«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայոց ցեղասպանության ներկայացվածությունը հայ կերպարվեստում․ Հռիփսիմե Վարդանյան

29/04/2022

Generalnews.am-ի հյուրն է ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս, արվեստագիտության թեկնածու Հռիփսիմե Վարդանյանը

- Հայոց ցեղասպանությունից անցել է 107 տարի․․․ պատմաբանները, քաղաքագետները, իրավաբանները շատ են գրել, խոսել ցեղասպանության տարբեր բաղադրատարրերի մասին․․․ այսօր կուզեի հարցը դիտարկել հայ կերպարվեստում՝ թեմայի ներկայացվածության տեսանկյունից։ Կոտորածներից հրաշքով փրկվածներից ու նրանց զավակներից շատերը դարձել են վրձնի վարպետներ ու անթիվ գործեր նվիրել Եղեռնի թեմային։ Երբվանի՞ց են հայ նկարիչները նկարել հայոց մեծ ոճիրը, կարելի՞ է արդյոք խոսել այդ թեմայով հայ նկարչության ժամանակագրական շերտերի մասին։

- Ցեղասպանության մեկդարյա վաղեմությունը, բնավ չի սպիացնում վերքերը՝ մատնելով մոռացության, ավելին, արվեստագետների համար նորանոր ստեղծագործությունների հիմք է հանդիսանում՝ կանխելու մարդկային ու մշակութային ցեղասպանությունը։ Հայ ժողովրդի պատմության այս ցավոտ, եղերական էջերն իրենց ուղղակի արձագանքն են գտել հայ արվեստագետների աշխատանքներում, սկսած համիդյան ջարդերի ոճրագործությունների ժամանակակից, ականատես հեղինակներից, մինչ մեր օրերը։ Հասկանալի է, որ թեման շատ ընդգրկուն է, և մեկ անդրադարձի շրջանակներում տալ այս ծավալուն, բազմաշերտ նյութի համապարփակ նկարագիրը, թերևս, անհնար է։ Մինչ բուն ստեղծագործություններին ու հեղինակներին անդրադառնալը, կցանկանայի խոսել երևույթից։ Հայ ու նաև շատ օտարազգի արվեստագետներ, վերարտադրելով իրական անցքերի իրենց մեկնաբանությունը, ոչ միայն վավերագրել են դաժան ոճիրը, այլև վերջինի միջոցով արտահայտել իրենց իսկ վերաբերմունքը անմարդկային վայրագություններին։ Ստեղծագործություններից յուրաքանչյուրը բացի գեղարվեստական արժեք լինելուց, նաև, ինչը պակաս կարևոր չէ, պատմական ակնարկներ են՝ փաստարկ, ապացույց։ Քանի որ արվեստի պատմությունը, դա, նախևառաջ, մարդկության պատմությունն է, քաղաքակրթությունների պատմությունը։
Առաջին հայ արվեստագետներից, ով իր ստեղծագործությունների միջոցով բարձրաձայնեց կուտակված բողոքն ու ցասումը, աղաղակեց ի լուր աշխարհի 1890-կաններին Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում սկիզբ առած համատարած կոտորածների, հայ ժողովրդի հանդեպ իրականացվող անհավատալի վայրագությունների վերաբերյալ, դա աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես /Ւվան/ Այվազովսկին (1817-1900) էր իր «Գիշեր. Ողբերգություն Մարմարա ծովում» (1897), «Խաղաղ գիշեր. Հայերին նետում են ծովը» (1897), «Խրիմյան Հայրիկը Էջմիածնի մերձակայքում» (1895, հայտնի իրողություն է, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է ուղղել ծովանկարչին՝ հորդորելով նրան ահասարսուռ իրողությանը վերաբերող կտավ ստեղծել), «Տրապիզոնի ջարդը» (1895), «Թուրքական նավի պայթյունը» (1900, նկարչի վերջին ստեղծագործությունն էր, որը մնաց անավարտ իր հանկարծամահ լինելու պատճառով)։ Նույն թեմային այլ մոտեցում է ցուցաբերում ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցն (1860-1921) իր «Լքյալը» (1894), «Կույսերի կոտորածը» («Ջարդից հետո», 1899), «Ոտնահարված սրբություն» (1895), «Անարգվածը» («Երկրպագություն», 1899) կտավներում, ուր զանգվածային կոտորածից, սպանությունից զատ, նկարիչը ներկայացրել է նաև թշնամու իրականացրած մշակութային եղեռնը, ավերածությունները, թալանը։ Ցնցող, սարսափազդու եղելությունը պատկերելով առաջին պլանում, իրականում, այս ամենի կոնտեքստում, առավել ցցուն է հայ ժողովրդի բարոյական, հոգևոր բարձր արժեհամակարգի մեկնաբանումը։ 1915-ին Սուրենյանցը, շուրջ կես տարի լինելով Էջմիածնում, կատարել է նաև գաղթականների ազգային տարազներով ջրաներկեր, գծանկարներ և այլն։  

- Հայաստանում և սփյուռքում շատ նկարիչներ են պատկերել հայոց ցավը։ Ի՞նչ տարբերություններ և նմանություններ կառանձնացնեիք ցեղասպանությունը պատկերող հայաստանցի և եղեռնը վերապրած սփյուռքահայ նկարիչների գործերում։
- Այստեղ առանցքային է նախ ժամանակաշրջանը, այսինքն Եղեռն վերապրած, այն իր սեփական մաշկի վրա զգացած անհատների համար, թեման, բնականաբար, առավել խոցելի էր ու այն ոչ միայն իր ժողովրդի, այլև անձնական պատմության ցավն էր։ Ուստի նրանց մոտեցումը, գուցե, առավել զգացմունքային էր, ցավից անէացած։ Վանում ծնված, Վանի հերոսամարտի ղեկավարներից մեկը՝ ազգային-ազատագրական պայքարն իր կենսակերպը դարձրած արվեստագետ Փանոս Թելմեմեզյանը (1865-1941) Ցեղասպանության թեմայով կտավներ է կերտել՝ «Գաղթականը» (1901), «Հայ գաղթականները ողբում են իրենց հայրենիքը» (անթվակիր), «Մայրը դիակների մեջ որոնում է որդուն» (անթվակիր) և այլն։ Թերլեմեզյանի ստեղծագործությունն առավել ընկալելի է դառնում, երբ ծանոթանում ես նրա հուշերին, թե՛ հայրենիքի այդ ծանր ժամանակաշրջանի, թե՛ իր արվեստակիր ընկերների մտերմության, նաև գեղեցիկ, անհոգ օրերի մասին։ Արվեստագետն իր հուշերում անասելի հուզիչ և պատկերավոր է նկարագրում իր վերջին հանդիպումը մտերիմ ընկերոջ՝ հանճարեղ Կոմիտասի հետ։ Ի դեպ, հետագայում, շատ ու շատ անվանի ստեղծագործողներ հենց Կոմիտասի կերպարն էին նույնացնում Եղեռնի թեմայի, մարդկային անասելի ցավի հետ, քանի որ Կոմիտասը հայ ժողովրդի ցավը դարձրել էր իրենը, իսկ իր ցավը հետագայում դարձավ հայ ժողովրդինը։ Հայկական բնանկարի հիմնադիր, մայր բնության խաղաղ տեսարանների մեծ պոետ Գևորդ Բաշինջաղյանը (1857-1925) ևս անդրադարձել է Արևմտյան Հայաստանում տիրող արյունալի դեպքերին՝ «Փախստականների ճանապարհը» (1915), «Հրդեհ Հայկական գյուղում» (1919) և այլ ստեղծագործություններում։ 
Եղեռն վերապրած ավագ սերնդի ներկայացուցիչները, անկախ այն բանից, թե ինչ թեմաներ են արծարծել, անշուշտ դրանցում «ներկա» է եղել իրենց մանկությունը, պատմության այն դաժան իրողությունը, որ ճակատագրեց մի ողջ ժողովրդի։ Ոստանիկ Ադոյանը (Արշիլ Գորկին, 1904-1948), Գառզուն (1907-1999) ամբողջ կյանքում իրենց ստեղծագործության վրա կրեցին ցեղասպանության կնիքը։ 
Գրքային արվեստի նվաճումներից, կցանկանայի նշել, ծնունդով Երևանից Գրիգոր Խանջյանի «Անլռելի զանգակատուն» պոեմի համար արված նկարազարդումները՝ Կոմիտասի կյանքի տարբեր փուլերը պատկերող գրաֆիկական թերթերով։ 
Ինչպես արդեն նշեցի, այս հարցազրույցի շրջանակում անհնար է ամբողջապես անդրադառնալ կերպարվեստում Ցեղասպանությանը նվիրված թեմային, առավել հանգամանալի պատկերացում կազմելու համար խորհուրդ կտամ ծանոթանալ «Ուրբաթ» լրագրում 1992-ին տպագրված Լևոն Չուգասզյանի՝ «Մեծ եղեռնը և հայոց հերոսամարտը հայ արվեստում» և 1991-ին «Նորք» հանդեսում լույս տեսած «Հայկական ջարդերը, ազատամարտը և հայ արվեստագետները» հոդվածներին, Շահեն Խաչատրյանի «Ցավի գույնը, Եղեռնի անդրադարձը հայ նկարչության մեջ» (2010), Լևոն Չուգասզյանի «Արշակ Ֆեթվաճեան» (2011) աշխատություններին, Պատմաբանասիրական հանդեսում (2015) Արարատ Աղասյանի հեղինակած «Համիդյան ջարդերի և Մեծ Եղեռնի արտացոլումը հայ կերպարվեստում (1894-1923թթ.)» հոդվածին, Արարատ Աղասյանի՝ Հայ կերպարվեստի և կիրառական արվեստի կորուստներն Օսմանյան կայսրության տարածքում (2018) և Կոմիտասը հայ նկարիչների և քանդակագործների աչքերով (2019) աշխատություններին։

- Ամենևին չնսեմացնելով այլ հեղինակների գործերը՝ կխնդրեի անդրադառնալ հայ արվեստում իմպրեսիոնիզմի հետևորդ Եղիշե Թադևոսյանի գործերում հայոց եղեռնի արտացոլանքին։
- Ծնունդով Էջմիածինից Եղիշե Թադևոսյանը (1870-1936), 1895-ին ստեղծեց «Դեպի պանդխտություն» կտավը, որը ներկայացնում է մոր գերեզմանին հրաժեշտ տվող որդուն և ամուսնուն։ Ողբերգական տեսարան, հրաժեշտ հայրենիքին, հարազատ բնօրրանին, բայց այստեղ, կարծում եմ, առավել ողբերգական է վերնագիրը՝ «Պանդխտություն»։ Պանդխտություն, պանդուխտ բառի թարգմանությունը (ռուս. странствие, скитание, անգլ. pilgrimage, transmigration, wandering և այլն) վերջինները և մնացյալ տարբերակները համարժեք չեն բուն իմաստին ու չեն արտահայտում պանդխտության ողջ էությունը։ Այս ամենին, գուցե, կա մի բացատրություն՝ այն առավել հատուկ է, թերևս, հայ ժողովրդին ու մեզ համար ավելին է քան սոսկ բառը, այն ճակատագիր է։ Ցավոք... 
Թադևոսյանը մարմնավորել է նաև մտերիմ ընկերոջը՝ Կոմիտասին։ Իր իմպրեսսիոնիստական ոճին բնորոշ, նա հեղինակել է Մուսա լեռան՝ 1915-ի հերոսական պայքարը ներկայացնող մի կոմպոզիցիա։ 
- Անդրադառնանք Ժանսեմի՝ ցեղասպանությանը նվիրված գործերին (առանձին նկարների ստեղծման շարժառիթներ, ժամանակ, նկարչական ոճ)։
- Ծննունդով Արևմտյան Հայաստանի Սելեզ գյուղից, Ֆրանսահայ նկարիչ Ժանսեմը՝ Հովհաննես Սեմերջյանը (1920-2013), մանկությունը անց է կացրել Հունաստանի Սալոնիկում, իսկ հոր մահից հետո, 1931 թվականին, ոտքի բուժման նպատակով, մոր հետ տեղափոխվել և հաստատվել է Փարիզի Իսի լե Մուլինո արվարձանում։ Ժանսեմը Ֆրանսիայում ծնունդ առած Միզերաբլիզմ ուղղության վառ ներկայացուցիչներից էր։ Հայոց Ցեղասպանությանը վերաբերող՝ ահասարսուռ, ողբերգական նկարաշարում կատարվածի փաստագրական վավերացումներն են։ Մանուկ տարիքում ամբարած այդ բոլոր պատմություններն անկարող էին չկերտել երեխայի հոգեբանությունը։  Ժանսեմը ութսունն անց էր, երբ սկսեց նկարել «Կոտորած» շարքը, ընդհանուր առմամբ 34 աշխատանք։  Ստեղծագործության հիմքում իրական, վերապրած պատմությունն է։ Այստեղ չկա մտացածին և ոչինչ, Ժանսեմն իր կենսագրությամբ, կենդանի, նյարդային, զգացմունքային ու էքսպրեսսիվ իր արվեստով հայկական ողբերգության թեման դուրս բերեց զուտ ազգային համատեքստից՝ դարձնելով այն  համամարդկային։ Նկարաշարը նա նվիրաբերել է Հայոց Ցեղասպանության թանգարանին։

- Հայաստանում և այլ երկրներում ո՞ր պատկերասրահներում են ներկայացված հայոց ցեղասպանության նկարների հավաքածուները, ի՞նչ մեսիջ են դրանք պարունակում՝ ուղղված ժամանակակից և <<քաղաքակիրթ>> աշխարհին։

- Հայաստանի և նրա սահմաններից դուրս աշխարհի տարբեր պետությունների, քաղաքների հեղինակավոր թանգարաններում (Վենետիկ, Փարիզ, Լոնդոն, Նյու Յորք, Վաշինգտոն, Բեյրութ, Մինսկ, Թեոդոսիա, Մախաչկալա, Ալմա-Աթա և այլն)։
Մեսիջը, ուղերձը այն է, որ քաղաքակիրթ և առողջ հասարակությունը նաև արվեստի այս ստեղծագործությունների շնորհիվ համամարդկային դատապարտման ենթարկի նախորդ դարասկզբին Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանությունը՝ բացառելով հետագա նմանատիպ ոճրագործությունը մարդկության հանդեպ։ Ցավալի է, որ հենց Թուրքիան ցայսօր հրաժարվում է առերեսվել սեփական իսկ ամոթալի անցյալի հետ։

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am