Երեքշաբթի, Մայիսի 11, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ազնավուր» հիմնադրամը և Զինվորի տունը վիրավոր զինվորների վերաինտեգրման ծրագիրը սկսել են

04/05/2021

«Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ-ն և «Ազնավուր» հիմնադրամը սկսում են համատեղ ծրագիր, որով հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած զինվորները, կամավորները կրթություն են ստանալու և բիզնես ծրագրեր են իրականացնելու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Վիրավոր զինվորների սոցիալական վերաինտեգրման ծրագրի» շրջանակում դրամաշնորհներ են տրամադրվելու վիրավոր զինվորներին՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար:
«Պատերազմի ավարտից հետո «Ազնավուր» հիմնադրամի հետ սկսեցինք քննարկել վիրավոր զինվորների կյանքի որակը փոխելու, այն ավելի լավ դարձելու ծրագրերը: Մեր գործընկերներն առաջարկեցին իրենց օգնությունը՝ տղաների ուսումնական և բիզնես ծրագրերի կազմման հարցում։ Մենք սիրով համաձայնեցինք: Հիմնադրամն արդեն մեծ փորձ ու լավ աշխատանքային թիմ ունի, որպեսզի կարողանանք համատեղ իրականացնել ձրագիրը: Այսօր մեկնարկում ենք ծրագիր, որտեղ վիրավոր զինվորները սովորելու են և ունենան իրենց սեփական բիզնես նախագծերը»,- մամուլի ասուլիսին ասաց «Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ նախագահ, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը:
Բացի բիզնես գաղափարների ֆինանսավորումից, ծրագրի շրջանակում վիրավոր զինվորներն անցնելու են նաև մասնագիտական կողմնորոշում, վերապատրաստում, ստանալու են բիզնես խորհրդատվություն, սովորելու են բիզնես վարելու հմտություններ:
«2020 թվականի սեպտեմբերին սկսված պատերազմի առաջին օրերից ի վեր «Ազնավուր» հիմնադրամը կենտրոնացրել էր իր բոլոր ռեսուրսները և կարողությունները՝ Հայաստանին ու Արցախին աջակցություն ցուցաբերելու համար՝ բուժսարքավորումներ և դեղորայք, նպատակային օգնություն՝ պատերազմից տուժած հազարավոր ընտանիքների: Այս պահին հիմնադրամը նպատակ ունի կենտրոնացնել իր ուժերը սոցիալական և վերականգնողական ծրագրերի ուղղությամբ: Ուրախ ենք, որ այդ նախագծերի մեկնարկը տրվում է «Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող այս ծրագրով»,- նշեց «Ազնավուր» հիմնադրամի փոխտնօրեն Կարինե Էվոյանը:
Վիրավոր զինվորների սոցիալական վերաինտեգրման ծրագրին կարող են դիմել հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած զինծառայողները, կամավորականները: Ծրագրի շահառու են հանդիսանում նաև նախորդ տարիներին վիրավորում ստացած նախկին զինծառայողները:
«Որպես այդպիսին մասնագիտություն չունեմ, սակայն այժմ Զինվորի տանը «3D Max» ծրագիրն եմ սովորում, բայց ինձ ավելի շատ պատկերացնում եմ ռեստորանային ոլորտում: Երկար տարի այդ ասպարեզում աշխատել եմ, եղել եմ խոհարար, մենեջեր, բարմեն, մատուցող և կարծում եմ, որ լիովին տիրապետում եմ ոլորտին: Հենց այս պատճառով այս ծրագիրն ինձ շատ է հետաքրքրել: Այժմ ուզում եմ սեփական ռեստորանս ունենալ»,- ասաց Արցախյան 44-օրյա պատերազմի կամավոր 24-ամյա Վահե Աբրահամյանը:
Ծնունդով Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Ֆանտան գյուղից Վահեն ժամկետային զինծառայության է մեկնել 2015-2017 թթ., ծառայել է Սիսիանում: Արցախյան 44-օրյա պատերազմին եղել է սեպտեմեբերի 28-ից և այնտեղ գտնվել մինչև հոկտեմբերի 24-ը և վիրավորում ստացել: Կորցրել է ոտքը: Մարտերին մասնակցել է Մարտունու, Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլի) հատվածներում:
Ծրագրին մասնակցել ցանկացող շահառու անձինք իրենց ձեռնարկատիրական գաղափարները պետք է ներկայացնեն Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի «Մեկ պատուհանին»: Մասնագետի աջակցությամբ գաղափարը կքննարկվի շահառուի հետ և անհրաժեշտության դեպքում կբարելավվի՝ համապատասխանեցնելով պահանջվող չափանիշներին: Այդ ամենից հետո բիզնես-գաղափարները կներկայացվեն գնահատման հատուկ հանձնաժողովին: Բոլոր հաստատված դիմումներին կտրամադրվի ֆինանսավորում: Հաստատված յուրաքանչյուր նախագիծ կֆինանսավորվի առավելագույնը 5 000 եվրոյի չափով, իսկ իրականացման համար կտրվի առավելագույնը 12 ամիս ժամանակ:
Դիմում-հայտերի ընդունումը սկսվում է 2021 թվականի մայիսի 4-ին, հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի հունիսի 15-ն է: