«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ. Ք․Գ․Դ․, ՊՐՈՖԵՍՈՐ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆ

02/06/2022

Հայաստանում 2017 թ. հերթական խորհրդարանական ընտրություններին հաջորդեցին 2018 դեկտեմբերի և 2021 թվականի հունիսի երկու արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Եթե ավելացնենք նաև 2018 թ. Երևանի քաղաքային ավագանու ընտրությունները, որոնք ներքաղաքական իրողություններում նույնպես մեծ կարևորություն ունեն, կարող ենք արձանագրել Հայաստանի պատմության պերմանենտ ընտրությունների ժամանակաշրջանի մասին:    Իհարկե 2021 թ. արտահերթ ընտրությունները կարող էին և չլինել, եթե  չլիներ 2020 թ.նոյեմբերին Ադրբեջանի հետ պատերազմում Հայաստանի կրած պարտությունը  և Լեռնային Ղարաբաղի տարածքի զգալի մասի կորուստը: Ընտրությունները ողբերգություն չեն եթե իհարկե հնարավոր է դառնում հաղթահարել  քաղաքական ճգնաժամերը, անցնել կայունության և ստեղծարար աշխատանքի: Սակայն ստացվել է այլ իրավիճակ: Իրականում, 2017 թ. սկսած յուրաքանչյուր ընտրությունից հետո երկիրը մտել է  նոր ճգնաժամի մեջ:  Փորձենք լուսաբանել ստեղծված իրադրությունը:

Հաղթելով 2021թ ընտրություններում՝ Փաշինյանը հայտարարեց, որ երկրում քաղաքական ճգնաժամն ավարտված է։ Թե որքանով է դա համապատասխանում իրականությանը՝ հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական բարդ զարգացումները և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ցույց կտա հենց վարչապետի և նրա թիմի ժամանակն ու գործողությունները։ Ամեն դեպքում 2022 թ. գարնանային արդեն մեկ ամիս ձգվող զանգվածային բողոքի գործողությունները հարցականի տակ են դնում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման մասին անցած տարվա պնդումները: Վարչապետը վերջերս հայտարարեց, որ չեն խոչընդոտելու ընդդիմության  բողոքի գործողություններին, որպեսզի պայմաններ ստեղծեն նրա ինքնամարման համար: Հավանաբար Քաղաքացիական պայմանագրի ղեկավարությունը այսօրվա իրադարձությունները չի դիտարկում որպես քաղաքական ճգնաժամ, այլ համարում է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարվող ընդդիմության անհեռանկար նախաձեռնություն:

Հայ քաղաքագետների մի հատվածի կարծիքով՝ պատերազմի հետևանքը դարձավ ազգի քաղաքական ինքնության ոչնչացման սպառնալիքը, որը ԽՍՀՄ փլուզումից հետո, ըստ նրանց գնահատականների, հենվում էր երեք քաղաքական դրույթների  վրա՝ անկախություն, Ղարաբաղ, հաղթանակ։ Ընդդիմությունը պարտության մեջ մեղադրում է նախ և առաջ երկրի ղեկավարությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պնդելով, որ վերջինս ամբողջությամբ կորցրել է վստահությունը հասարակության մեջ։ Այս դրույթը իշխանության մոտ կանգնած գործիչները հերքում են, ասելով որ իր լեգիտիմությունը հաստատելու և քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար վարչապետն ինքն էր մեկ տարի առաջ նախաձեռնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Փաշինյանի հակառակորդներն իրենց ընտրարշավը 2021 թ. կառուցել էին Ղարաբաղյան պատերազմում պարտության մեջ գործող իշխանություններին մեղադրելու և տրանսպորտային հաղորդակցությունների հարցով Ադրբեջանին կոշտ հակահարված չտալու վրա: Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող և Հայաստանի տարածքով անցնող Զանգեզուրի միջանցքի ենթադրյալ շինարարությունը, որի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2020 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կայացած եռակողմ բանակցություններում, ընդդիմությունը ընտրություններում գնահատում է որպես ուղղակի դավաճանություն Փաշինյանի կառավարության կողմից երկրի շահերի և Հայաստանի ինքնիշխանության դեմ:

Ներկա քաղաքական իրադարձություններում իշխանություն-ընդդիմություն պայքարի առարկան կրկին ղարաբաղյան թեման է: Սոցիալ-տնտեսական կամ այլ բնույթի հարցեր գրեթե չեն շոշափվում: Մի կողմից առկա է իշխանական թիմի մեղադրանքը ուղղված նախկին իշխանություններին, որ անհեռատես քաղաքականությունը և նրանց կառավարման շրջանում  հանրապետությունում առկա կոռուպցիան հանգեցրեց հայկական բանակի ռազմական պատրաստվածության անկման, որից էլ նա պարտություն կրեց։ Մյուս կողմից ընդդիմության  մեղադրանքը ներկա իշխանություններին բանակը պլանավորված թուլացնելու, բանակցային գործընթացը տապալելու և պայմանավորված պատերազմ կազմակերպելու մեջ: Այս թեմատիկան առկա էր նաև 2021թ. հունիսյան ընտրություններում և կրկնվում է գրեթե նույնությամբ: Իհարկե ընդդիմության համար ի հայտ է եկել նոր հաղթաթուղթ. վարչապետի հայտարարությունը խորհրդարանում, Արցախի հարցում պահանջատիրության ,,նշաձողն,, իջեցնելու մասին, որն ի դեպ մինչև օրս դեռ լրիվ պարզաբանված չէ: Այս հանգամանքն էլ ծնել է Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար իշխանություններին ուղղված նոր մեղադրանքը:

Դժվար է կանխատեսել ներկա բախման ելքը: Բայց իմ դիտարկմամբ և նախորդ ընտրությունները և ներկա քաղաքական թեժացումները    ցույց տվեցին, որ  հայկական հասարակությունը չի գնահատում է  քաղաքական գործիչների պրոֆեսիոնալիզմը,  հավատում է ոսկե սարերի խոստումներին:  Իշխանության մոտ ծրագրային հստակություն չկա, Ալիևի ելույթներն ու մեկնաբանությունները բազմաթիվ տարակուսանքներ են ծնում, վերջին օրերի զինադադարի խաղտումներն ու հերթական զոհը կրկին փոթորկում են հայ հասարակությունը: Օրակարգում է բոլորին հուզող հարցը. Փաշինյան-Ալիև հանդիպումները Շառլ Միշելի հովանու ներքո, կարող են արդյոք ապահովել խաղաղությունն ու Արցախի անվտանգությունը:

Միաժամանակ փաստենք, որ արմատական և անհաշտ ընդդիմությունը ի սկզբանե բացառում է իր համագործակցությունը իշխանության հետ  ցանկացած ձևաչափով:  Այս թևում ևս չի ներկայացվել ճգնաժամից դուրս գալու ծրագիրը, բայց օգտագործվում է  լայն արձագանք գտնող և ականջ շոյող ազգային հայրենասիրական կարգախոսներ, երգեր և համազգային միասնության կոչեր։ Բարձրաձայնվում է պրոֆեսիոնալ կառավարման և ճգնաժամային մենեջերի անհրաժեշտությունը, ,,ժամանակավոր/անցումային,, կառավարություն կազմելու հրատապությունը,  բայց հասարակությունը դեռևս զգուշավորությամբ է մատենում այս գաղափարներին: Մեծ թվով մարդիկ, լայն շրջանակներ սարսափում են նոր հաղթական պատերազմի անխուսափելիության  և կորցրած տարածքների վերադարձի մասին շրջանառվող լուրերից, ինչը ստեղծված իրավիճակում դժվար թե հնարավոր լինի՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի տնտեսական, ռազմական և քաղաքական ներուժի տարբերությունը, ինչպես նաև հայ ժողովրդի բարդ բարոյական վիճակը։

Հայաստանում և ոչ միայն Հայաստանում հարց են տալիս, թե որն է՜ "Քաղաքացիական պայմանագրի" 2018թ. դեկտեմբերյան և 2021թ. հունիսյան  հաղթանակների պատճառը։ Մեկնաբանությունների և վերլուծությունների պակաս չկա, բայց առավել շատ տարածված է այն տեսակետը, որ առաջինի դեպքում ընտրազանգվածին կողմնորոշեց սոցիալական պոպուլիզմը՝ թալանածը հետ վերադարձնելու մասին լոզունգներով, իսկ հաջորդ ընտրապայքարում նոր պատերազմի հանդեպ համընդհանուր վախը: Երկրի քաղաքացիները նախապատվությունը տվեցին պատերազմում պարտված  Փաշինյանին, որովհետև ընդդիմությունը չկարողացավ ձերբազատվել իրեն վերագրվող  ռազմական ռևանշի մեղադրանքից: Առավել անկողմնակալ   փորձագետները կարծում են, որ Հայաստանում քչերն են հավատում նոր ռազմական հաղթանակների և  հանրապետության բնակչությունը  նախընտրում է խաղաղությունը: Եվ ստացվել է այնպես,  որ խաղաղությունն ու հանգստությունը քաղաքացիները իրենց համար ավելի կարևոր են համարում քան համազգային նպատակների համար պայքարը: Այս իրողությանը գնհատական տալ առայժմ պետք չէ, առանց այդ էլ պառակտված և բզկտված հասարակություն ունենք: Պետք չէ մի հատվածը դիտարկել որպես խաղաղասեր դավաճաններ, մյուսը ազգային հերոսներ: Իհարկե ընդդիմությունն այժմ փորձում է ամեն կերպ ձերբազատվել ռևանշիզմի մեղադրանքներից, բայց իշխանական քարոզչությունը դեռ իր գործն անում է:

Ընտրություններից մեկ տարի անց, նոր քաղաքական ճգնաժամի ցուցիչը կանգնած է ուժային բալանսավորման սանդղակի կենտրոնում: Մի բևեռում իշխանությունները դեռևս հանդուրժում են զանգվածային բողոքի գործողությունները, փորձում են դիմադրության շարժումը տանել մարման: Մյուս բևեռում ազգային ոգու վերածննդի կարգախոսներով  հին էլիտան և նրա առաջնորդները փորձում են համախմբել հասարակությանը երկրորդ ղարաբաղյան պատերազմում ռազմական պարտության և նոր զիջումների դժգոհության ալիքի վրա: Հաղթանակի համար վերջիննեիս անհարաժեշտ է Ղարաբաղի խնդիրների  և ազգային համախմբման գաղափարի  վերածումը հասարակության լայն շերտերի համար առաջնահերթության։ Ընդդիմությունն ունի խնդիր, դա նրանումն է, որ դեռևս չի կոտրվել այն համոզմունքը, որ Հարավային Կովկասում և Ղարաբաղի շուրջ ստեղծված միջազգային կոնսենսուսի պայմաններում Հայաստանի հին իշխանությունները, եթե նույնիսկ հաղթեն, հազիվ թե կարողանան իրենց օգտին փոխել իրավիճակը։

Փորձագիտական քննարկումների առարկա է դարձել նաև հակամարտող բևեռների կայունության և միասնականության առկայությունը: Քաղաքացիական պայմանագիրը ճեղքեր չի տվել, այնինչ 2021 թ. ընտրություններում  հայկական ընդդիմությունն իր մեջ ուժ չգտավ հաղթահարելու ներքին տարաձայնություններն ու միավորվել։ Նախկին նախագահներ Ռ. Քոչարյանն ու Ս.Սարգսյանը կողմնակից են միայն Ն. Փաշինյանին չընդունելուն։ Քաղաքագիտական գնահատականներով նրանք  քաղաքական հակառակորդներ են։ Դեռևս ,,Հայաստան,, ու ,,Պատիվ ունեմ,,  դաշինքները պաշտոնապես չեն հայտարարել թե ում են տեսնում վարչապետի աթոռին և ով է  հավակնում  պատասխանատվության ողջ բեռը վերցնելով Հայաստանի հետագա զարգացման ուղղենիշները ճշտել:  Այս հանգամանքը օգնում է իշխանություններին, որը խոստանում է փրկել երկիրը հարևանների հետ հավերժական թշնամանքից և ցանկանում է նրանց հետ ապրել խաղաղության և կայունության պայմաններում:

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա երևում է արտաքին  ազդեցության գործոնը: Իհարկե Մոսկվան, Վաշինգտոնն ու Բրյուսելը ունեն որոշակի լծակներ ազդելու իրադարձությունների ընթացքի վրա, բայց առավել կարևորը թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական դիրքորոշումներն են:  Դեռևս 2021 թ. ընտրարշավի ժամանակ Բաքվի իշխանությունները երևանցի գործընկերներին բավականին պարզ հասկացրին, որ իրենք պատրաստ են  երկխոսության, բայց երբեք չհրաժարվեցին հարցերի լուծման կոշտ դիրքորոշումից։ Ադրբեջանում հայ գերիների մի մասը ցուցադրաբար դատապարտվել է, իսկ մյուս մասը՝ արձակվել նույնքան ցուցադրական կերպով, Աղդամի շրջանի ականադաշտերի քարտեզների դիմաց։  Գաղտնիք չէ, որ Բաքվի համար բանակցելը  Փաշինյանի հետ թերևս ավելի  նախընտրելի է ընդդիմության լիդերների հետ համեմատ, ուստի Ադրբեջանում չեն թաքցնում իրենց գոհունակությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։

Բոլոր կողմերը հասկանում են, որ մոսկովյան համաձայնագրերի իրականացման համար Հայաստանը եւ Ադրբեջանը ստիպված կլինեն նստել բանակցությունների սեղանի շուրջ, որը շատ  ծանր գործընթաց է:  Ադրբեջանը ոչ պակաս շահագրգռված է Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնմամբ։ Սակայն, ինչպես ենթադրում են փորձագետները, հաղորդակցական միջանցքների ապաշրջափակման պայմանավորվածությունների գործնական իրականացմանը անցնելու համար անհրաժեշտ են նոր պայմաններ՝ կապված հակամարտող կողմերի միջև միմյանց նկատմամբ քաղաքական վստահության ձևավորման հետ։ Արդյոք կստեղծվի այդ քաղաքական վստահությունն ու պետական-դիվանագիտական էթիկետին համապատասխան գործընկերային աշխատանքը Ալիևի և Փաշինյանի միջև, դեռևս պարզ չէ:

Նման պայմաններ դեռեւս չեն ստեղծվել, երկրների միջև անվստահությունը մնում է շատ բարձր մակարդակի վրա և դրա վկայությունն են կողմերի մշտական բողոքները հրադադարի պայմանների փոխադարձ խախտումների վերաբերյալ: Սակայն հույս կա, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման իրավիճակը մեռյալ կետից կարող է տեղափոխել։ Խոսքը խաղաղության  պայմանագրի մասին է, բայց այն հնարավոր չէ կնքել առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման, որը Հայաստանը դեռ պատրաստ չէ քննարկել։ Բայց խաղաղ գործընթաց սկսելն անհրաժեշտ է և  ինչպես ցույց տվեց ընտրություններում Փաշինյանի հաղթանակը, Հայաստանում շատերը դրանում շահագրգռված են ։

 Մոսկվայի դիրքորոշումը Երևանում նոր քաղաքական սրացումների հետ կապված դեռևս լրիվ պարզ չէ:  Հաշվի առնելով Քոչարյանի հետ Ռուսաստանի ղեկավարության փոխգործակցության դրական փորձը և Պուտին-Քոչարյան անձնական մտերմությունը, կարելի է ասել, որ ռուսական ղեկավարությունը հոգով Քոչարյանի հետ է, բայց Հարավային Կովկասում իրավիճակի սրումը բոլորովին չի մտնում Մոսկվայի պլանների մեջ, որովհետև նա  Ուկրաինայում շատ  խնդիրներ ունի լուծելու և երկրորդ ճակատից խուսփում է: Այս առումով Կրեմլում Փաշինյանի նկատմամբ դեռևս լոյալ վերաբերմունք կա: 2021 թ Ռուսաստանում պաշտոնապես հայտարարեցին, որ բավարարված են Հայաստանում կայացած ընտրությունների արդյունքներով: Մեկ տարի անց, ներկա քաղաքական իրադարձությունների մասին դեռևս խուսափում են հստակ արձագանքելուց:

2021 թ. ընտրություններից հետո Փաշինյանը իրեն առավելագույնս լոյալ է պահում Մոսկվայի նկատմամբ՝ հասկանալով, որ այլ դաշնակից չունի և չի էլ ունենա։ Բացի ԵՄ ղեկավար Շառլ Միշելի վերջին նախաձեռնություններից,  ԱՄՆ-ի  և Արևմտյան Եվրոպայի մեծ պետությունների առաջնորդները  հատուկ հետաքրքրություն չեն ցուցաբերում Հարավկովկասյան հարցերի նկատմամբ, հայկական լոբբին այդ երկրներում հակամարտության ընթացքում որևէ կերպ իրեն չի դրսևորել: Ուստի զարմանալի չէ, որ ընտրություններում հաղթանակից անմիջապես հետո ՝ հուլիսի 7-ին, Նիկոլ Փաշինյանը մեկնեց Մոսկվա նախագահ Վ. Պուտինի հետ բանակցությունների: Չնայած այն բանին, որ այցի արդյունքում ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արվել, փորձագետները կարծում են, որ առաջին հերթին բանակցությունների ժամանակ խոսք է գնացել մոսկովյան համաձայնագրերի իրագործման պայմանների, այն է՝ Զանգեզուրի միջանցքի անվտանգության ապահովման համար ռուս սահմանապահների թույլտվության մասին: Հենց նրանց ներկայությունը Ղարաբաղի ոչ ադրբեջանամետ մասում ապահովում է տարածաշրջանում կայունության երաշխիքը։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհը պետք է անցնի Հայաստանի տարածքով և բաց կլինի ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական տրանսպորտի համար, այնտեղ ռուս սահմանապահների ներկայությունը կնպաստի տրանսպորտային մայրուղու գործունեության առավել անվտանգությանը:

Եզրափակելով նշենք, որ արտահերթ ընտրություններ նախաձեռնելով՝ Փաշինյանը կարծես թե հաստատեց իր լեգիտիմությունը, հուսալով որ հաղթահարել է հետպատերազմյան ճգնաժամը։ Սակայն Հայաստանում քաղաքական իրավիճակն էապես փոխվել է։ Այժմ խորհրդարանում կա իրական, անհաշտ ընդդիմություն, որը տրամադրված է պայքարելու ներկայիս իշխանության դեմ։ Խորհրդարանում բախումները, նիստերի տապալումները ընդդիմադիր պատգամավորների գործողությունների արդյունքում, ծնել են նոր քաղաքական իրավիճակ։ Ու թեև Նիկոլ Փաշինյանն  ընտրվել է վարչապետի պաշտոնում, խորհրդարանական ընդդիմադիրները հասկացրեցին, որ իշխանության և ընդդիմության միջև կառուցողական երկխոսություն ակնկալել պետք չէ։

Դժվար թե որեւէ մեկը կասկածում է, որ Փաշինյանին և նրա թիմին դժվար ժամանակներ են սպասվում։ Նա ստացել է իշխանության մանդատը, սակայն ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, Հայաստանի նոր սահմանների դելիմիտացիան, Ադրբեջանի հետ հարաբերությունները, եղել և մնում են շատ ցավոտ երկրի բնակիչների համար, որոնց լուծումները կարող են ապալեգիտիմացման գործոն դառնալ: Փաշինյանը կկարողանա հաղթահարել այդ մարտահրավերները՝ չնայած ընդդիմության կոշտ դիմադրությանը, թե ձգձգելու է հանրապետության համար առկա խնդիրների լուծումը, առայժմ դժվար է ասել ։

Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի քաղաքական վերլուծաբան, ք․ գ․ դ․, պրոֆեսոր Գարիկ Քեռյան  

Generalnews.am