«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստան - Իրան մշակութային կապը․ Իվեթ Թաջարյան

15/04/2022

Generalnews.am-ի հյուրն է արվեստագիտության թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանը


- Գաղտիք չէ, որ աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների, վերադասավորվող հարաբերությունների շրջան ապրող մեր տարածաշրջանում հայ-իրանական հարաբերությունները հնարավորինս կայուն զարգացում են արձանագրել վերջին տասնամյակներում։ Դրանում ի թիվս քաղաքական, տնտեսական և այլ գործոնների, ոչ պակաս կարևոր է նաև մշակութային գործոնը։ Կուզեի անդրադառայիք Հայաստանում իրանական մշակույթի ներկայացվածությանը: 

- Իրանի և Հայաստանի հազարամյակների փոխհարաբերությունների արտացոլանքը կարելի է տեսնել երկու ժողովուրդների մշակութային, ավանդույթների, սովորույթների և հասարակական ոլորտներում։ Դրանք բազմաթիվ ընդհանրությունների տեսքով ապացուցում են մեր երկու ժողովուրդների անբաժանելիությունը։ Սեֆյանների կողմից Իրանում հզոր և անկախ պետություն ստեղծելու քաղաքականությունը և իրենց իսլամական պետություն համարող օսմանցիների դեմ պայքարը պատճառ դարձան, որ Սեֆյան թագավորները մոտենան արևմտյան երկրներին, որոնք իրականում օսմանցիների թշնամիներն էին: Դա էր պատճառը, որ Իրան եկած եվրոպացիների և գաղթած հայերի գործունեություն ծավալելու համար բարենպաստ պայմաններ ստեղծվեցին։ Միջազգային կապեր ունեցող հայ խոջաների հետ կապված Շահ Աբբասի հույսերն արդարացան, արդյունքում՝ տնտեսությունը զարգացում ապրեց: Նոր Ջուղայի հայերի դիրքի, կարգավիճակի, և ընդհանրապես արվեստի նկատմամբ նրանց ճաշակի մասին պատկերացում ստանալու համար բավական է ուսումնասիրել խոջաների կողմից կառուցված վանքերը, եկեղեցիները և առանձնատները։ Վերջիններս իրանական պոետական գեղարվեստական արտահայտչամիջոցներով  օժտված և եվրոպական վերածննդի ոգով ներշնչված նոր պատկերների ծնունդի մասին են վկայում։ Քանի որ Իրանի բարձրաստիճան այրերը մոտ հարաբերություններ ունեին հայերի հետ, ուստի իրանական արվեստը չէր կարող անմասն մնալ այդ բոլորից ու որոշակիորեն պահպանելով իր ավանդական կողմը, սկսեց անցում կատարել դեպի նորը։ Արդյունքում իրանական արվեստում նկատում ենք մի նոր երևույթի ծնունդ։ Մյուս կողմից էլ իրանահայ մշակույթն իր վրա է կրել իրանական կենցաղավարության և մշակույթի տարրերը։ Այդ փոխհարաբերությունները մինչ օրս շարունակական բնույթ են կրում։ Գրավոր և արվեստի տեսքով բազմաթիվ աղբյուրներ կան, որտեղ արտացոլված են հայերի ընտանեկան միջավայրի և մի շարք երկրների բարձրաստիճան անձանց հետ ունեցած կապերի բնույթը։ Օրինակ Սպահանում եղել են և կան հայերին պատկանող ապարանքներ, որոնց պատերին նկարվել են պետական այրերին հյուրընկալությունից տեսարաններ։ Խոջաներն այդ պատվին արժանանալուց հետո, որպես հուշ կամ պատվաբեր փաստ, իրենց առանձնատների պատերին, նկարում էին դրվագներ, օրինակ շահին հյուրընկալելու դրվագները։ Այսպիսով, հայերը, իրանական արվեստի և պատմության մեջ ունեցել են և շարունակում են ունենալ իրենց մեծ ներդրումը։  Ցավոք Հայաստանում այդ ամենն ինչպես հարկն է ուսումնասիրված չէ, մասամբ է լուսաբանվում և հանրայնացվում։     

- Վերջին շրջանում Երևանի կապույտ մզկիթի շուրջ կրքերը բորբոքվեցին հատկապես ադրբեջանցի պատգամավորների այցից և կապույտ մզկիթը <<ադրբեջանական>> հորջորջելուց հետո։ Այժմ խոսենք փաստերով․ համառոտ կխնդրեի ներկայացնեիք Երևանի կապույտ մզկիթի պատմությունը։

- Կապույտ մզկիթը պատկանում է շիա դավանության մզկիթների շարքին։ Այն Երևանի մզկիթների մեջ ոչ միայն ամենագեղեցիկն ու շքեղն էր, այլև ամենամեծն էր։ 7000 քմ ընդհանուր մակերեսով այս մզկիթը կառուցվել է 1766թ.՝ Երևանի կիսանկախ սարդար Հուսեյն Ալի Խանի նախաձեռնությամբ։ Մզկիթ այցելում են մեր երկրում բնակվող 4-5 հազար իրանցիներ։ Այն պահպանվել է Եղիշե Չարենցի շնորհիվ, ով առաջարկել է կառույցը վերածել ՀԽՍՀ Երևանի պատմության ու բնագիտության թանգարանի։ Հայաստանի անկախացմանը զուգահեռ՝ անկախացավ նաև Կապույտ մզկիթը։ Ակնհայտ է ճարտարապետի սիրող ձեռքը, արևելյան վառ ճաշակը և իրանական արվեստին տիրապետելու  հմտությունը։ Գմբեթի ու արտաքին պատերի ձևավորման համար ստեղծված հախճասալիկները թվագրվում են շենքի կառուցման ժամանակաշրջանով, որը համապատասխանում է ղաջարական ժամանակներին։ Վստահաբար կարող ենք ասել, որ մզկիթը իր կառուցապատման եղանակով, հարդարման առանձնահատկություններով ու ոճով համապատասխանում է Իրանի նույն ժամանակահատվածի շինություններին։  

- Բավական հետաքրքիր է նաև շիական իսլամական մեր հարևան երկրում ինչպե՞ս են վերաբերվում հայկական նյութական և հոգևոր մշակույթի պահմանման և զարգացման հարցերին։

- Թեհրանում ծնված և հասունացածս ականատես եմ եղել, թե ինչպես են իրանցիները դարեր շարունակ հայկական հուշարձանները իրենց խնամքի տակ պահում։ Ժամանակ առ ժամանակ վերանորոգվում են։ Դրանցից շատերը որպես մշակութային  ժառանգության հուշարձան մաս են կազմում  Իրանի պետական «Միրասե ֆարհանգի» («Մշակութային ժառանգություն») հաստատությունում և արժանանում հատուկ վերահսկողության։ Կան նաև հուշարձաններ, որոնք պետության ջանքերով և հետևողականությամբ գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ։ Եվ այս ամենը շարունակական բնութ ունի։

- Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են հարյուրավոր պարսկերեն ձեռագրեր և վավերագրեր, որոնք առավել ակնառու են դարձնում երկու ժողովուրդների դարավոր կապերը: Կխնդրեի անդրադառնալ այդ հարուստ հավաքածուի ուսումնասիրման և վերականգնման աշխատանքներին։

- Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուի ավելի քան 20550 ձեռագրերից շուրջ 2730-ը կազմում են արաբատառ ձեռագրերը (արաբերեն, պարսկերեն, օսմաներեն)։ Պարսկերեն ձեռագրերը թվով մոտ 450 են։ Մատենադարանում պահպանվում են նաև բազմաթիվ վավերագրեր, որոնցից գրեթե բոլորը ուղիղ առնչություն ունեն Հայաստանի հետ: Մի մասը՝ հայ գյուղացիներից և քաղաքային բնակչությունից հարկերի գանձման կարգավորումների վերաբերյալ են։ Վավերագրերից մեկում Աբբաս Միրզան հայերի ժառանգության իրավունքը մահմեդականներին հավասարեցնելու վերաբերյալ է հրամանագրել։ Օրինակ՝ մի դեպքում հաստատում են հայոց կաթողիկոսների ընտրությունները, մի այլ դեպքում ներկայացնում են մի փաստաթուղթ, որ այսինչ հողատարածքները կամ գյուղերը տրվում են ի սեփականություն այսինչ մելիքին: Ձեռագրերի զգալի մասը տեղափոխվել են Մոսկվայի Լազարյան ինստիտուտից, և գիտենք, թե նրանք ինչքան քմահաճ էին ձեռագրերի ձեռքբերման, պահպանման հարցում: Կան ձեռագրեր ու կազմեր, որ հենց վերականգնված են մեզ հասել, իսկ վնասված ձեռագրերը նորոգվում են Մատենադարանի Վերականգնման բաժնի աշխատակիցների կողմից։ Բոլորովին վերջերս՝ 2021 թվականի նոյեմբերի 3-ին, Մատենադարանում մեկնարկեց Իրանական մշակույթի օրերը։ Այդ կապակցությամբ Մատենադարանում կազմակերպվեց «Ղաջարական դարաշրջանի ձեռագրակազմերի վերականգնման» տեսական և գործնական դասընթաց: Այն իրագործվեց ՀՀ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հետ համագործակցության շրջանակում, և ԱՄՆ-ից մեր հայրենակից Արա Փիլիպոսյանի օժանդակությամբ: Դասընթացը վարում էր իրանական ձեռագրերի վերականգնման առաջատար մասնագետ Համիդ Մալեքյանը։ 
Այս ձեռագրերը և վավերագրերը ուսումնասիրվում են Մատենադարանի Արևելագիտության բաժնի համապատասխան մասնագետները և ժամանակ առ ժամանակ հոդվածների կամ մենագրությունների տեսքով իրենց աշխատությունները հրատարակվում են։ 

- Որպես ոլորտի առաջատար մասնագետ՝ ի՞նչ եք կարծում՝ ի՞նչն է հիմք դարձել հայերի նկատմամբ Իրանի այսչափ վստահության։

- Հաստատվելով Սպահանում՝ հայերը մեծ դեր ունեցան Իրանի շենացման գործում։ Քաղաքականության, արվեստի, գիտության, երաժշտության, կինոյի, գեղանկարչության,  թատրոնի և լուսանկարչության բնագավառներում, տպագրության, արդյունաբերության ու ճարտարապետության ոլորտներում իրանահայերի և մանավանդ՝ նորջուղայեցիների անունները դասվում են Իրանի առաջավոր գործիչների շարքին: Այս գործընթացը շարունակվեց հետագայում՝ արդեն Ղաջարական Իրանում, երբ իշխանությունները կրկին սկսեցին մեծ ուշադրություն ցուցաբերել հայերի նկատմամբ: 19-րդ դարի երկրորդ կեսին Իրանի տնտեսական աշխուժացման գործում  բավականին մեծ էր իրանահայերի ներդրումը: Իրանի պետական մարմիններում ներկայացված հայազգի բարձրաստիճան անձինք, մշակութային գործիչները, գործարարները արել են և շարունակում են անել իրենցից կախված ամեն բան՝ երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման գործում։ Բավական է հիշել Միրզա Մելքոմ խանին, Ծերունի Մասեհյանին և իր որդուն՝ Հովհաննես խան Մասեհյանին, Եփրեմ խան Դավթյանին, Անթուան Սևրուգինին, ուսումնասիրել նրանց և մյուսների գործունեությունը, հասկանալ այն վստահության ձեռք բերման նախադրյալները, որոնք Իրանի կառավարության կողմից եղել է նրանց նկատմամբ, ի՞նչպես և ի՞նչ պայմաններում են դա վաստակել, դասեր քաղենք, լիցքավորվենք, կրթվենք ու կրթենք ու առաջ գնանք։  
- Ի վերջո, կան արդյո՞ք զարգացման և մշակութային փոխգործակցության դեռևս չօգտագործված հնարավորություններ՝ առավել բարձրացնելու հայ-իրանական հարաբերությունների մակարդակը։

- Նախ անհրաժեշտ է մեր հարևան երկրի ժողովրդին «ճանաչել»՝ կրոնը, հավատալիքները, մշակույթը, կենցաղավարությունը և այլն։ Այս առումով գիտության, մշակույթի և արվեստի բնագավառներում հարաբերությունների զարգացման ու հարստացման գործում գիտնականների դերակատարությունը առավել քան կարևոր է։ Բոլոր ոլորտներում կան անելիքներ։  

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am