«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՆԱԽ ԱՄԵՐԻԿԱՍԵՐՆԵՐԻ, ՀԵՏՈ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ․ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

12/08/2022

Պրոֆեսոր Ա. Ներսիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ ՀՀ ներքաղաքական կյանքը չի հանդարտվում։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանը դիմում է որևէ սադրանքի կամ դիվերսիոն գործողության, կամ էլ՝  երբ նոյեմբերի 9-ի համաձայնագրի հիմամբ մենք տարածքներ ենք զիջում նրան, բնականաբար, խորը վրդովմունք է առաջանում հայոց մեջ, որը հետևանք է ազնիվ մղումների և մեղմ ասած ոչ այնքան ազնիվ, այլ՝ նման փաստերը իշխանությունների դեմ օգտագործելու և Արևմուտքի շահերն ի վնաս Ռուսաստանի  այս տարածաշրջանում ամրապնդելու ցանկությունների։ Հարկավ, տրամաբանական է նաև, որ դրվի իշխանության հարց ևս, բայց այն պետք է լինի այն հիմնավոր անվտանգության հայեցակարգերի մատուցմանը զուգընթաց, որոնք այն համոզումը կբերեն, որ իշխանության եկող ուժերը լուծման նոր տարբերակ են մատուցում և բավականին տրամաբանված։ Ավաղ, սակայն, այդպիսիներին դեռ ականատես չենք եղել։ Այս մասին շատ ենք գրել, բայց հիմա ցանկանում ենք արևմտամետներին կամ ռուսների հեռացմամբ այս տարածաշրջանում ԱՄՆ-ին կամ Արևմուտքին հաստատված տեսնելու մարմաջով տառապողներին հենց ԱՄՆ կառվարության կողմից սույն թվականի մայիսի 2 – ին Հայաստանի հետ հարաբերությունների ռազմավարության մասին փաստաթղթի վերլուծությամբ ցույց տալ, որ վերջինս այստեղ խաղում է մի խաղ, որը միտված է ի վնաս Ռուսատանի իր քաղաքական ազդեցության ուժեղացման ծրագրերի կյանքի կոչելուն, Արցախի խնդիրն էլ  իր համար առիթ է այդ ծրագրերի համար և ավելին՝ նա երբեք ռուսական քաղաքական տեղատվության դեպքում խնդիրը չի լուծելու ելնելով հայության շահերից։ Այսպես, Հայաստանին վերաբերվող 8 էջանոց փաստաթղթում շեշտվում է, որ  ԱՄՆ - ն իր  հիմնական նպատակն է համարում  սեփական  ազգային շահերի պաշտպանությունը, նվազագույնի հասցնելը Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում՝ այնտեղ ավելի ամրապնդվելով ի վնաս նրա։ Փաստաթղթում կարդում ենք․  «ԱՄՆ-ի դերը ավելի կարևոր է  դառնում, որովհետև տարածաշրջանային լարվածութիւնը սաստկանում է Ռուսաստանի Ուկրաինա կատարծ ներխուժման հետևանքով»: Արտաքուստ թվում է, որ այստեղ զարմանալի ոչինչ չկա, բայց այստեղ կարևորն այն է, թե իր այս նպատակի իրականացման մեջ մեր հանդեպ որդեգրած դիրքորոշումը որքանով է բխում ՀՀ և արցախահայության շահերից։ Պարզվում է, որ ամենևին էլ չի բխում, այլ ընդհակառակը՝ վնաս է մեր շահերին, քանի որ փաստաթղթում առկա է հետևյալ ձևակերպումը․ «Ուժեղացնել  գործընկերների և դաշնակիցների  կարողությունը՝  դիմակայելու  և հակազդելու  ազդեցության գործողություներին և ապատեղեկատվության,  մասնավորապես  Ռուսաստանի  ՉԺՀ-ի (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն),  հակազդել Ռուսաստանի, ՉԺՀ-ի, Իրանի և այլ պետությունների պետական և ոչ պետական դերակատարների ռազմավարական, սովորական և տարատեսակ սպառնալիքներին, ինչպես նաեւ զարգացող-խանգարող տնտեսական ծրագրերին, որոնք  սպառնում են  ԱՄՆ-ի և Եվրոպայի ապահովության Եվրոպայի մեջ և նրանից այնկողմ»: Այսինքն՝ ԱՄՆ-ի նպատակն է մեզ թշնամացնել ոչ միայն Ռուսաստանի, այլև՝ Չինաստանի և Իրանի հետ, որը նշանակում է՝ թքած ունենալ մեր բուն խնդիրների վրա, կապը կտրել նաև մեր դարավոր բարեկամ Իրանից, որը նախկինում փորձում էր անել Բոլթոնը՝ Հայաստանը լրիվ ներառելով շրջափակման մեջ։ Սա է ուզում մեր բարեկամ ԱՄՆ-ը։
Այնուհետև փաստաթղթի տրամաբանությամբ պետք է Հայաստանը փաստորեն սահմանափակի ԵԱՏՄ –ում իր գործունեությունը, ավելին՝ ՀԱՊԿ - ին նրա անդամությունը դատապարտվում է, այն դեպքում երբ ի հակակշիռ դրա ոչ մի երաշխիք չի ներկայացնում հօգուտ ՀՀ և Արցախի անվտանգության, նաև՝ դատապարտում է ՀՀ – ում ժողովրդավարության նահանջը, այն դեպքում, երբ այդ ժողովրդավարական արժեքները․ որոնք ինքն է ներմուծել, այստեղ բավականին արմատավորվել են և նույնիսկ վեր են ածվում անարխիայի՝ ի վնաս մեր պետականության։
Բայց ամենավտանգավորն այս փաստաթղթի մեջ արցախյան խնդրի հանդեպ լուծման մոտեցումներն են, որոնք կրում են խիստ ձևական բնույթ։ Ձևական այն պարզ պատճառով, որ այնտեղ խնդրի լուծման բանալին տարվում է կրկին Մինսկի խմբի ձևաչափ, որը վաղուց է Ռուսաստանն ուղարկել է գրողի ծոցը և որին դեմ է նաև Ադրբեջանը։ Եթե իրականանա ԱՄՆ երազանքը և Ռուսաստանը այս տարածաշրջանում տանուլ տա, այդ դեպքում ի՞նչ ձևաչափով պետք է խնդիրը լուծի ԱՄՆ –ը; Դարձյա՞լ այս խմբի։ Բնականաբար՝ ոչ։ Ինքը՝ ինչպես ուզի, և մեր խորին համոզմամբ՝ հօգուտ Ադրբեջանի, որովհետև, երբ փաստաթղթում խոսք է գնում Հայաստանի՝ իր հարաբերությունները հարևանների հետ դրացիական դարձնելու մասին, ապա՝ նա նկատի ունի միայն Թուրքիային ու Ադրբեջանին և հասկանալի պատճաով՝ ոչ Իրանին։ Այսինքն՝ կամա- ակամա լծվելով ԱՄՆ - ի քաղաքական կառքին՝ նրա ազդեցության ընդլայնման դեպքում մենք ավելին չենք շահում, քան այժմ, երբ Արցախից մնացածը պահելու միակ երաշխիքը ռուս խաղաղապահներն են։ Հարկավ, չենք ուզում այն տպավորությունն  ստեղծել, թե մեր փրկությունը  ռուսներին ապավինելու մեջ է, բայց ԱՄՆ –ին կամ Արևմուտքին ապավինելն էլ որևէ քաղաքական արդյունավետություն մեզ չի ներշնչում։ Եթե ուժ չունենք առաջ գնալու և մեր պահանջները թուրքերին պարտադրելու, պետք է նուրբ դիվանագիտություն կիրառելով փրկենք  գոնե հնարավորը։ Հակառուսական կարգախոսներով կամ ԱՄՆ –ին այստեղ կանչելով հարցեր չեն լուծվի։ Չմոռանանք, թե ինչպես 1918թ․ անգլիացի միսիոներ Թոմսոնն արգելեց Լաչին հասած Անդրանիկին շարժվելու Շուշի, չմոռանանք նաև, որ Հասկելն այստեղ չարեց ոչինչ հայանպաստ, այլ զբաղվեց սոսկ մարդասիրական կամ տնտեսական գործունեությամբ, այդպես էլ վճռական որևէ քայլ չանելով Նախիջևանի հարցն հօգուտ հայոց լուծելու ուղղությամբ։
Իսկ մենք շարունակում ենք բողոքներն ուղղել  Արևմուտքին՝ հիմա էլ Բերձորի և Աղավնոյի  հանձնումը կանխելու ուղղությամբ, որոնք թերևս այս փաստաթղթի առկայության պայմաններում միայն քմծիծաղ և արհամարհանք են մեր հասցեին բերում փակ վարագույրերի հետևում։
Արևմուտքի մարդասիրական օգնություններն էլ քողարկում են քաղաքական նպատականեր, ինչպես որ ներմուծած ժողովրդավարական չափորոչիշները որոշվում են իր ազդեցության չափի աստիճանով։ Եթե ազդեցությունը շատ է՝ ժողովրդավարական որակելը միշտ կա ու կա և հակառակը։ Այդպես էլ չենք փորձում մեծերի մտքերը ճիշտ կարդալ, այլ շարունակում ենք հօգուտ մեզ կարդալ։Դրա համար էլ դիվանագետ չենք դառնում։

<<Զորավար Սեպուհ>> պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտութունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Ներսիսյան

Generalnews.am