝ նվիրված Դոնբասի երեւելի մարդկանց։ 2021 թվականին արժանացան անձամբ Պուտինի գովասանքին։ Իսկ այժմ Երեւանում գրեթե մենաշնորհով ներկայացնում են Ռուսաստանի գրահրատարակչական ոլորտը:

Ընդհանուր առմամբ Ռուսական գրքի տան վերաբերյալ ամեն ինչ պարզ է։

Աբովյան փողոցում է «Զանգակ» հրատարակչության գրախանութը, որտեղ նույնպես վաճառում են ռուսական գրքեր։ Փոքր, ոճային խանութ, Մոսկվայի «Ռեսպուբլիկա» գրախանութների ցանցի նման մի բան: Խանութ հարուստների եւ պարապների համար, նրանց համար, որոնք գիրքն ընկալում են որպես խաղալիք կամ պրեստիժ։

Նորաոճ ինտերիեր, գերբարձր գներ եւ մոտավորապես այսպիսի տեսականի՝ «Չափազանց հարուստ չինուհին», «Սիրեցյալիդ վերջին նամակը», «Որտեղ է ապրում երջանկությունը», «Իրարից մեկ մետրի վրա» եւ մեծ քանակությամբ Մուրակամիի գործերից: Փող, սեր, էկզոտիկա: Իսկ ներսումդ ինչ-որ անհավանական դատարկության զգացում, որն ուզում ես անմիջապես լրացնել։

Վերնիսաժում, որը հենց մայրաքաղաքի կենտրոնում է, վաճառվում են մեծ քանակությամբ գրքեր։ Բաց է հանգստյան օրերին, երբեմն գործում է նաեւ աշխատանքային օրերին: Եթե անկեղծ, տխուր տպավորություն է թողնում։ Հիանալի գրքեր կան, բայց տեսնում ես, որ մարդիկ ծերացել են, խեղճացել, իսկ ամբողջ կյանքի ընթացքում հավաքած գրադարանը, որի շուրջը հավաքվել է ընտանիքը, երեխաներն են մեծացել, հանկարծ արժեզրկվել է եւ ավելորդ դարձել, ու հիմա գրքերը փողոցում վաճառում են կոպեկներով։

Այստեղ շատ են ռուս դասականները։ Կարելի է տեսնել Տուրգենեւի, Պուշկինի, Կռիլովի հատորները, բայց նրանց կողքին կան նաեւ ամենաանհավանական գրքեր՝«Պլաստմասից պատրաստված ատամնաբուժական պրոթեզների ձուլման կաղապար» կամ «Ուռուցքաբանական ասպեկտները ստոմատոլոգիայում»: Հավանաբար դրանք պատկանել են ատամնաբույժի կամ բուժառուի:

Եվ կա բավականին հաճելի բուկինիստական գրքերի ցանցը: Ամիրյան փողոցինը մի փոքր աղքատիկ է, Մաշտոցի պողոտայինը՝ ավելի բազմազան։ Հիշեցնում է ռուսական «Չիտայ գորոդ»-ը։ Սպառողի համար տոն, համաշխարհային մշակույթի պատառիկներ։

Այսօրվանները պարզ չէ՝ լավն են, թե ոչ, բայց անցյալ դարի մասին ամեն ինչ հայտնի է։

Դրանք այն գրքերն են, որ ձեզ հետ վերցնում եք գնացք, ինքնաթիռ նստելիս, ամայի կղզի մեկնելիս եւ, այո՛, արտագաղթելիս։

Բոլորն այստեղ են՝ Հուլիոս Կեսար, Չապեկ, Նիցշե, Օրուել, «Դրակուլա», «Այվենհո»: Իսկ նրանց կողքին՝ «Բակտերիաների հետ անկողնում», «Բրիտանական լրտեսական ցանցը Խորհրդային Ռուսաստանում», Ագաթա Քրիստի, Մարինինա, Օշո: Դժվարությամբ եմ պատկերացնում Նիցշեի ու Մարինինայի նույն ընթերցողին, բայց երեւի այդպիսիք կան։

Նայում ես ու մտածում՝ ժամանակակից մշակույթ գոյություն չունի, ռուսերենով՝ հաստատ: Ինքն է իրեն չեղարկել է, վերածել թանգարանի։ Եվ գրախանութն էլ, ըստ էության, նույնպես թանգարան է։ Բայց մշակութային քաղաք Երեւանը սերտորեն կապված է ռուս գրականության հետ։

Երեւանի ճարտարապետության ազգային թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ Նժդեհի հուշարձանի մոտ իտալական սրճարանում զրուցում ենք գրքերի մասին։ Հարցնում եմ:
-Իսկ ի՞նչ լավ բան է հրատարակվում Երեւանում ռուսերենով։
-Դե, գրեթե ոչինչ։

Արտագաղթի ընթացքում թերեւս դեռ երկար ժամանակ չենք տեսնի ռուսերեն նոր լավ, ազնիվ գրքեր։ Հավանաբար (իհարկե) հիմա Ռուսաստանում գրում են, բայց այդ գրականությունը հազիվ թե տպագրվի, ուր մնաց՝ արտահանվի։

Թարգմանեց Կարինե Դավոյանը

https://www.aliqmedia.am/