«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ նախագահը բարձրաձայնեց Արևմուտքի հետ ներկա հակամարտության գաղափարական բաղադրիչները 

05/10/2022

Նրանք, ովքեր ծանոթ են կամ ուսումնասիրել են սառը պատերազմը նախորդ աշխարհակարգում, հաստատ կհիշեն հանրահայտ սահմանումը, որ դա երկու բևեռների տոտալ և գլոբալ հակամարտությունն էր: Տոտալ հակամարտությունը ընդգրկում էր նաև գաղափարական բաղադրիչը՝ կոմունիստական/սոցիալիստական աշխարհայացքն ու գաղափարախոսությունն ընդեմ կապիտալիստական/լիբերալ աշխարհայացքի և գաղափարախոսության:   
Իհարկե դեռ կան վիճելի տեսակետներ, թե արդյոք ներկա իրադրությունը կարող ենք լրիվ նույնականացնել հին սառը պատերազմի հետ և այս քաղաքագիտական դիսկուրսը դեռ տևական ժամանակ կշարունակվի, սակայն արդեն ի հայտ են եկել նոր առճակատման գաղափարական/քարոզչական բաղադրիչները: Կրեմլում կրկին գաղափարական վեճերի մեջ են աշխարհի մյուս կես հետ: 
Այս տպավորությունն է ստացվում հատկապես վերջին իրադարձությունների հետ կապված ՌԴ նախագահ Վ.Վ. Պուտինի ելույթների շուրջ մտորումներից: Կրեմլի Գեորգիևյան դահլիճում հավաքվել էին իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչները՝ լսելու Վլադիմիր Պուտինի ելույթը Ռուսաստանին նոր տարածքներ միացնելու մասին։ Արևմտյան լրատվամիջոցները արձագանքելով այդ ելույթին նշում էին, որ լրագրողների համար այս խոսքի մասին ինչ  որ բան ասելը մղձավանջ է, եթե  խնդիր է դրված վերապատմել հիմնական թեզերը, տալ արագ վերլուծություն և այդ ամենը դնել ոչ մեծ կապակցված տեքստի մեջ:
Պուտինը խոսեց ավելի քան 35 րոպե: Ռուսաստանին  կցված տարածքները  այս ելույթի հիմնական թեման էին: Սակայն, իմ կարծիքով,  այս ելույթը ուղղված էր աշխարհի մյուս կեսի դեմքը պարզելուն և նրա հակառուսական էությունը բացահայտելուն:  Դա ռուսական առաջնորդի կողմից ազգային կերպարի վերհանման ռուսաստանցուն  և "քցող Արևմուտքի" դիմակայության մասին ծայրահեղ կոնսերվատիվ գաղափարների հոսք էր։ Այս ելույթը հագեցված էր կոնսպիրոլոգիայով, ուներ թաքնված և բացահայտ մեսիջներ: Արևմուտքում այն գնահատեցի որպես հոմոֆոբիա, որը և ոչ միշտ է հիմնված իրական փաստերի վրա ։
Փորձելով զերծ մնալ ռուսամետ կամ արևմտամետ կողմնակալ դիրքորոշումներից, փորձենք այնուամենայինիվ մեկնաբանել այս ելույթի որոշ գաղափարաքաղաքական դրույթներ․ 

  • Ազգերի ինքնորոշման իրավունք: Աչքի է զարնում այն, որ ինչպես այս ելույթում, այնպես էլ Վլադիվոստոկում և այլ հրապարակային խոսքի մեջ ՌԴ նախագահը հստակ բարձրացնում է ազգերի ինքնորոշման իրավունքի հարգման և այդ իրավունքով ղեկավարվելու իմպերատիվ պահանջը:  Պուտինն ասաց, որ ուկրաինական տարածքների միացումը հիմնավորված է ՄԱԿ-ի Կանոնադրության 1-ին հոդվածով։ Հոդվածում իսկապես  խոսվում է  այն մասին, որ ՄԱԿ-ը հարգում է ազգերի ինքնորոշման սկզբունքները։ Արևմտյան քարոզչամեքենան, որը կուրծք էր ծեծում ՄԱԿ-ի այս հոդվածով Կոսովոյի անջատման ժամանակ, այս թեզը համարում է անիրագործելի ուկրաինական տարածքների հարցում: Բազմաթիվ հիմնավորումների հետ մեկտեղ, բարձրաձայնվում է այն թեզը, որ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի բնակիչությունը այլ ազգեր չեն և որպես չորս առանձին ազգային ընդհանրություններ չեն կարող օգտվել ազգերի ինքնորոշման իրավունքից: Իհարկե խնդիր է նաև, որ հանրաքվեներն անցկացվեցին այն ժամանակ, երբ Ռուսաստանն ամբողջությամբ չի վերահսկում միացվող չորս տարածքներից ոչ մեկը։ Հարկ կա նաև տնտեսական հիմնավորման, որը կամ գաղտնի է պահվում, կամ էլ  ամենայն հավանականությամբ, պարզապես բացակայում է։ Ամեն դեպքում կարող ենք արձանագրել, որ ազգերի ինքնորոշման իրավունքի հարցը դարձավ քարոզչական ներկա բախման առարկա:
  • Պատմական արդրության սկզբունք: Կրեմլը առաջին պլան է մղում տարածքային վեճերի և դրանց պատկանելիության հարցում պատմական արդրության սկզբունքի կիրառումը: Պուտինի ելույթի մեջ կարմիր թելի պես անցնում է վերոհիշյալ տարածքների պատմականորեն ռուսական լինելու փաստարկը:  Նա նշեց, որ այստեղ, Նովոռոսիայում, Ռումյանցևը և Ուշակովը մարտնչեցին և արյամբ ընդարձակվեց ռուսական պետությունը, այստեղ  հիմնադրեցին քաղաքներ Եկատերինա II-ը և Պոտյոմկինը: Այստեղ Մեծ Հայրենական պատերազմի տարիներին մեր պապերն էին զոհվում։ Դոնեցկի և Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ժողովուրդները կողմ են արտահայտվել պատմական միասնությունը վերականգնելուն:
  • Փրկություն ֆիզիկական ոչնչացումից: Առաջ է քաշվում անջատում հանուն փրկության թեզը: Պուտինը շեշտեց, որ երկար ութ տարի Դոնբասում մարդկանց հանցավոր կերպով ցեղասպանության ու գնդակոծության են ենթարկել, փորձում էին ատելություն սերմանել ռուսաց լեզվի հանդեպ։ Բայց Նովոռոսիայի ռուսները չեն կոտրվել և նրանք դառնում են ՌԴ քաղաքացիներ պարզապես փրկվելու համար: 
  • Բանակցությունների առաջարկ: Պուտինը կոչ արեց Կիևին անհապաղ դադարեցնել գնդակոծությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և շեշտեց, որ ,,մենք դրան պատրաստ ենք,,։ Սակայն Դոնեցկի, Լուգանսկի Հանրապետությունների, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի ժողովուրդների ընտրությունը չի չեղարկվի: Ռուսաստանը նրանց չի դավաճանի։
  • Արևմուտքը ագրեսոր է: Այս հատվածում  Պուտինի թեզերը ձևակերպված են այսպես․ Ուկրաինայում իրենց աչքերով տեսան այն, ինչ Արևմուտքի իշխող վերնախավը պատրաստում է ողջ մարդկության համար, ագրեսոր Արևմուտքը փլուզեց ԽՍՀՄ-ը հույս ունենալով, որ Ռուսաստանը  ոտքի չի կանգնի այդ հարվածից և այլևս չի ապաքինվի, բայց Ռուսաստանը կրկին ամրապնդվեց և Արևմուտքին պարզապես հանգիստ չի տալիս, որ աշխարհում կա այնպիսի գեղեցիկ, հարուստ տարածք, որը երբեք չի ապրի իր թելադրանքով, նրա համար կարևոր է, որ բոլոր երկրները հանձնեն իրենց ինքնիշխանությունը հօգուտ ԱՄՆ-ի, որոշ պետություններ կամովին համաձայնվում են վասալներ դառնալ, մյուսներին կաշառում են, վախեցնում, իսկ նրանց, ովքեր չեն համաձայնում, ոչնչացնում են՝ ստեղծելով մարդասիրական աղետի գոտի, նրանք ցանկանում են մեզ ոչ թե ազատություն, այլ ուզում են մեզ գաղութ տեսնել, նրանք ոչ թե իրավահավասար համագործակցություն են ուզում, այլ թալան, մեր զարգացումն ու բարգավաճումը նույնպես նրանց համար սպառնալիք է։
  • Համաշխարհային տիրապետության մասին: Ելույթում ընդգծվեց, համաշխարհային տիրապետության հավակնություններն անցյալում արդեն մեկ անգամ չէ, որ կոտրվել են ռուս ժողովրդի արիության ու տոկունության շնորհիվ։ Արևմուտքը կարծում է, որ ամեն ինչ իր ձեռքում է։ Այո,  ամեն ինչ հայտնվել էր իր ձեռքում, բայց Ռուսաստանը մեծ երկիր է և նման պարտադրված կանոններով չի ապրելու։
  • Տոտալիտարիզմի մասին: Պուտինյան վարչակարգին տոտալիտար որակող արևմտյան քարոզչությանն ի պատասխան ՌԴ նախագահը հակադրվում է հետևյալ դրույթներով․Ղրիմում, Սևաստոպոլում և Նովոռոսիայում մարդկանց ընտրությանը գնահատական տալու ոչ մի բարոյական իրավունք Արևմուտքը չունի, արևմտյան էլիտաների իշխանությունն ունի տոտալիտարիզմի, բռնապետության և ապարտեիդի բոլոր գծերը, արևմտյան էլիտաները ինչպիսին էին, այդպիսին էլ մնացին՝ գաղութատիրական,  նրանք ժողովուրդներին բաժանում են ըստ տեսակների, որ երբեք չենք ընդունի, հարկ է հիշեցնել Արևմուտքին, որ նա սկսել է իր տոտալիտար քաղաքականությունը դեռևս միջնադարում,  ամբողջ ազգերին թմրանյութեր էին հրամցնում, ոչնչացնում էին ամբողջ էթնոսներ, նպատակասլաց որս կազմակերպում մարդկանց դեմ։
  • Ռուսատյացության պատճառների մասին: Ելույթում հարց է երևում, թե ինչու Արևմուտքում չեն սիրում ռուսներին: Եվ դրա պատասխանը տալիս է այսպես. ,,անթաքույց ռուսատյացության պատճառներից մեկն այն է, որ մենք մեզ թույլ չենք տվել հավաքագրվել։ Մենք առևտուր ենք իրականացրել փոխշահավետ պայմաններով,,։
  • Ինտերվենցիայի մասին: Ռուսաստանը մեղադրվում է ինտերվենցիայի մեջ, այս մեղադրանքին Պուտինը պատասխանում է, նշելով որ իրականում բոլորովին այլ պատկեր է, որ բազմիցս Ռուսաստանի դեմ ինտերվենցիայի պլաններ են կազմվել։ Միայն 1990-ականներին է հաջողվել տիրել Ռուսաստանի հարստությանը։ Մենք ոչինչ չենք մոռացել։ 
  • Բռունցքի իրավունքի մասին: ԱՄՆ-ի դիկտատը կառուցվում է բարձր իրավունքի վրա։ Լինում է գեղեցիկ փաթեթավորված և միջազգային իրավունքով հիմնավորված, լինում է առանց դրա։ Բայց էությունը մեկն է՝ բռունցքի իրավունք: Բոլոր նրանք, ովքեր համարձակվել են մարտահրավեր նետել այդ պետություններին, հայտնվել են թշնամիների բանակի մեջ։ Դրա վրա կառուցվում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դոկտրինները ։
  • Միգրացիոն ճգնաժամի պատճառների մասին: Աշխարհը ցնցող միգրացիոն ճգնաժամի արմատները Պուտինը տեսնում է Վաշինգտոնում: Ըստ նրա հենց իր ապակառուցողական քաղաքականությամբ, պատերազմներով, թալանով էր, որ ԱՄՆ-ն առաջացրեց միգրացիոն հոսքերի աճ։
  • Հացահատիկի արտահանման և պարենային ճգնաժամի մասին: Պուտինը հնչեցնում է հետևյալ հարցադրումը. հիմա հաց են արտահանում Ուկրաինայից՝ պարենային անվտանգության պատրվակով։ Ու՞ր է այս ամենը գնում: Կրկին Եվրոպա: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ արևմտյան էլիտաները չեն ծրագրում ելք փնտրել համաշխարհային պարենային ճգնաժամից, որն առաջացել է նրանց մեղքով, դեռևս  հատուկ ռազմական գործողության մեկնարկից շատ առաջ:
  • Աշխարհի հանդեպ պատասխանատվության մասին: Պուտինի կարծիքով  հասունացած հակասություններից դուրս գալու համար  պետք է կոտրեն Ռուսաստանը։ Եթե դա տեղի չունենա,  չի բացառում, որ  կցանկանան համակարգը հասցնել կոլապսի։ Կամ նույնիսկ օգտվել "պատերազմն ամեն ինչ կսրբագրի" սկզբունքից։ Ռուսաստանը հասկանում է իր պատասխանատվությունը միջազգային հանրության առջև։ Եվ ամեն ինչ անելու է, այդ տաք գլուխների դեմ: 
  • Հեգեմոնիայի դեմ շարժման մասին: Վերջում ևս մեկ դրույթ առանձնացնենք: Պուտինը նոր աշխարհակարգում կարևորում է պայքարը արևմտյան հեգեմոնիայի դեմ: Նա նշեց, որ շատ այլ երկրներում արդեն ընթանում է շարժումը հեգեմոնիայի դեմ։ Ինքը ևս  այսօր պայքարում է արդար և ազատ ճանապարհի համար, առաջին հերթին Ռուսաստանի համար: Նա նշեց, որ սա ճակատամարտ է Ռուսաստանի համար: Ուրիշներին ճնշելու վրա հիմնված քաղաքականությունը պետք է կոտրվի։ Մարտի դաշտը, մեծ Ռուսաստանի համար է։ 

Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի քաղաքական վերլուծաբան, ք․ գ․ դ․, պրոֆեսոր  Գարիկ Քեռյան  

Generalnews.am