Ալիևը դարձյալ խոսել է ադրբեջանցիների՝ իրենց «հայրենիք» «վերադառնալու իրավունքի» մասին
Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջն է և անհրաժեշտ է համընդհանուր արժեքները հարգելու, թշնամանքի էջը փակելու և ժողովուրդների միջև փոխըմբռնումը խթանելու համար։ Այս մասին «Մշակութային ժառանգությունը և վերադարձի իրավունքը. Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնումը որպես արդարության, հաշտեցման և խաղաղության ուղի» թեմայով 3-րդ միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ըստ ադրբեջանական պետական APA գործակալության՝ նա անդրադարձել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի և դրա «իրավունքների» հարցին՝ նշելով, որ այդ բնակչության մեջ են մտնում «տեղահանություններից և կոտորածներից անմիջականորեն տուժած մարդիկ»։
«Այսօր կարևոր է ակտիվացնել ջանքերը՝ ապահովելու Հայաստանից բռնի կերպով տեղահանված ադրբեջանցիների վերադարձը։ Ի վերջո, վերադարձի իրավունքը մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից մեկն է: Այս իրավունքի ապահովումը նշանակում է ոչ միայն ֆիզիկական վերադարձ հայրենիք, այլև հոգևոր ամբողջականության, մշակութային ժառանգության և հասարակության պատմական հիշողության վերականգնում»,-իր ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահը: