«Արաքսի միջանցքը» ռազմավարական կապ է Իրանի և ՀՀ-ի միջև. Իրանի խորհրդարանի Բարեկարգման հանձնաժողովի անդամ
Իրանի խորհրդարանի բարեկարգման հանձնաժողովի անդամը նշել է, որ «Արաքսի միջանցքը» ստեղծվում է որպես Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական կապ՝ ի պատասխան տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցք» նախագծի, գրում է parstoday.ir-ը:
«Խաբարե ֆորի» լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում, Մոջթաբա Յուսեֆին նշել է. «Արաքսի միջանցքը ռազմավարական կապ է հաստատում Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև: Այս միջազգային միջանցքը նպաստել է երկրի հյուսիս-արևմուտքում տնտեսական զարգացմանը և ունի բարձր լոգիստիկ գրավչություն»։
Անդրադառնալով պատժամիջոցների ազդեցությանը՝ Յուսեֆին նշել է. «Պատժամիջոցների հետ գործ ունենալու լավագույն միջոցը դրանք չեզոքացնելու այլընտրանքային մեթոդների կիրառումն է, և միջազգային միջանցքների ստեղծումն այդ արդյունավետ մեթոդներից մեկն է»։
Անդրադառնալով տարածաշրջանում ավելի քան 15 տրիլիոն թուման արժողությամբ նախագծերի գործադմանը, նա հավելել է. «Այս նախագծի շինարարությունը, որը հաստատված է և՛ Իրանի, և՛ Ադրբեջանի կողմից, պետք է ավարտվի մինչև հունվարի վերջը։ Սա կարևոր քայլ է տարածաշրջանային համագործակցության և տնտեսական զարգացման ամրապնդման ուղղությամբ»։
Արաքսի միջանցքը, որպես Իրանի հյուսիս-արևմուտքում ամենակարևոր տարանցիկ և տնտեսական ուղիներից մեկը, կարևոր դեր է խաղում տարածաշրջանային համագործակցության և տնտեսական զարգացման խթանման գործում։ Այն անցնում է «Արաս» և «Ջուլֆա» ազատ գոտիներով և հայտնի է որպես Իրանը Կովկասի երկրների և Եվրոպայի հետ կապող արդյունավետ ճանապարհ։
Երթուղու ճանապարհային և երկաթուղային ենթակառուցվածքների ավարտից հետո ապրանքների և ուղևորափոխադրումների ծավալը զգալիորեն աճել է՝ խթանելով արտաքին առևտուրը և նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Միջանցքը հատուկ ուշադրության է արժանացել նաև որպես ռազմավարական երթուղի տարածաշրջանային համագործակցության ծրագրերի շրջանակներում, ինչպիսիք են Նոր Մետաքսի ճանապարհը և Իրանի հարավային նավահանգիստների հետ կապը։
Մասնագետները կարծում են, որ ավելի շատ ներդրումների և միջանցքի հզորությունների օպտիմալ օգտագործման շնորհիվ, Իրանի դիրքը համաշխարհային առևտրում կբարելավվի, և երկրի տարածաշրջանային կապերը կամրապնդվեն։