«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բարտոմեուն և Բարսայի մի շարք այլ նախկին աշխտակիցներ ձերբակալվել են

01/03/2021

Այսօր՝ մարտի 1-ին, հայտնի դարձավ, որ Կատալոնիայի իրավապահ մարմինները, «Բարսագեյթ» գործի հետ կապված, խուզարկություն են անցկացրել «Բարսելոնայի» գլխավոր գրասենյակում։

Ինչպես տեղեկացնում է Cadena SER-ը, այդ գործի հետ կապված՝ ձերբակալվել են «Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, ակումբի նախկին գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն, ինչպես նաև իրավաբան Ռոման Գոմես Պոնտին։

Ըստ հետաքննության՝ Բարտոմեուն ակումբի անունից գործարքներ է կնքել՝ անձնական շահույթ ստանալու նպատակով։

Բանն այն է, որ 2020 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ «Բարսելոնան» համագործակցում է I3 Ventures ընկերության հետ, որը տարբեր սոցցանցերում ստեղծել է կեղծ էջեր և դրա միջոցով փորձել է բարձրացնել Խոսեպ Մարիա Բարտոմեուի հեղինակությունը, իսկ դրան զուգահեռ քննադատել է ակումբի մի շարք ֆուտբոլիստների, ինչպիսիք են, օրինակ, Լեո Մեսսին ու Ժերար Պիկեն։

Հիշեցնենք, որ այդ բացահայտումներից հետո Բարտոմեուն հերքեց իր մասնակցությունն այդ գործին և նշանակեց հետաքննություն, ինչից հետո կատարված աուդիտն էլ նույնպես չհաստատեց, որ «Բարսելոնայի» ղեկավարը սոցցանցներում «հարձակումներ» է կազմակերպել սեփական խաղացողների վրա։ Այդ դեպքից հետո ակումբի տնօրենների խորհրդի մի շարք անդամներ հրաժարական տվեցին։

Հիշեցնենք, որ Խոսեպ Մարիա Բարտոմեուն «Բարսայի» նախագահի պաշտոնում եղել է 2014 թվականի հունվարից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 27-ը։ Նա հրաժարական տվեց, ինչից հետո նշանակվեցին արտահերթ ընտրություններ, որոնք տեղի են ունենալու սույն թվականի մարտի 7-ին։