«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պայքար Մերձավոր Արևելքի ,,բարեկամության,, համար

07/09/2022

Ուկրաինական ճգնաժամը և նոր սառը պատերազմը Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև նշանավորվում է նաև Մերձավորարևելյան երկրների ,,բարեկամության,, համար կատաղի պայքարով: Այստեղ կա երկու կարևոր հանգամանք: Այս տարածաշրջանի պետությունները չեն միացել ՌԴ դեմ պատժամիջոցներին և կարող են մեղմել պատժամիջոցների հետևանքները, շարունակելով տնտեսական հարաբերությունները ռուսական ընկերությունների հետ: Մյուս կողմից էլ տարաշաշրջանի երկրները նաև նավթի ու գազի խոշոր արտահանողներ են և կարող են փրկել Արևմուտքը ռուսական էներգակիրների մատակարարման դադարեցման աղետալի հետևանքներից: Տարածաշրջանը գերկարևոր է և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի համար: Այս հանգամանքներով է պայմանավորված պայքարը տարածաշրջանի ,,բարեկամության,, համար:
Այս տարվա հուլիսին, գիտակցելով իրավիճակի կարևորությունը, ամերիկյան ստրատեգները, որոնք տարված Ուկրաինայով ,,քնել էին,, արաբական երկրների հետ հարաբերություններում, նախագահ Բայդենին գործուղեցին տարածաշրջան: Նրա այցից առաջ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, ռուսական էներգառեսուրսների վրա էմբարգո սահմանելուց հետո, ,,քաղաքավարի,, հրաժարվել էին հեռախոսով պայմանավորվել նավթի արդյունահանման ավելացման շուրջ ամերիկյան առաջարկից: Տարածաշրջան նախագահական այցի մեկնարկի ամսաթիվը բազմիցս տեղաշարժվեց։ Բայց,  Պարսից ծոցի արաբական երկրներում Սերգեյ Լավրովի շրջագայությունից հետո անհանգստացած Վաշինգտոնը, հուլիսի կեսերին Բայդենի այցի հստակ ժամկետներ սահմանեց: 
Հետևելով լրահոսին հանդիպեցի մամուլում մի գրառման, ըստ որի Բայդենը The Washington Post-ի համար անձամբ է հոդված  գրել "Ինչու եմ ես գնում Սաուդյան Արաբիա" վերնագրով։ Հոդվածի մեկնաբանությունները բավականին տարբեր էին, շատերը նշում էին,  թե ԱՄՆ նախագահն արդեն այնպիսի պատկառելի տարիքում է, որ ստիպված է հիշեցնել իր իսկ պարտականությունների մասին։ Սակայն հոդվածի ակնհայտ պարզության հետևում բավական կոշտ ուղերձ է, որը կարելի է այսպես ձևակերպել. ԱՄՆ-ը չի զիջի Ռուսաստանին և Չինաստանին Մերձավոր Արևելքի առաջնորդությունը: Եվ ահա այստեղ հարց է առաջանում, թե ուշ չէր արդյոք շրջագայությունը, երբ դիրքերը արդեն թուլացել էին։
Ինչևիցե, Բայդենի մերձավորարևելյան շրջագայությունը տեղի ունեցավ: Այն սկսվեց Իսրայելից, որը կատակով հաճախ անվանում են ԱՄՆ 51-րդ նահանգ։  Իսրայելի ղեկավարության հետ հանդիպումն անցավ դրական հունով։ Բայդենը հաստատեց վաղեմի դաշնակցային հարաբերությունները, ընդգծեց ԱՄՆ-ի հավատարմությունը մի շարք այնպիսի սկզբունքների, որոնք հիմա կարևոր են հրեական պետության համար: Խոսքը հատկապես Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին է, ինչը տարածաշրջանի մուսուլմանական պետությունների մեծամասնության համար սկզբունքորեն անընդունելի է: Սակայն այս դրվագը ցույց է տալիս, որ բոլոր տարաձայնությունները հանրապետականների և դեմոկրատների միջև բացառապես ներքին հարց են ԱՄՆ-ի համար և ոչ մի կերպ չեն ազդում Վաշինգտոնի արտաքին և պաշտպանական քաղաքականության վրա:
Իսրայելից հետո Բայդենն ուղևորվեց Սաուդյան Արաբիա, որը հավակնում է Արաբական Արևելքի և իսլամական աշխարհի առաջնորդի կարգավիճակին: Վաղուց հայտնի է, որ "սիոնիստական պետության" հետ որևէ պաշտոնական համաձայնագրերի կնքումը և պաղեստինյան խնդրի վերաբերյալ դիրքորոշման փոփոխությունը թագավորության համար անթույլատրելի են: Սակայն հատուկ Թել Ավիվից ԱՄՆ նախագահի օդանավի թռիչքի կապակցությամբ, բոլոր ավիաընկերությունների համար սաուդյան իշխանությունները բացեցին օդային տարածքը, որպեսզի խուսափեն պաշտոնական մակարդակով Իսրայելի հիշատակումից։ Որոշ արևմտյան փորձագետներ դա ընկալեցին որպես սաուդցիների բարի կամքի դրսևորում, սակայն հաշվի առնելով ամերիկա-սաուդյան հարաբերությունների ներկա վիճակը՝ նման որոշումը պետք է գնահատել բացառապես որպես արաբական հյուրընկալության դրսևորում ։
Գլխավոր ինտրիգը Բայդենի մերձավորարևելյան շրջագայության նախօրեին կայանում էր նրանում, որ ԱՄՆ նախագահի և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի անձնական հանդիպման պաշտոնական հաստատումը կողմերից ոչ մեկը չէր հրապարակել: Մուհամմեդ իբն Սալմանը՝ Սաուդյան Արաբիայի գահաժառանգը, երկրի փաստացի առաջնորդն է։ Տարիքի պատճառով նրա հայրը՝ թագավոր Սալմանը, կատարում է միայն արարողակարգային գործառույթներ։ Չնայած ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի վաղեմի միությանը, արքայազնը չափազանց լարված հարաբերություններ ունի ամերիկյան իսթեբլիշմենթի հետ։ 2018-ին Ստամբուլում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո, Վաշինգտոնը ողջ պատասխանատվությունը դրել է Մուհամմեդ իբն Սալմանի վրա։ Դեմոկրատական կուսակցությունը բազմիցս փորձել է Կոնգրեսի գծով հետաքննություն նախաձեռնել արքայազնի դեմ։ Բայդենը նրան հրապարակավ անվանել է սպանության պատվիրատու և սպառնացել Սաուդյան Արաբիային վերածել իր բառերով ասած վտարանդի երկրի։ Ստացվում էր մի շատ անհարմար իրավիճակ, համաշխարհային դեմոկրատիայի առաջատար երկրի նախագահը հանդիպելու էր լագրող սպանող բռնապետության արքայազնին: Բայց դե ,,հանուն հայրենիքի,, ինչեր ասես որ չեն լինում: 
Այնուամենայնիվ, Բայդենի և Մուհամմեդ իբն Սալմանի անձնական հանդիպումը տեղի ունեցավ: 36-ամյա արքայազնը վստահ ու ժպտադեմ պահեց իրեն և կորոնավիրուսի համավարակի  դիվանագիտության լավագույն ավանդույթներով թագավորական պալատի շեմին բռունցքով  ,,բարևեց,, ԱՄՆ նախագահին։ Մինչդեռ 86-ամյա թագավորը, հավատարիմ մնալով ավանդական դիվանագիտական արձանագրություններին, նախագահին ողջունեց պահպանողական ձեռքսեղմումով։ Արևմտյան լրատվամիջոցները նախընտրեցին ուշադրություն չդարձնել նման նրբություններին, բայց Արևելքը, ինչպես հայտնի է, նուրբ գործ է։ Նման դրվագների սիմվոլիզմը երբեմն ավելի մեծ դեր է խաղում, քան հրապարակային հայտարարություններն ու արարողակարգային ճառերը ։
Այցի արդյունքում ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև մի քանի համաձայնագրեր են կնքվել։ Արևմտյան մամուլը կարևորագույն հաջողություն է համարել Էր Ռիադի համաձայնությունը՝ ավելացնել նավթի արդյունահանումը։ Սակայն, ծանոթանալով փորձագիտական կարծիքներին, կարելի է ենթադրել, որ  առանձնակի  հաջողություն չի գրանցվել:  Նախ,  ավելացումը տեղի կունենա օրական մինչև 13 մլն բարել՝ հանդիպման պահին արդյունահանվող 12 մլն բարելի դեպքում, ինչը գործնականում ոչ մի կերպ չի ազդի համաշխարհային շուկաների վրա: Երկրորդ՝ վերջնական որոշումը կկայացվի  ՕՊԵԿ+ - ի նիստում, այսինքն՝ Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի վիճակը նավթային ճակատում մնում է անփոփոխ ։
Ինչ վերաբերում է Իսրայելի և Սաուդյան Արաբիայի մասնակցությամբ "հակաիրանական կոալիցիա" ստեղծելու մասին լուրերին, ապա դրանք անհիմն են։ Ճիշտ է, Էր Ռիադը և Թեհրանը 1979 թվականից պայքարում են Պարսից ծոցի գոտում գերիշխանության համար և հակաիրանական դիրքորոշումը երկար ժամանակ եղել է ԱՄՆ-ի ամենաարդյունավետ գործիքներից մեկը տարածաշրջանում ռազմական ներկայությունը պահպանելու համար։ Սակայն Վիեննայում "միջուկային բանակցությունների" ձախողումը և արաբական միապետությունների և Իսլամական Հանրապետության միջև երկկողմանի  հարաբերությունների աստիճանական կարգավորումը, առանց Արևմուտքի մասնակցության, ակնհայտորեն վկայում են տարածաշրջանում Վաշինգտոնի քաղաքական դիրքերի թուլացման մասին: Ներկա պահին ամերիկյան կողմը դեռ իր վերջնական պատասխանը չի տվել միջուկային ծրագրի շուրջ արված Իրանի վերջին առաջարկներին: Դժվար է պատկերացնել նաև իսրայելա-սաուդական հակաիրանական ,,դաշինքը,,: Ուղակի խելքին մոտ չէ, Իսրայելը նույնիսկ ճանաչված պետություն չէ Սաուդյան  իշխանությունների կաղմից: 
Իհարկե, ժամանակի գործոնն այստեղ զգալի դեր է խաղացել, բայց, այնուամենայնիվ, Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերություններում ԱՄՆ-ի գլխավոր սխալը հավասարը հավասարի հետ շփվելու ցանկության բացակայությունն է։ Այսօր Արևելքի պետությունները և Հատկապես Սաուդյան Արաբիայի տիպի տարածաշրջանային "ծանրակշիռ" երկրները ձգտում են ինքնուրույնության և սեփական ինքնիշխանության հաստատման, ուստի նախընտրում են գործընկերներ, որոնք ոչ թե թելադրում են իրենց պայմանները, այլ խոսում և պայմանավորվում  են:
Պայքարը ՌԴ և ԱՄՆ-ի միջև մերձավորարևելյան ,,բարեկամության,, համար առավել ցայտուն դրսևորվեց Թեհրանի Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ հանդիպումից հետո: Արևմտյան լրատվամիջոցները Թեհրան-2022 գագաթնաժողովից հետո արձագանքում էին մեծ անհանգստությամբ: Տպավորությունն այն էր, որ Արևմուտքում հականատօյական դաշինքի ուրվականն էր շրջում՝ ալեկոծելով նոր վախեր: Արևմտյան լրագրողները փորձում են համադրել Պուտինի և Բայդենի այցերը, առանց առարկայական ու հիմնավոր հետևությունների, իսկ հրապարակումներում առկա է ՆԱՏՕ-ի այլընտրանքի ստեղծման վախը ։
Իրականում Թեհրանում գումարվել էր սիրիական ճգնաժամի հաղթահարման համար "Աստանայի եռյակի" գագաթնաժողովը Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իբրահիմ Ռաիսիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ, որի թեմատիկան դուրս է եկել սիրիական խնդրի քննարկման սահմաններից: Այստեղ կենտրոնական իրադարձությունը ռուս-իրանական բանակցություններն էին։ Երկու երկրների միջև ստորագրվեց համագործակցության համապարփակ պայմանագիր։ Բանակցությունների ընթացքում քննարկվեց նաև դոլարից հրաժարման, արևմտյան պատժամիջոցներին համատեղ դիմակայության և մի շարք այլ հարցեր։ Արևմուտքում դա  մեկնաբանեցին յուրահատուկ հռետորաբանության ձևով, իբր "իզգոյները" հավաքվել են որոշելու, թե ինչպես հաղթահարել "մեկուսացումը"։ Սակայն մամլո արձագանքների հետևում լրիվ այլ իմաստներ են ընթերցվում։ Եվրոպայի և ԱՄՆ քաղաքական գործիչները վախենում են ՆԱՏՕ-ի դեմ  նոր դաշինքների ստեղծումից։ Օրինակ, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի այցը Իրան ցույց է տալիս, թե որքանով է Ռուսաստանը հայտնվել մեկուսացման մեջ Ուկրաինա ներխուժելուց հետո: Միաժամանակ կա նաև հակառակ  կարծիքը, ըստ որի կայացած գագաթաժողովը, ընդհակառակը, ապացուցում է, որ ոչ մի մեկուսացում էլ չկա, և բուն Արևմուտքը  ոչ մի կերպ չի կարող ընկալվել որպես ողջ միջազգային հանրություն ։
Բացառված չէ, որ նախագահ Պուտինը ժամանել էր Թեհրան, որպեսզի ամրապնդի հակաարևմտյան կոալիցիան Իրանի հետ, որի գերագույն առաջնորդը Ռուսաստանի նախագահին ասել է, որ ինքը ճիշտ է եղել ՝ ներխուժելով Ուկրաինա: Խամենեին Պուտինին աջակցություն է հայտնել՝ հայտարարելով, որ Արևմուտքը դեմ է ուժեղ և անկախ Ռուսաստանին: Հիմա ուշադրությունը կենտրոնացված է Մոսկվայի կողմից իբր ստեղծվող "հակաարևմտյան դաշինքի" վրա: Գրում էին նաև, որ Ռուսաստանի առաջնորդը, որն ավելի ու ավելի մեկուսացման մեջ է գտնվում Ուկրաինա ներխուժելուց հետո, ընկերներ է փնտրում: Բայց մեր կարծիքով առաջնային գործոնը տերությունների պայքարն է մերձավորարևելյան ,,բարեկամության,, համար: Դժվար է կանխատեսել, թե Իրանը որքանով կարող է իսկապես օգնել Ռուսաստանին  արևմտյան պատժամիջոցների պայմաններում: 
Պուտինի այցը Թեհրան տեղի ունեցավ Ջո Բայդենի՝ Իսրայել և Սաուդյան Արաբիա կատարած այցի ֆոնին: Վաշինգտոնին չհաջողվեց  Մերձավոր Արևելքը թեքել ի պաշտպանություն Ուկրաինայի, մինչդեռ Մոսկվան Իրանին ներառել է իր միության մեջ: Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի համակողմանի համագործակցությունը նոր աշխարհակարգի կառուցման գործում, ամենից շատ վախեցնում է ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքական վերնախավին: Դրանում նա վտանգ է տեսնում և հասկանում է, որ նման միությունը սպառնում է գոյություն ունեցող համակարգի փլուզմամբ։ Պատահական չէր, որ ԱՄՆ նախագահն իր շրջագայության ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է ակտիվ, շահագրգիռ գործընկեր մնալ Մերձավոր Արևելքում, և Վաշինգտոնը չի հեռանա և վակուում չի թողնի, որը կլցվի Ռուսաստանի, Չինաստանի կամ Իրանի կողմից: Հաշվի առնելով Բայդենի հավակնոտ "վակուումային լրացման,, դիտողությունները կարելի է եզրակացնել, որ, եթե նավթ ու գազ ունես,  քեզ համար պայքարում են, իսկ եթե չունես,  քո մասին արցունքն աչքերին աջակցության հայտարարություններ կանեն, և հատկապես, ցեղասպանվելուց հետո: 

Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի քաղաքական վերլուծաբան, ք․ գ․ դ․, պրոֆեսոր  Գարիկ Քեռյան  

Generalnews.am