«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ով է այն հայ պատգամավորը, որ ադրբեջանցի պատվիրակների հետ մեկտեղ ԵԽԽՎ-ում դեմ է քվեարկել Հայաստանի մասին բանաձևին

28/01/2022

Նախօրեին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվեց և ընդունվեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը, որը պարունակում էր բավական հայանպաստ ձևակերպումներ և որ ամենա կարևորն է, հայկական կողմի գրեթե բոլոր առաջարկները ներառվել էին այդ փաստաթղթում, իսկ ադրբեջանական պատվիրակության բոլոր առաջարկաները՝ մերժվել:

Այսօր արդեն հայտնի դարձավ փաստաթղթի քվեարկության պատկերը: Ինչպես և ակնկալվում էր, բանաձևին դեմ են քվեարկել ադրբեջանի պատվիրակները: Անակնկալը թերևս ռուսական պատվիրակության քվեարկությունն էր` մեր ստրատեգիական գործընկերները ամբողջ կազմով ձեռնպահ էին քվեարկել փաստաթղթին:

Սակայն անակնկալները այսքանով չեն ավարտվում: Ամենա մեծ անակնկալը հայ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանի («Պատիվ ունեմ») վարքագիծն էր: Մամիջանյանը, փաստացի միանալով ադրբեջանցի պատվիրակներին, դեմ է քվեարկել Հայաստանի մասին բանաձևին: Պատգամավորը դեռևս չի ներկայացրել իր այդ դիրքորոշման շարժառիթները: Նշենք, որ բանաձևը հիմնականում անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի արդյունքում արձանագրված ձեռքբերումներին:

Վեհաժողովը գովասանքի է արժանացրել 2018 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունիսին անցկացված համապետական ընտրությունները, որոնք զերծ էին նախկինում արձանագրված խախտումներից։ Չնայած լարված հետպատերազմյան մթնոլորտին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները գնահատվել են որպես ժողովրդավարական։ Բանաձևում նշվում է գոհունակություն առ այն, որ ընդդիմությունն ընդունել է ընտրությունների արդյունքները և չի բոյկոտել նորընտիր խորհրդարանի գործունեությունը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և 2020թ․ 44-օրյա պատերազմին՝ Վեհաժողովը նշել է ազգային անվտանգության տեսանկյունից քաղաքական օրակարգում առաջացած խնդիրները, վերահաստատել է հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը, հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը, նշել ատելության խոսքի և գործողությունների անդընդունելի լինելը։

Վեհաժողովը ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման անհարաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Անդրադառնալով իշխանության և ընդդիմության փոխհարաբերություններին՝ Վեհաժողովը կոչ է արել կողմերին համագործակցել միմյանց հետ:

Միևնույն ժամանակ՝ Վեհաժողովը գովասանքով է անդրադարձել Հայաստանում հակակշիռների և զսպումների գործող արդյունավետ համակարգին: Կոչ է արվել նաև իրականացնել միջոցառումներ՝ մի կողմից խոսքի ազատության և մարդու արժանապատվությունն ապահովելու և մյուս կողմից ապատեղեկատվության ու ատելության խոսքի դեմ պայքարելու միջև բալանս ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև շարունակելու ոլորտային բարեփոխումները:


https://infoport.am/