«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանը մի քանի օրով վերածվելու է աշխարհի գիտական-տեխնոլոգիական կենտրոնի. STARMUS-ը գալիս է Հայաստան

29/08/2022

2022 թվականի սեպտեմբերի 5-10-ը Հայաստանը հյուրընկալելու է STARMUS միջազգային փառատոնը, որն իր տեսակով բացառիկ է Հայաստանի պատմության մեջ։ Փառատոնը հնարավորություն է տալու մեր բնակչությանը վայելելու գիտության ու արվեստի օրերը, ինչպես նաեւ հնարավորություն տալով օտարերկրացիներին այցելելու Հայաստան եւ ի թիվս փառատոնի ծրագրի՝ ծանոթանալու նաեւ Հայաստանի գիտական եւ մշակութային ժառանգությանը։

Հայաստանում անցկացվող միջոցառումներին մասնակցելու են շուրջ հինգ տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ եւ տիեզերագնացներ, երաժշտության եւ արվեստի համաշխարհային աստղեր, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, երաժշտության ու արվեստի աստղեր, տեխնոլոգիական ոլորտի ականավոր ներկայացուցիչներ:

Հայաստանում STARMUS VI գիտության եւ արվեստի փառատոնը անցկացվելու է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով եւ նվիրված է լինելու Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին փափուկ վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ «Մարս 3»-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

STARMUS միջազգային փառատոնը կապված է Ստիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի եւ աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ։ Այն 2011 թվականից անցկացվել է Թեներիֆե կղզում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), հետագայում նաեւ Նորվեգիայում, Շվեյցարիայում։ Փառատոնը միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները եւ նպատակ ունի հանրայնացնելու գիտությունը մարդկության համար արվեստի միջոցով։

Հայաստանում STARMUS VI փառատոնի ծրագրում նախատեսվում է համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ: