Ռուսաստանն «Օրեշնիկ» հրթիռով հարվածել է Ուկրաինային. փոխադարձ հարվածները շարունակվում են
Լույս մայիսի 24-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 600 անօդաչու թռչող սարք և 90 հրթիռ, այդ թվում՝ «Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։
Ըստ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ հարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, շուրջ 100-ը՝ վիրավորվել։ Կիևի իշխանությունները հայտնել են, որ մայրաքաղաքում զոհվել է 2 մարդ, 87-ը վիրավորվել է։ Վնասվել են բազմաթիվ մշակութային և պատմական օբյեկտներ, բնակելի տներ և կառավարական շենքեր։ Ըստ մայրաքաղաքի իշխանությունների՝ կիրակի գիշերը հասցված հարվածը վնասված շրջանների թվով ամենաուժգինն է եղել 2022 թվականին հակամարտության մեկնարկից ի վեր։
Առնվազն մեկ միջին հեռահարության «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռ արձակվել է Կիևից ոչ հեռու գտնվող Բելայա Ցերկով քաղաքի վրա։ Չնայած «Օրեշնիկ»-ը միջին հեռահարության հրթիռ է, սակայն դրա ենթադրյալ հեռահարությունը կազմում է 5500 կմ, ինչը մոտ է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հեռահարության։ Այս հրթիռները կարող են միջուկային մարտագլխիկներ կրել։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան կոչ է արել ՄԱԿ Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ մարմինների շտապ նիստ անցկացնել՝ Ուկրաինայի մայրաքաղաքի վրա Ռուսաստանի հասցրած զանգվածային հարվածին արձագանքելու համար։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X հարթակում գրառմամբ դատապարտել է ռուսական հարձակումները և դրանց ընթացքում «Օրեշնիկ» հրթիռի օգտագործումը։ Նա վերահաստատել է, որ Ուկրաինային աջակցությունը կշարունակվի, և ամեն բան կարվի արդար և տևական խաղաղության հասնելու համար։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարվածը հասցվել է՝ ի պատասխան ՌԴ տարածքում քաղաքացիական օբյեկտների վրա Կիևի հարձակման։