.«Թրամփի ուղու» նպատակը ՆԱՏՕ-ի ներթափանցումն է Հարավային Կովկաս. Իրանական Mehr գործակալություն
Իրանական Mehr լրատվական գործակալության կայքում հրապարակվել է հոդված «Թրամփի ուղու» և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմաների վերաբերյալ։ Հոդվածում նշվել, որ «Թրամփի ուղին» կամ «Զանգեզուրի միջանցքը» տնտեսական նախագիծ չէ, այլ աշխարհաքաղաքական և անվտանգային ծրագիր, որի նպատակն է ՆԱՏՕ-ի ներթափանցումը Կովկաս և Կենտրոնական Ասիա, ինչպես նաև պանթյուրքիզմի տարածումը։ Նշվել է, որ այս նախագիծը վտանգ է ներկայացնում ոչ միայն Իրանի և Ռուսաստանի, այլ նաև Չինաստանի համար։ Հոդվածում շեշտվել է, որ միջանցքի իրական նպատակը Ադրբեջանի և Նախիջևանի կապը չէ, այլ Թուրքիայի ազդեցության ընդլայնումը ՆԱՏՕ-ի ռազմավարության շրջանակում մինչև Չինաստանի արևմուտք և «թուրքական պետության» ձևավորման հիմքերի ստեղծումը։ Ընդգծվել է, որ սա կարող է խթանել ույղուրական անջատողականությունը Սինցզյանում, ինչն ընկալվում է որպես Չինաստանի մասնատման վտանգ։
Հոդվածում նաև ընդգծվել է, որ ԱՄՆ-ը շահագրգռված է այս գործընթացով՝ իր հիմնական մրցակից Չինաստանին թուլացնելու նպատակով։ Հոդվածի եզրափակիչ մասում առաջարկվել է, որ Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ քաղաքական դիրքորոշում ձևավորեն, օգտագործեն տնտեսական և քաղաքական լծակներ, ինչպես նաև աջակցեն այլընտրանքային երթուղու ստեղծմանը Իրանի տարածքով, որպեսզի չեզոքացվի «Թրամփի ուղու» վտանգը։