«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանում քաղաքական իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը ղեկավարվում են Կրեմլից. Ժիրայր Ազիզյան

13/06/2022

ArmDaily.am-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը:

- Մեկ ամսից ավել է,ինչ ընդդիմությունն արեց հավաքներ, ակցիաներ։Կարող ենք այս պահի դրությամբ ֆիքսել,որ ընդդիմությանն այդպես էլ չհաջողվեց իրագործել այն նպատակները,որոնց մասին բարձրաձայնում էր։
-Որպես քաղաքագետ ինձ համար պարզապես ցավալի է, երբ հայ քաղաքական մտքի սնանկությունը թույլ չի տալիս հասկանալ, որ Հայաստանում քաղաքական իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը ղեկավարվում են Կրեմլից։ Նախ պետք է հասկանանք՝ արդյոք իրական նպատակն այն էր, ինչի մասին բարձրաձայնում էին: Եթե խոսում ենք կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման պահանջի մասին, ապա ես բազմիցս նշել եմ` մեր խնդիրը ոչ թե կարգավիճակը, այլ անվտանգությունը պետք է լինի, ուստի պետք է նախ առաջ քաշել անվտանգության հստակ ու բավարար երաշխիքների հիմնավորված պահանջը, բավարար հենց շահառուների` արցախահայության համար, կարող եմ վստահեցնել, որ այդ երաշխիքները գործնականում չեն կարող ենթադրել մի կարգավիճակ, որը կգտնվի Ադրբեջանի կազմում, սա շատ պարզ է, ինչի մասին մեկ տարուց ավել խոսում եմ։

- Ինչո՞ւ մինչ այս պահը ընդդիմությունը չի կարողացել հասնել իր նպատակներից ամենակարեւորին`Փաշինյանի հեռանալուն։
-Մենք պետք է վերջապես հասկանանք, որ տեղի ունեցող բոլոր գործընթացները սպոնտան չեն և կառավարվում են նույն կենտրոնից, հետևապես Հայաստանում առանց Ռուսաստանի միջամտության կամ թողտվության իշխանափոխություն լինել չի կարող, իսկ քաղաքական մտքի սնանկությունը էյֆորիայով լրացնողները պետք է ի վերջո հասկանան, որ 4 տարի առաջ տեղի ունեցածը ոչ թե հեղափոխություն, այլ ընդամենը իշխանափոխություն էր։ Ասածս կարող եմ հիմնավորել բազմաթիվ արգումենտներով, բայց թերևս 2 դիտարկում կանեմ, որոնցից մեկը ՀԱՊԿ անդամ Բելառուսում 2 տարի առաջ կայացած ընտրությունների արդյունքների դեմ ինքնաբուխ և մասշտաբային առումով մի քանի անգամ Հայաստանին գերազանցող զանգվածային ցույցերի ու իշխանափոխության փորձի կանխումն էր, որը ի հեճուկս երրորդ նախագահի պնդումներին՝ հնարավոր էր նաև կանխել Հայաստանում։ Մյուսը վերջերս Ղազախստանում աննախադեպ զանգվածային ցույցերն էին, որը ևս միտված էր իշխանափոխությանը և կանխվեց ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի միջոցով, որոնք ներքին կայունության սպառնալիքի նույն տրամաբանությամբ կարող էին կանխել նաև 4 տարի առաջ Հայաստանում ձեւավորված շարժումը։ Հետևաբար քաղաքական իրականությունից կտրվել պետք չէ, այս է ամբողջը, իսկ բրյուսելյան հանդիպմանը անմիջապես հաջորդած այս օրերին տեղի ունեցող գործընթացը պարզապես միտված է ժամանակը մանևրելուն և այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները չեղարկելուն։

- Ընդդիմության շատ ներկայացուցիչներ հասարակությանն են մեղադրում իրենց կողքին չկանգնելու համար։Արդյոք հասարակական լայն զնագվածների անտարբերության խնդիրն ունենք այս պարագայում։
-Նույնիսկ այն քաղաքական տեխնոլոգիաները, որոնց միջոցով ուղեկցվում են տեղի ունեցող գործընթացները, սկսած լոզունգներից, հայտարարություններից, միտված են հասարակության լայն զանգվածները չմոբիլիզացնելուն, նրանք ունեն որոշակի ստաբիլ զանգված, որը ունակ են կառավարելու, իսկ ավելի մեծ զանգվածի ներգրավման դեպքում խնդիրը կարող է բարդանալ և գործընթացը դուրս գալ վերահսկողությունից։ Ի՞նչ է նշանակում՝ ով մեզ հետ չէ նա մեր դեմ է, ով մեր դեմ է նա դավաճան է: Իմ հայրը իր ողջ գիտակցական կյանքը ապրել է հայրենիքի պաշտպանության ու պետականության կայացման գաղափարներով, իմ հորեղբայրը ևս կյանքն է զոհաբերել հանուն այդ գաղափարների, ես ու եղբայրս առաջին օրից մասնակցել ենք ինչպես ապրիլյան, այնպես էլ 44-օրյա պատերազմներին ու մեր օրինակով շատ ու շատ ընտանիքներ կան ինչպես Արցախում, այնպես էլ մայր Հայաստանում, հիմա ի՞նչ` մենք դավաճաննե՞ր ենք, Սաշիկ Սարգսյանի որդի Գոնսալեսը ազգի փրկի՞չ։ Կարևոր չէ, թե ինչ են խոսում Ֆրանսիայի հրապարակում, կարևոր է, թե ով է դա ասում, առնվազն միայն Նիկոլ Փաշինյանի ոչ կոմպետենտ կադրային քաղաքականությունը բավարար է նրա հրաժարականի պահանջը հիմնավորելու համար, բայց երբ դրա մասին խոսում է Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ նշանակած Սերժ Սարգսյանը, դա արդեն մեղմ ասած ցինիզմ է։