«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՐԱՄԻ ԿԵՐՊԱՐԸ ՊԵՏՔ Է ՕՐԻՆԱԿ ԾԱՌԱՅԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅԻ, ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՄԱՏԱՂ ՍԵՐՆԴԻ ՀԱՄԱՐ.ԱՐՄԵՆ ԱՍՐՅԱՆ

02/07/2022

Generalnews.am-ի հյուրն է պ․գ․թ․, դոցենտ Արմեն Ասրյանը

- 20-րդ դարը տվել է հայոց ազատամարտի այնպիսի նվիրյալներ, որոնք հայ ժողովրդի գոյամարտի օրհասական պահերին ցուցաբերել են ազգային-քաղաքական ու պետական գործիչներին բնորոշ կազմակերպչական տաղանդ, երկաթյա կամք ու վճռականության, բացառիկ հետևողականություն։ Նման ազգային ու պետական մտածողության տեր գործիչներից էր Արամ Մանուկյանը: Հայաստանի առաջին հանրապետության իրական հիմնադիր Արամ Մանուկյանի մասին շատ է խոսվել, սակայն նրա՝ որպես պետական-քաղաքական գործչի բացառիկության մասին այսօր զրուցելու ենք պ․ Ասրյանի հետ։ Կխնդրեի լայն հանրության համար ընդհանուր գծերով ներկայացնել Արամ Մանուկյանի կենսագրությունը։
- Արամ Մանուկյանը (ծննդյան անվամբ Սարգիս Հարությունի Հովհաննիսյան)՝ծնվել է 1879թ. մարտի 19-ին հայոց հինավուրց Շուշի քաղաքում, զինագործի ընտանիքում: Նախ ուսանել է տեղի Ագուլյաց ծխական դպրոցում, ապա 1895 թ. ընդունվել Ղարաբաղի հայոց թեմական դպրոց: Այստեղ ուսանելու շրջանում Ա. Մանուկյանն անդամագրվել է հայ ազատամարտի առաջատար ուժ ՀՅ դաշնակցությանը: Հեղափոխական գործունեությամբ զբաղվելու պատճառով 1901 թ. հեռացվելով Շուշիի թեմական դպրոցից՝ ուսումը շարունակել է Երևանի թեմական դպրոցում, որն ավարտել է 1903 թ.:
1903 թ. Ա. Մանուկյանը Բաքվում և Գանձակում ակտիվորեն մասնակցել է հայ եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու մասին Ռուսաստանի միապետ Նիկոլայ II-ի հրամանագիրը չեղյալ համարելու համար մղվող պայքարին, այնուհետև անցել է Կարս: Այստեղ նրա գործունեության մեջ առանցքային տեղ է զբաղեցրել Արևմտյան Հայաստան զենք-զինամթերք փոխադրող խմբերի կազմակերպումը: Արդեն այս ժամանակից Արամ Մանուկյանը գտնում էր, որ ազգային իրավունքները վերականգնելու համար պետք է ապավինել սեփական ուժերին : 1904 թ. հոկտեմբերին Արամ Մանուկյանը ճանապարհվեց Արևմտյան Հայաստան՝ տեղում նպաստելու ազատագրական շարժման ծավալմանը: Հաղթահարելով բազում դժվարություններ և վտանգներ՝ 1905 թ. փետրվարին նա հաստատվեց Վանում, իսկ մի քանի ամիս անց ստանձնեց ՀՅԴ Վանի կազմակերպության ղեկավարությունը: Թուրքական լծից արևմտահայության ազատագրության համար պայքարի ելած Ա. Մանուկյանը մեղվաջան աշխատանք ծավալեց ազատագրական պայքարի մասնակի գործողություններից ընդհանուր ապստամբությանն անցնելու ուղղությամբ՝ համոզված, որ միայն համազգային միասնական, հուժկու պայքարի միջոցով կարելի է հասնել ազգային նպատակների իրականացմանը: Աննախադեպ հաջողություններ արձանագրվեցին ազատագրական շարժման կազմակերպական հիմքն ամրապնդելու, նահանգի տարածք զենք-զինամթերք ներկրելու, ժողովրդին զինելու ուղղություններով:
1908թ. Օսմանյան կայսրությունում իրականացված երիտթուրքական հեղաշրջումից հետո Արամ Մանուկյանն արտահայտվեց նրանց հետ համագործակցելու իր կուսակցության քաղաքականության օգտին՝ ակնկալելով այդ կերպ հասնել արևմտահայության դրության բարելավմանը: Սակայն երիտթուրքերը չընդունեցին ՀՅԴ և հայ քաղաքական մյուս ուժերի այս դիրքորոշումը և շարունակեց սուլթանական վարչակարգի հայաջինջ ընթացքը:
1913 և 1914 թթ. ՀՅԴ 7-րդ և 8-րդ ընդհանուր ժողովների կողմից Արամ Մանուկյանն ընտրվեց կուսակցության ղեկավար մարմնի՝ Բյուրոյի անդամ: Այս հանգամանքը, սակայն, չխանգարեց, որ նա համազգային հարցերում մշտապես հանդես գար ապակուսակցական դիրքերից:
Երբ բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը, ԱրամՄանուկյանը մի շարք այլ հեղինակավոր գործիչների հետ բանակցությունների մեջ մտավ թուրքական իշխանությունների հետ՝ ջանալով Վանի հայությանը փրկել արհավիրքներից: Սակայն, համոզվելով, որ խաղաղ միջոցներով անհնար է կանխել հայոց զանգվածային ջարդերը, նա քաղաքական ձեռնամուխ եղավ 1915 թ. ապրիլյան ինքնապաշտպանության կազմակերպմանը: Արամը դարձավ Վանի ինքնապաշտպանության առաջնորդը, սիրտն ու հոգին:
1915թ. ապրիլի 7-ից մայիսի 3-ը տևած Վանի հաղթական ինքնապաշտպանության շնորհիվ ավելի քան հարյուր հիսուն հազար վասպուրականցիներ փրկվեցին թուրքական պետության իրականացրած հայոց Մեծ եղեռնից: Ինքնապաշտպանության ավարտից հետո Արամ Մանուկյանը նշանակվեց Վանի նահանգապետ: Հերոսամարտի և նահանգապետության շրջանի փորձը նա օգտագործեց պատմական 1918 թվականին:

- Արամն ու առաջին հանրապետությունը փոխկապակցված են․ ինչու՞մն էր կայանում Արամի դերը մայիսյան հերոսամարտերի և հանրապետության հռչակման ժամանակ։
- 1917 թ. վերջին ռուսական Կովկասյան ռազմաճակատի կազմալուծումը թուրքական ներխուժման վտանգի տակ դրեց ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանը: Դրությունը բարդանում էր նրանով, որ ինչպես Անդրկովկասում, այնպես էլ Արևելյան Հայաստանի զգալի մասն ընդգրկող Երևանի նահանգում չկային պետական իշխանության կենսունակ մարմիններ: Հայ ժողովրդի գլխին կախվում էր 1915 թ. կրկնության վտանգը:
Այդ իրավիճակում` 1917 թ. դեկտեմբերին Թիֆլիսի Հայոց Ազգային և Հայ զինվորական խորհուրդներն Արամ Մանուկյանին արտակարգ լիազորություններով գործուղեցին Երևանի նահանգ: Անշուշտ, նկատի էին առնվել բացառիկ ծանր պայմաններում գործ կազմակերպելու և այն վարելու նրա բացառիկ կարողությունները:
Ա. Մանուկյանն առաջադրեց հայ ժողովրդի պաշտպանությանն ու ազատությանը միտված հստակ քաղաքական ուղեգիծ: Ընդգծելով այն իրողությունը, որ հայ ժողովուրդը թուրքական ոչնչացնող պետական մեքենայի դեմ կանգնած է բացարձակապես մենակ՝ Ա. Մանուկյանը հայ ժողովրդին կոչ արեց հույս չկապել արտաքին օգնության հետ և հենվել սեփական ուժերի վրա՝ թե՛ թուրքերից պաշտպանվելու և թե՛ երկրում կարգուկանոն հաստատելու համար. «Ամէն ոք իր մասին է մտածում: Իր երկրի սահմաններից այն կողմ եթէ նայող կայ, նայում է միայն յանուն իր շահերի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ` տուն գնացող ռուսներին փոխարինելու համար: Եթէ ընդհանուր ուժերով ճակատ պահելու խօսք էլ է լինում, դա լոկ խօսք է` զուրկ իրական հիմքից ու անկեղծութիւնից…: Դրա հակառակը, կայ դաւադրական վերաբերմունք: Մենակ ենք եւ պէտք է ապավինենք միա՛յն մեր ուժերին` թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար»:
Ունենալով այնպիսի որակներ, ինչպիսիք են հեռատեսությունը, ռազմավարական մտածողությունը, հետևողականությունն ու անսասան կամքը, Ա. Մանուկյանը, օժտված Վանի նահանգապետության շրջանի պետական գործունեության փորձառությամբ, անմիջապես ներկայացրեց գործողությունների խիստ որոշակի ծրագիր և քայլ առ քայլ կենսագործեց այն: Գիտակցելով, որ միայն գեղեցիկ կոչերը, մեկ մարդու կամ մի խումբ մարդկանց ուժերը բավարար չեն հայության առջև ծառացած ահռելի խնդիրները լուծելու համար, և որ դրանց կարելի է հասնել լավ կազմակերպված աշխատանքի միջոցով, նա ձեռնամուխ եղավ Երևանի նահանգի իշխանության իրապես գործող մարմինների ստեղծմանը: Ստեղծվեց Երևանի նահանգի իշխանության նոր մարմին՝ Հատուկ կոմիտե, որի առաջ դրվեցին հստակ խնդիրներ: Բացի այդ, շունչ տրվեց արդեն իսկ գոյություն ունեցող, բայց անգործության մատնված իշխանության մարմիններին: Ա. Մանուկյանը Երևանի Հայոց Ազգային խորհրդի և Հատուկ կոմիտեի շուրջը համախմբեց բոլորին՝ անկախ կուսակցական պատկանելությունից և գաղափարական համոզմունքներից:
Կարճ ժամանակում, ընդամենը 2-3 ամսվա ընթացքում, Արամի գլխավորությամբ ստեղծվեց 10-12 հազարանոց կանոնավոր բանակ, որը վճռորոշ դերակատարություն ունեցավ 1918թ. Մայիսյան պատմական հերոսամարտերում:
Արամի կազմակերպական ջիղի և վճռականության շնորհիվ կարճ ժամանակում ճնշվեցին մահմեդական հակապետական, հակահայկական որջերը, որոնք ամեն կերպ շարունակում սպանում ու թալանում էին հայ բնակչությանը, հարձակվում ռազմաճակատ մեկնող հայկական զորամասերի վրա, երկաթուղային կայարանների, գնացքների վրա և այլն:
1918թ. մայիսյան ծայրահեղ ծանր ժամանակաշրջանում Արամ Մանուկյանը դրսևորեց թշնամուն հակահարված հասցնելու անսասան կամք, Վարդանանց վայել վճռականություն ու քաջություն: Դեռևս Ալեքսանդրապոլի անկումից առաջ նա նշել էր. «Եթե երբևէ մեր ճակատի վրա թուրքերը սկսեն առաջխաղացումը, մենք անպայման պետք է դիմադրենք զենքով, թնդանոթով, և ոչ թե ստրկորեն անձնատուր լինենք և կոտորվենք»: Արամ Մանուկյանը եղավ այն գործիչը, որը կարողացավ բարձրացնել զորքի, քաղաքական ուժերի ու ժողովրդի ոգու կորովը և նրանց կազմակերպված պայքարի դուրս բերել թշնամու դեմ՝ այդ կերպ ուղի հարթելով դեպի լուսավոր ապագա, դեպի հայոց վերածնունդ, որը սկզբնավորվելու էր հայոց պետականության վերականգնմամբ: Մայիսի 19-ին, երբ թուրքական զորքերը նոր էին ներխուժել Արարատյան դաշտ, Արամ Մանուկյանը գեներալ Մ. Սիլիկյանին հրահանգեց կասեցնել հայկական զորքի հետագա նահանջը և թշնամուն հասցնել վճռական հակահարված: Նա խոստանում էր երկու օրվա ընթացքում զորքին տրամադրել անհրաժեշտ ամեն ինչ` մարդկային ուժ, զենք-զինամթերք, և ապահովել թիկունքի լիակատար աջակցությունը բանակին: Ի դեպ, դեռևս ամիսներ առաջ Արամ Մանուկյանը հեռատեսորեն հրահանգել էր ռազմաճակատի խորքից թիկունք փոխադրել մեծ քանակությամբ զենք-զինամթերք, որն այդ օրերին մեծ օգնություն եղավ հայոց զորքին:
1918թ. Մայիսյան հերոսամարտերը, որոնց կազմակերպման գործում Արամ Մանուկյանն ունեցավ առաջնակարգ մասնակցություն, փրկեցին հայ ժողովրդին վերջնական բնաջնջումից, Արևելյան Հայաստանը բռնազավթումից և հնարավոր դարձրին Հայաստանի անկախության վերականգնումը: 1918 թ. մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց Կենտրոնական Ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Մինչև մայիսյան հերոսամարտերը թուրքերը դեմ էին ինքնուրույն Հայաստանի ստեղծման ցանկացած գաղափարի:
- Կխնդրեի հակիրճ առանձնացնել Արամի պետական-քաղաքական գործունեության փուլերը։
- Անդրադառնալ Արամի պետական գործունեությանը և սահմանափակվել միայն Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակաշրջանով, կլինի խիստ անբավարար: Արամ Մանուկյանի պետական գործունեությունը կարելի է պարբերացնել չորս փուլի: Առաջին փուլն ընդգրկում է Վանի հայկական նահանգապետության շրջանը, երկրորդը' Երևանում 1917 թ. դեկտեմբերից 1918 թ. մայիսի 28-ը' Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումն ընկած ժամանակաշրջանը, երրորդը' Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումից մինչև նրա անդրանիկ կառավարության ձեւավորումն ընկած ժամանակահատվածը (1918 թ. մայիսի 28-ից հուլիսի 24-ը), չորրորդը' Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակաշրջանը: Արամ Մանուկյանն իր ողջ պետական գործունեության ընթացքում աչքի է ընկել քաղաքական հասունությամբ ու հեռատեսությամբ, իրատեսությամբ ու շրջահայացությամբ, կազմակերպչական բացառիկ ձիրքով, անկոտրում կամքով, անշահախնդիր վարքով, համեստ կենցաղով և մեծագույն պատասխանատվությամբ իր ժողովրդի ճակատագրի նկատմամբ: Այդ հատկանիշները նրա գործունեությունը դարձրել են խիստ արգասավոր: Նա առաջնակարգ և հսկայական դերակատարություն է ունեցել հայոց նորագույն անկախ պետականության՝ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման և պետականաշինության գործընթացում:

- Հայտնի է, որ Արամի գործունեությունն անքակտելիորեն կապված էր նաև ՀՅԴ հետ։ Այս համատեքստում կխնդրեի լուսաբանել ՀՅԴ գործունեությունն առաջին հանրապետության հռչակման գործընթացում։
- Պետք է արձանագրել, որ ՀՅԴ-ն այն քաղաքական ուժն էր, որն իր կարողությունները դրեց Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման ու կերտման պատմական, կարևորագույն գործին: ՀՅԴ-ն ակտիվ մասնակցություն ունեցավ ինչպես 1918թ. Մայիսյան հերոսամարտերին, այնպես էլ նորանկախ Հայաստանի կերտմանը: Ստանձնելով նորանկախ երկրի քաղաքական ղեկը, ի տարբերություն ժամանակի մյուս քաղաքական ուժերի, որոնց մի մասը նույնիսկ հրաժարվեց գալ Երևան՝ այստեղ տիրող ծանր պայմանների պատճառով, ՀՅԴ-ն ջանք ու եռանդ չխնայեց ՀՀ կայացման համար: Ճիշտ է Հանրապետության գոյության երկուսուկես տարիների ընթացքում նրա քաղաքական պատասխանատվությունը ստանձնած ՀՅԴ-ն ունեցավ նաև սխալներ, թերացումներ կամ բացթողումներ, սակայն կարողացավ որոշակիորեն կայունացնել երկիրը, կարողացավ ստեղծել մի երկիր, որի հիմքի վրա բարձրացան Հայաստանի երկրորդ և ներկայիս՝ երրորդ հանրապետությունները:

- Ի վերջո, կուզեի լսել Ձեր կարծիքն այն մասին, թե ներկա պայմաններում մեր հասարակության մեջ՝ թե´ հանրային լայն, թե´ գիտական շրջանակներում ինչպես է գնահատված և ընկալված Արամի կերպարը։
- Վերջին տասնամյակում հայ պատմագիտական շրջանակների ջանքերի շնորհիվ Արամ Մանուկյանի կերպարը բավական լուսաբանվել և մեր հասարակության շրջանում տարածվել է: Սակայն անելիքներ դեռ շատ կան: Անհրաժեշտ է նրա լուսավոր, պետականաշեն ու հայրենաշեն գործունեության լուսաբանությունը, նրա մեծագործության գնահատումը բարձրացնել պետական մակարդակի, ամենօրյա ռեժիմով զանգվածային լրատվության միջոցներով, դպրոցներում և բուհերում լուսաբանել նրա կյանքն ու գործունեությունը: Նրա կերպարը պետք է օրինակ ծառայի յուրաքանչյուր հայի, առաջին հերթին մատաղ սերնդի համար:

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am