
Շոտլանդացի պատգամավորը ներկայացրել է, թե ինչպես են ադրբեջանցիները հայ կին զինվորի աչքերը հանել
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը Telegraph և Economist պարբերականներում հոդված է հրապարակել, որտեղ մեջբերել է ադրբեջանցի զինվորների կողմից իրականացված վայրագությունները՝ ներկայացված Շոտլանդական ազգային կուսակցության ներկայացուցչի կողմից:
«Կարող է արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև լինել արդարացի խաղաղություն» վերտառությամբ հոդվածի հայերեն թարգմանությունն «Արմենպրես»-ը ներկայացնում է ամբողջությամբ:
«Սեպտեմբերի 22-ին Շոտլանդական ազգային կուսակցության անդամ Քրիս Լոն, ելույթ ունենալով ՄԹ Համայնքների պալատում, ներկայացրեց մի սարսափելի պատմություն գլխատված տարեց տղամարդու և կին զինվորի մասին, որի աչքերը հանվել էին ու փոխարենը քարեր էին տեղադրվել:
Զոհերը, որոնց նա նկարագրեց, չհրահրված ռազմական ագրեսիայի ժամանակ ադրբեջանցիների կողմից սպանված հայերն էին: Ադրբեջանական ագրեսիայի ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել:
Հայաստանի տարածքի խորքում հարվածի են ենթարկվել նաև կարևոր նշանակության ենթակառուցվածքներ, դպրոցներ ու հիվանդանոցներ: Իհայտ են եկել վայրագությունների ավելի շատ ապացույցներ, այդ թվում՝ հայ զինվորների արտադատական սպանության տեսանյութը:
Այս գործողությունները արտացոլանքն են Սիրիայում Դաեշ-ի գործողությունների, որի շուրջ միջազգային դատապարտման ալիքն արագ և աներկբա կերպով հանգեցրել է պատերազմական հանցագործությունների հետաքննության կոչերին: