«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Քաղաքական կաշին փրկելու փո՞րձ, թե՞ գոյատևման խաղ»․ Էրդողանը ԵՄ-ի՝ դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովի նախաշեմին մեղմացրել է հռետորաբանությունը․ Ahval

24/11/2020

«Բայց արդյո՞ք այս նոր թվացյալ փոփոխությունը նրա քաղաքական կաշին փրկելու փորձ չէ, կամ գուցե Թուրքիայի առաջնորդն իր իշխող կուսակցության կառավարման 18-րդ տարվա ընթացքում տնտեսական անկման և արտասահմանյան անհաջողությունների պայմաններում գոյատևման խա՞ղ է խաղում»,- գրում է լրագրող Զուլֆիկար Դողանը։

Հոդվածագրի խոսքով՝ ակնհայտ է, որ Էրդողանի հռետորաբանության փոփոխության հարցում մեծ դեր է խաղացել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենի հաղթանակը և ԵՄ-ի՝ դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովը, որի ընթացքում քնարկվելու է նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը։

Ինչպես նշում է Դողանը, Թուրքիայի նախագահի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 2002 թվականին իշխանության գալուց հետո գրեթե երկու տասնամյակ խորհրդարանական ռեժիմը վերածել է  «մեկ մարդու ռեժիմի»:

«Այս ընթացքում երկիրն ավելի շուտ հետընթաց է գրանցել, քան առաջընթաց»,- նշում է նա։

Էրդողանն օրերս հայտարարել է, որ Թուրքիայի ապագան տեսնում է Եվրոպայում, ինչը, հոդվածագրի կարծիքով, կարող է ընկալվել որպես դեպի արևմուտք քաղաքականության ազդանշան՝ կտրուկ հակադրվելով նրա նախորդ հայտարարություններին այն մասին, որ «ԵՄ-ն գնում է իր ճանապարհով, մենք գնում ենք մեր ճանապարհով»:

«Եթե ավելի խորը դիտարկենք, ապա հասկանալի է, որ չնայած Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ հարթ են, ակնհայտ է, որ իշխող կուսակցությունն իր նախատեսած արդյունքներին չի հասնում ո՛չ Լիբիայում, ո՛չ Սիրիայում, ո՛չ Լեռնային Ղարաբաղում»,- գրում է նա՝ ընդգծելով, որ Թուրքիան իրեն անտեսված է զգում ԼՂ-ում պատերազմի դադարեցման շուրջ հայ-ադրբեջանա-ռուսական պայմանավորվածություններին չմասնակցելու համար և այժմ փորձում է զորք ուղարկել Ադրբեջան։
 

tert.am