«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Խաղաղության հասնելու մեր ճանապարհը․ պրոֆեսոր Աշոտ Ներսիսյան

23/09/2022

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Երեկ ՀՀ Արտաքին գործոց նախարարը շռնդալից հանդիպումների մեջ էր տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, որոնցում նրա գլխավոր նպատակը նրանց ցույց տալն էր, թե ինչպիսի ագրեսոր է Ադրբեջանը, որպեսզի վերջիններս կանխեն մեր տարածքային ամբողջականությունը խաթարելու նրա ձգտումները: Սրանց անմիջական հետևանքը կարող են լինել միայն դատապարտող խոսքերը և ոչինչ ավելի: Վարչապետն Անվտանգության խորհրդում հնչեցրած իր ելույթում մանրամասնեց 2020թ.-ից ի վեր քաղաքական և ռազմական ողջ գործընթացը, ներկայացրեց մեր կողմի պատրաստակամ լինելու մասին փաստերը` միտված խաղաղության, որին չի գնում Ադրբեջանը: Ելույթն ինքնին ուներ նույն ենթատեքստը` հասնել միջազգային հանրության ճնշմանը, որ Ադրբեջանը հարգի մեր տարածքային ամբողջականությունը: Մխիթարելու մի բան կար թերևս, որ հակառակ դեպքում մենք կպահենք մեր ինքնիշխանությունն ու անկախությունը: Բայց այստեղ հարց է առաջանում` ինչու ՄԱԿ Անվտանգության խորհրդում չառաջարկվեց մեր կողմից բանաձև` վերստին ճանաչելու մեր սուվերենությունն ու անկախությունը թեկուզ վարչապետի մատնանշած չափով տարածքների վրա: Գուցե մտածելով, որ ՀՀ տարածքային ամբողջականությունն արդեն ՄԱԿ -ը ճանաչել է: Այո, դա այդպես է, բայց փաստորեն Ադրբեջանը թքած ունի այդ ամենի վրա: Սա ևս մեկ ապացույց է, որ Արևմուտքը, Ռուսաստանը, բոլորը թաքուն ծիծաղում են մեր վրա: Բավական է` եկեք հանենք մեր բառամթերքից «հակա» նախածանցը, կվերաբերվի դա Ռուսաստանին, Արևմուտքին, Թուրքիային կամ մեկ ուրիշի: Ում մեզ թշնամի գիտենք, մեր մեջ պահենք, անընդհատ բողոքելով զահլա չտանենք: Նույնիսկ բանը կարող է հասնել նրան, որ Իրանը դատապարտի մեզ Արևմուտքի հետ սիրախաղի պատճառով: Արդեն նրա բանակի գլխավոր շտաբի պետը ոչ միայն Ադրբեջանին, այլև մեր կողմին է հասկացնում,որ թույլ չի տա սահմանների վերաձևում, դիմում է երկու կողմին: Իրանն Արևմուտքի ցավն է, հրեաների ձեռքում գտնվող ԱՄՆ-ը համառորեն փորձում է քանդել այդ հզոր երկիրը, հրեաները զենքեր են տեղափոխում Ադրբեջան, ցանկանում են քանդել Իրանը` ոտքի հանելով տեղի ազերիներին, ցանկանում են քանդել Ռուսաստանը, որին ձեռնտու չէ Իրանի կազմաքանդումը, Էրդողանը Արևմուտքին այստեղ չի հանդուրժում, որովհետև այս տարածաշրջանը դիտում է իր ազդեցության ոլորտ, որտեղից դուրս էր գտնվում բավական տևական ժամանակ: Այս քաղաքական լաբիրինթոսում մեզ համար առաջնակարգ խաղաղության հարցը լուծելու ճանապարհը այստեղ փաստացի ներկա ուժերի հետ կոմպրոմիսների գնալն է` բանակի օրեցօր ուժեղացմանը զուգընթաց: Ասում են` դա հնարավոր չէ, որովհետև մեզ զենք չեն վաճառում: Դժվար է հավատալ: Այնտեղ, որտեղ կա փող, կլուծվի ամեն հարց, կամ ինչպես սիրում ենք կրկնել հրեական ասացվածքը` «Ինչ որ չի անում փողը, անում է շատ փողը»: Թե չէ` ինչքան կարող է մեր ժողովուրդն ապրել այն գիտակցությամբ, թե ապրում է հրաբխի վրա:
Հ.Գ. Մի անամոք ցավ այրում է սիրտս: Չկարողացա նկարվել Փելոսիի հետ:

«Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտութունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Ներսիսյան

generalnews.am