«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Պատերազմում զոհվածների վարկային խնդիրների հետ կապված բանկերն սկսել են դիմումներ ընդունել

02/12/2020

Պատերազմում զոհվածների վարկային խնդիրների հետ կապված բանկերն սկսել են դիմումներ ընդունել: Ֆինանսական համակարգը պատրաստակամ է զիջումներ առաջարկել հերոսացած հաճախորդների ընտանիքներին: Քանի՞ տոկոսով, ի՞նչ չափով կներվեն վարկերը, յուրաքանչյուր բանկ ինքն է որոշելու․ բոլորն առայժմ դիմումներ են ընդունում:

Դիմումը պատերազմում զոհվածի կնոջից է: Նահատակված, վիրավորված, անհետ կորած զինծառայողի ու կամավորների ընտանիքները մի քանի օր է՝ սկսել են իրենց բանկեր ներկայացնել ընտանիքի վարկը ներելու-վերանայելու խնդրանքներ:

Մարուսյա Ստեփանյան («Կոնվերս բանկ»-ի աշխատակից)- Այդպիսի օր չի լինում, որ դիմում չստանանք: Եթե ոչ գլխամասում, ապա մասնաճյուղեր պարտադիր մոտենում են:


Ե՛վ մարզերում, և՛ ինտերնետով ընդունած դիմումները «Կոնվերս բանկ»-ում հավաքում են գլխամասում: Քանի՞ տեղեկանք են արդեն ստացել, ի՞նչ գումարների մասին է խոսքը՝ դեռ չեն ամփոփել: Ամեն հայտի համար առանձին քննարկելու են՝ զիջել ամբողջը, կիսով չա՞փ, թե՞ որոշակի տոկոսով: Որոշումը կախված է լինելու ընտանիքի սոցիալական վիճակից, նաև՝ վարկը խոշոր հիփոթե՞ք է, թե՞, օրինակ, սառնարանի ապառիկ:

Սարգիս Խաչատրյան («Կոնվերս բանկ»-ի տնօրինության անդամ)- Սեպտեմբերի 27-ից չմարված պարտավորությունների հետ չենք կիրառել տույժ-տուգանքներ, և հիմա ցուցաբերում ենք անհատական մոտեցում՝ կախված վարկային գործի առանձնահատկությունից:

Բոլոր բանկերն այս օրերին դիմումներ են ընդունում պատերազմից հետ չեկած կամ խեղված իրենց հաճախորդի հարազատներից: Արդեն կան նաև ներումների մասին առաջին որոշումները՝ տեղեկացնում են Բանկերի միությունից, հատուկ շեշտում, որ ֆինանսական շուկան սա անում է հանուն հերոսների՝ ինքնակամ: Որևէ օրենքով բանկերը նման քայլի պարտավորված չեն:

Սեյրան Սարգսյան (Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն)- Սա իրենց կողմից, իրենց հնարավորությունների շրջանակում, ապահովության բարձիկների շրջանակում նման ռիսկերը զսպելու համար կուտակած միջոցներից են իրականացնում:

Յուրաքանչյուր բանկ ինքն է որոշելու՝ ինչ աջակցություն կարող է ցուցաբերել: Զիջումների չափը կախված կլինի նաև դիմումատու հաճախորդների քանակից: Հայաստանյան 17 բանկից 7-ն աշխատում են նաև Արցախում. վարկառուներ ունեն՝ հիփոթեքով վերցած տուն են թողել Շուշիում, Հադրութում կամ Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած մյուս բնակավայրերում: Ինչո՞ւ ու ի՞նչ սրտով վճարեն: Այս օրերին նրանք էլ են դիմում գրում:

Ի՞նչ թվերի կարող է հասնել բանկերում պատերազմի առաջ բերած պարտքային խնդիրը՝ Գլխավոր դրամատունն էլ կանխատեսում չունի: Տվյալներն առայժմ հավաքվում են, դեռ գնահատումների փուլում են՝ պատգամավորների հետ քննարկմանը հայտարարեց կառույցի գլխավոր քարտուղարը:

Դավիթ Նահապետյան (ՀՀ ԿԲ գլխավոր քարտուղար)- Մենք նույնպես աշխատում ենք ֆինանսական կազմակերպությունների ու ՊՆ-ի հետ՝ այդ տեղեկատվությունն ավելի արագ փոխանցելու առումով:

Կարևորն, ըստ Նահապետյանի, բանկերը պատրաստակամ են պատերազմից ամենատուժած հաճախորդներին զիջումներով այնպես օգնել, որ վարկային բեռը տանելի լինի: 

1Lurer.am