Հունգարիայի ընտրությունները և հայ քաղաքական «իմաստության» սահմանները. Աշոտ Ներսիսյան
Հայ քաղաքական միտքը, եթե այդպես կարելի է այն կոչել, կարծես խանձարուրից դուրս չի գալիս։ Դա ևս մեկ անգամ հաստատվում է Հունգարիայում տեղի ունեցած ընտրությունների շուրջ ձևավորված բուռն արձագանքներով։
Պետեր Մադյարի գլխավորած ուժի հաղթանակը ոգևորել է եվրոպամետ շրջանակներին, իսկ Վիկտոր Օրբանի պարտությունը հաճախ ներկայացվում է որպես Ռուսաստանի պարտություն։ Թեև կարելի է ընդունել, որ Օրբանը, աշխարհաքաղաքական առումով խոշոր խաղացող չլինելով հանդերձ, վարում էր այնպիսի քաղաքականություն, որը որոշակի խոչընդոտներ էր ստեղծում Ուկրաինայի եվրոպական ինտեգրման ճանապարհին, սակայն արդյո՞ք նրա պարտությունը գնահատել որպես Ռուսաստանի պարտություն՝ վաղաժամ չէ։
Օրբանը, ի վերջո, առաջնորդվել է իր պետության տնտեսական և քաղաքական շահերով։ Նրա պարտության խորքային պատճառների վերաբերյալ մասնագիտական ամբողջական գնահատականներ առայժմ գրեթե չկան։ Այս ֆոնին որոշ ընդդիմադիր շրջանակների կողմից այդ իրադարձությունը ներկայացնել որպես «դիկտատուրայի փլուզում» ոչ միայն անհիմն է, այլև՝ տխուր։
Հատկանշական է նաև մեկ այլ հանգամանք․ Օրբանը շնորհավորել է իր հակառակորդին հաղթանակի կապակցությամբ։ Արդյո՞ք Հայաստանում պարտվող քաղաքական ուժերը նույն կերպ կվարվեն։
Միաժամանակ, ակնհայտ է, որ որոշ ուժեր փորձում են հունգարական ընտրությունների արդյունքները շահարկել՝ ներքին լսարանի վրա ազդելու նպատակով՝ առաջ քաշելով այն թեզը, թե «ժամանակն է» նմանատիպ զարգացումներ տեսնել նաև Հայաստանում։ Սա ակնհայտ թյուրըմբռնում է։
Առանձնահատուկ շահարկման առարկա է դարձվում նաև ադրբեջանցի մարդասպանին Հունգարիայի կողմից Ադրբեջանին հանձնելու թեման, որը կրկին օգտագործվում է զգացմունքային դաշտ ձևավորելու համար։
Մինչդեռ պետք է հաշվի առնել, որ Հունգարիայում քաղաքական որոշումները կայացվում են ինստիտուցիոնալ հիմքերի վրա, և հաղթած ուժի ղեկավարը դժվար թե որդեգրի կտրուկ հակառուսական կամ միակողմանի արևմտամետ կուրս։
Խնդիրը թերևս այն է, որ մենք հաճախ հակված ենք աշխարհը դիտարկել մեր ներքին տրամաբանության և փորձի պրիզմայով՝ կարծելով, թե բոլորը մտածում և գործում են մեզ նման։
Հուսանք, որ հունիսի 7-ից հետո հայոց «իմաստության դարաշրջանը» վերջապես կմտնի իր ավարտական փուլ։
Աշոտ Ներսիսյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ