«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեզ պետք է հիմնահարցերը ճիշտ գնահատել. մարզպետ

21/01/2021

«Ինձ համար մեծ պատիվ է ծառայել Հայաստանի Հանրապետությանը, հատկապես, այս դժվարին ժամանակներում, ես այժմ իմ սիրելի քաղաքում եմ, իմ մարզում և պատրաստ եմ լծվել աշխատանքի Շիրակի մարզի զարգացման համար»,- Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանը մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ անցկացրել է առաջին ճեպազրույցը:

Հովհաննես Հարությունյանը ճեպազրույցը սկսել է պատերազմում հերոսի մահով ընկած հայրենիքի պաշտպանների ընտանիքներին ու հարազատներին ցավակցելով՝ նշելով, որ կառավարության օրակարգային կարևորագույն հարցերից մեկը շիրակցի գերիների խնդրի որքան հնարավոր է արագ լուծումն է։

Նորանշանակ մարզպետը վստահեցրել է, որ պատրաստ է աշխատել և համագործակցել մարզի հոգսերով մտահոգ բոլոր պատասխանատուների ու կառույցների հետ. «Ես գիտակցում և պատկերացնում եմ գործի ծանրությունը, սակայն ունեմ նաև հաստատակամություն, որ համատեղ աշխատանքով կհաջողենք։ Առողջապահության մեջ ընդունված է ասել, որ ամենակարևորը ճիշտ ախտորոշումն է, կարծում եմ՝ մեզ պետք է հիմնահարցերը ճիշտ գնահատել և հնարավոր կլինի խնդիրների լուծման մեթոդներն էլ գտնել»։

Հովհաննես Հարությունյանը նշել է, որ կարևորվելու է մասնագիտական բարձր կարողություն ունեցող կադրերի աշխատանքը և վստահեցրել, որ աշխատանքում լինելու է պատրաստակամ․ «Իմ թիմը Շիրակի մարզն է, շիրակցին, բոլոր այն գիտակ մարդիկ, որոնց համար Շիրակի մարզի զարգացումն առաջնային է լինելու»։

Դրական փոփոխությունների սպասումով, ապագայի հանդեպ վստահությամբ՝ Շիրակի մարզպետը լրագրողների հետ հանդիպումն ավարտել է ընդգծելով, որ աշխատանքում լինելու է բաց ու թափանցիկ, իսկ առաջիկայում լրագրողների հետ կհանդիպի առավել ընդգրկուն հարցերի ու խնդիրների մեկնաբանությամբ։