«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշ­վառ­ված 5 «Տոյոտա Կորոլլա» կնվիրաբերվի Արցախին․ նախագիծ

18/08/2022

Կառավարության օգոստոսի 18-ի նիստի օրակարգում է գույք հետ վերցնելու և Լեռնային Ղարաբաղին նվիրաբերելու մասին չզեկուցվող հարցը։

Մասնավորապես նշվում է․

«1․Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաշվեկշռում հաշ­վառ­ված 5 միավոր «Տոյոտա Կորոլլա» մակնիշի տրանսպորտային միջոցները՝ 36 370 000 դրամ հաշվեկշռային արժեքով՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և նվիրա­բե­րել Լեռնային Ղարաբաղին՝ Լեռնային Ղարաբաղի ոստիկանությանը վերապահված լիազորությունների իրականացման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթա­կառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Լեռնային Ղարաբաղի ոստիկանության պետի հետ կնքել նվիրաբերության պայմանագիր՝ պայմանագրում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագրի կնքման և սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման և պետական հաշվառման  հետ կապված ծախսերն իրականացվելու են Լեռնային Ղարաբաղի ոստիկանության միջոցների հաշվին:

3․Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագիրը կնքվելուց հետո մեկամսյա ժամկետում ապա­հովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխա­տանքների կատարումը»:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով հետպատերազմական ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղում ստեղծված նոր իրողությունները և Լեռնային Ղարաբաղի ոստիկանության՝ նոր օրակարգով պայմանավորված աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ որպես նվիրատվություն տրամադրվող տրանսպորտային միջոցները կնպաստեն Լեռնային Ղարաբաղի  հասարակական կարգի և բնակչության անվտանգության ապահովմանը:

Նախագծով առաջարկվում է նշված տրանսպորտային միջոցների տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունքների փոխանցման ճանապարհով աջակցել Լեռնային Ղարաբաղի ոստիկանությանը: