«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄԻԵԴ-ը 12 տարի առաջ բանակում ինքնասպան եղած Արտակ Նազարյանի գործով վճիռ է հրապարակել

08/11/2022

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Հովհաննիսյանն ու Նազարյանն ընդեմ Հայաստանի գործով որոշումը։

Վճիռը կայացել է հօգուտ Նազարյանի, քանի որ նշվում է, որ Հայաստանի իշխանությունները ձախողել են կանխել լեյտենանտի մահը, որը հակված է եղել ինքնասպանության, ինչպես նաև հետաքննության ընթացքում եղել են թերություններ։

Գործը վերաբերում էր դիմումատուների որդու և եղբոր՝ Արտակ Նազարյանի մահվանը բանակում գտնվելու ժամանակ և դրան հաջորդած քննությանը։

ՄԻԵԴ-ից հայտնում են, որ դատարանի որոշմամբ՝ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը, որը վերաբերում է կյանքի իրավունքին։

Դատարանը, մասնավորապես, գտել է, որ զինված ուժերում հոգեբանական աջակցության համակարգի բացակայության պատճառով Ա. Նազարյանին աջակցություն չի ցուցաբերվել՝ չնայած վերջինիս ինքնասպանություն գործելու ակնհայտ ռիսկին։

Ավելին, իշխանությունները չեն կարողացել ձեռնարկել համապատասխան և արդյունավետ միջոցներ՝ կանխելու ինքնասպանությունը, հետևաբար, պետությունը չի կատարել իր պարտավորությունը՝ համապատասխան միջոցներ չի ձեռնարկել զինվորական ծառայության ընթացքում նրա կյանքը պաշտպանելու համար։

Դատարանը նաև գտել է, որ գործի հետաքննությունը բավականաչափ մանրակրկիտ չի եղել և չի կարողացել պաշտպանել դիմումատուների շահերը։

ՄԻԵԴ վճռով՝ մարդու իրավունքների կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն, պետութունը պետք է 20 հազար եվրո վճարի դիմումատուներին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 3500 եվրո դատական ծասխերի համար։

Կոնվենցիայի 41 հոդվածը վերաբերում  է արդարացի բավարարմանը:

Հիշեցնենք, որ լեյտենանտ Ա. Նազարյանին մահացած էին գտել 2010 թվականի հուլիսի 27-ին հենակետում՝ բերանի շրջանում հրազենային վնասվածքով։